Տարաձայնություններ Վճռաբեկ դատարանում․ դատավորները թիմերի են բաժանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին խմորումներ՝ ՀՀ վճռաբեկ դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորները բաժանվել են թիմերի եւ այդպես են որոշումներ կայացնում, ինչի հետեւանքով մի շարք դատական գործեր փակուղում են հայտնվում, քանի որ թիմի բաժանված դատավորները հակասում են միմյանց:
Եվ այսպես, դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների շրջանում լուրջ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում: Ըստ այդմ, մոտ մեկ տարի է, ինչ վարչական պալատի դատավորները բաժանվել են թիմերի եւ խումբ-խումբ են որոշում կայացնում:

Օրինակ՝ դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ մի թիմ են կազմում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը, Մամիկոն Դրմեյանը: Իսկ, ահա, մյուս թիմում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր, ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանը, Էդգար Սեդրակյանը, ԲԴԽ անդամի մյուս դատավոր թեկնածու Արտակ Բարսեղյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ դատավոր Վարդան Ավանեսյանը որեւէ թիմի մեջ չի ընդգրկվել, ասել է թե՝ ոչ մի դատավորի թելը չի թելում: Նա այդ ճանապարհն է ընտրել, որովհետեւ առաջիկայում թոշակի է գնալու եւ չի ցանկանում ներքին խմորումներին խառնվել կամ այս կամ այն դատավորի «պոչը բռնել», թեեւ դատավորներից ոմանք էլ պնդում են, որ նա Երվանդ Խունդկարյանի թիմում է: Հավելենք, որ դատավորներից Գոռ Հակոբյանը եւս որեւէ թիմի կազմում չի ընդգրկվել եւ, ինչպես դատավորներն են ասում, իր իսկ խաղն է խաղում:

Եվ, ահա, դատական համակարգում դատավորների՝ թիմերի բաժանվելը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս: Բանն այն է, որ դատավորների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ այս իրավիճակի ստեղծման հետեւանքով Վճռաբեկ դատարանում ստեղծվել է խառնաշփոթ իրավիճակ: Մասնավորապես, եթե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ է ներկայացվում քաղաքացիական եւ վարչական գործ, եւ Վճռաբեկի վերոնշյալ պալատի անդամները միաձայն պետք է որոշում կայացնեն, թիմի բաժանված լինելու հետեւանքով հակասական կարծիքներ ու որոշումներ են լինում: Այս ներքին տարաձայնություննների հետեւանքով էլ վերջնական որոշումը կայացվում է վերջին պահին` կախված ուժեղ թիմի փաստարկներից: Միաձայն որոշումներ գրեթե չեն լինում:

Ավելին, դատավորներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ կան գործեր, որ վարույթ են ընդունում, սակայն դատավորների՝ թիմերի բաժանվելու հետեւանքով մեկ տարի է՝ որոշում չեն կայացնում Օրինակ՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հարազատներից մեկը բանկի հետ կապված խնդիր ունի, Վճռաբեկի քաղաքացիական եւ վարչական պալատը գործը վարույթ է ընդունել, սակայն մեկ տարի է անցել, ներքին հակասություների պատճառով չեն կարողանում որոշում կայացնել: Ասել է թե` ՀՀ «վերջին դատարանում» առկա ներքին տարաձայնությունների, ներքին խմորումների հետեւանքով տուժում է արդարադատությունը կամ, մեղմ ասած, մտնում է փակուղի:

Ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, դժվար է ասել, բայց կանխատեսումներ կան, որ մի օր կպայթի իրավիճակը, քանի որ դատարան դիմում ներկայացրած անձինք կհասկանան դատարանի ներքին իրավիճակը եւ չեն լռի, քանի որ դատավորների ներքին խառնաշփոթը հակասում է իրենց շահերին:

Ինչեւէ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար զրուցեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հասկանալու համար, թե նա տեղյակ է առկա իրավիճակից, թե ոչ, եւ ինչ քայլեր է ձեռնարկում: Ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց. «Նման տեղեկությունների չեմ տիրապետում եւ, առհասարակ, տեղյակ չեմ, որ դատավորները բաժանվել են թիմերի: Բայց եթե դատավորների շրջանում նման խոսակցություններ կան, ու այդ խոսակցությունները իրականություն են, ապա այդ փաստը խիստ մտահոգիչ է: Կրկնում եմ՝ Վճռաբեկ դատարանում Ձեր կողմից նշված իրավիճակի մասով տեղեկությունների չեմ տիրապետում»:

Քնար Մանուկյան




Լրահոս