Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շուրջ աղմկահարույց պատմությունները չեն դադարում, սակայն փորձը ցույց է տվել, որ իրավապահները նրա գործողությունների վրա աչք են փակում: Արդյունքում քաղաքապետը ջրից չոր է դուրս գալիս:
Դեպք առաջին
2017 թվականի նոյեմբերի 6-ին Գորիսի քաղաքապետ ընտրված ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների տեսադաշտում, սակայն փորձը ցույց է տվել, որ իրավապահները. ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով. մշտապես չնկատելու են տվել նրա արարքները: Իսկ ի՞նչ կրիմինալ պատմությունների կիզակետում է հայտնվել քաղաքապետը: 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստ էր տեղի ունեցել։ Նիստից մեկ ժամ անց քաղաքապետ Առուշ Առուշանյանն ընդմիջում էր հայտարարել, եւ ավագանու անդամները գնացել էին քաղաքապետ Առուշանյանի հետ սուրճի ընդմիջման: Այդ ընթացքում քաղաքապետ Առուշանյանի եւ ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջեւ խոսակցություն էր սկսվել Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի խնդիրների շուրջ: Բանն այն է, որ ավագանու անդամ Լյովա Արզանյանը Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի որդին է: Եվ, ահա, ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ էր արել է, թե ինչու չի հետաքրքրվում Ներքին Խնձորեսկի խնդիրներով: Այս հարցերի արդյունքում ավագանու եւ քաղաքապետի խոսակցությունը թեժացել է, որի ժամանակ ավագանու մոտ 13 անդամների ներկայությամբ քաղաքապետ Առուշանյանը ծեծի էր ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին:
Իրավապահները կատարվածին ընթացք տվեցին, եւ, ահա, մեկ ամիս անց՝ 2018 թվականի նոյեմբերին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը հայտնեց, որ հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ չի հարուցվել:
Դեպք երկրորդ
Ըստ էության, եթե իրավապաները «դաս տային» Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշայնանին, ապա ավագանու անդամ Լյովա Արզանյանը իր սեփական ձեռքերով արդարադատություն չէր իրականացնի: Իրավապահների կողմից քրեական գործ չհարուցելուց եւ քաղաքապետին չպատժելուց հետո Լյովա Արզանյանը իր մտերիմներից ոմն Աշոտի հետ, ինչպես նաեւ այլ անձանց հետ մահակներով ներխուժեց Խնձորեսկի համայանքապետարանի շենք եւ փորձել հաշվեհարդար տեսնել քաղաքապետ Առուշանյանի հետ: Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին, եւ այս դեպքն էլ գրվեց սառույցին:
Դեպք երրորդ
Օրես մամուլը գրեց, որ Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ միջադեպ է եղել: Վերջիններս առեւանգել են Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Քրեական գործով փաստաբան Լուսինե Զեյնալյանը լրատմավիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող մթերային խանութներից մեկում. «Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ է ընթացել, սակայն հետո կենցաղային խնդիրներ են առաջացել. հաշվարկ են կատարել եւ 33 միլիոն դրամի պահանջ է ներկայացվել տուժողին, թե չէ ձեռքից կխլեն որշակի գույք»: Ըստ պաշտպանի՝ երիտասարդը չի կարողացել վճարել նշված գումարը, ինչից հետո, ըստ պաշտպանի, նրա նկատմամբ բռնություններ են կիրառվել: Դեպքի առթիվ ՀՀ քնչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (>Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է mի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով», պատիժը՝ ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով («Ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով», պատիժը՝ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը նախաքննական մարմիններին հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել եւ, առհասարակ, չի էլ ընդունում իր մեղքի բաժինը: Ասել է թե՝ Առուշ Առուշանյանը, ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ չի ընդունում, որ նման բան է արել: Այնպիսի տպավորություն է, որ այսքանով Առուշանյանի անձի հետ կապված քրեական քրոնիկան ավարտվում է, սակայն պատկերը միանգամայն այլ է:
Դեպք չորրորդ
2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը հայտնել էր, որ ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք է բացահայտվել: Մասնավորապես, Սյունիքի մարզի Խնձորեսկի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին եւ 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները, իբր, վերականգնելու խնդրանքով: Հայտնել էր, թե, իբր, շենքերն ինքն է կառուցել, բայց կառուցման հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն պահպանվել:
Սակայն նախնական քննությամբ պարզվել է, որ դիմողի ընտանիքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի օգտագործել է շինությունները: Պարզվել է նաեւ, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել ծառայողական պարտականությունները. շինությունների պատկանելությունը ստուգելու փոխարեն բավարարել են դիմումը բացառապես քաղաքացու ներկայացրած տվյալներով, կազմել եւ համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացրել գույքային իրավունքները վերականգնելու եւ անձի սեփականությունը համարելու մասին համապատասխան որոշումներ: Քաղաքացին նշված որոշումները ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանում, իր անվամբ ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 4,250,000 դրամի խանութի եւ բաղնիքի շենքերը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով դարձյալ անցնում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մասնավորապես՝ այն դրվագով, որ նա է այդ դիմումի տակ ստորագրող անձը եղել, եւ հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության, որի եզրակացությունից հետո շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի՝ մինչ օրս քաղաքապետը դեռեւս կարգավիճակ չունի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց՝ արդյոք քաղաքապետի անվան շուրջ քննվող վերոնշյալ երկու քրեական գործերը միացվել են եւ քնվում են նույն վարույթում: Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ քրեական գործեըը քննվում են առանձին:
Վարկած 5-րդ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` իրավապահները ուսումնասիրում են քաղաքապետ Առուշանյանի՝ բանակից ազատման գործընթացը: Ասել է թե` փորձում են պարզել` նա ինչ ճանապարհով է բանակից ազատվել, եւ արդյոք այդ ազատման գործընթացը օրինական է եղել, թե ոչ: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դատախազությունը նման խնդրի կապակցությամբ դիմում չի ստացել, եւ իրենք տեղեկացված չեն նման քրեական վարույթի վերաբերյալ: Չնայած դատախազությունը հայտնել էր, որ տեղեկացված չէ, սակայն մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ իրավապահ համակարգում ուսումնասիրում են քաղաքապետի՝ բանակից ազատվելու հարցը:
Ի՞նչ ունենք այսօր: Ստացվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի անվան հետ կապված Սյունիքի մարզի քննչական վարչությունում երկու քրեական գործ է քննվում, իսկ թե ինչ ճակատագրի կարժանանան այս քրեական գործերը, դժվար չէ կանխատեսել: Բանն այն է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Առուշ Առուշանյանի կատարած գործողություններին իրավապահները ընթացք չտվեցին, ասել է թե՝ աչք փակեցին, եւ, ահա, այս անպատժելիությունն էլ նոր հանցանքների սկիզբ է դառնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան