Դեռևս մի քանի օր առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2020թ-ն անկումային է լինելու համաշխահային տնտեսության համար և չնայած ՀՀ-ի պարագայում կանխատեսումները դրական են, բայց երկիրը կորցնելու է աճի այն տեմպը, որ կար 2019թ-ին՝ հավելելով, որ այս վիճակն ընկալվում է որպես նոր հնարավորություն:
Եվ ահա, երեկ կառավարության նիստում ընդունվեց գյուղատնտեսության խթանման նոր ծրագիր, ըստ որի՝ երկրում բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն, առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող և նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար:
ArmLur.am-ը նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների, հնարավոր ռիսկերի և այլ հարցերի շուրջ զրուցել է Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ։
«Վաղուց էր պետք նման վճռական քայլեր իրականացնել, ուղղակի ժամանակի հարց էր։ Ես կարծում եմ, որ դա արագ արդյունք չի կարող տալ,-ասաց նա։
Ինչ վերաբերվում է գյուղատնտեսական կոոպերատիվներին Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ տարիների փորձը ցույց է տվել, որ մեր երկրի մենտալիտետը թույլ չի տալիս իրականացանել կոոպերատիվներ։
«Ինչպես նաև մեր հողատարածքների փոքր չափերը չի շահագրգռում, չի խթանում կոոպերատիվների զարգացմանը, յուրաքանչյուրն իր փոքր հողակտորի վրա, այնքանով որքանով , որ կարողանում է ներդրումներ կատարել, արդյունքներ ունենալ, կարողանալ իրացնել, դրանով սահմանափակվում է։ Նախկինում կոոպերատիվներ ստեղծվել էին առատ օգատգործողների կողմից, բայց դրանք երկար կյանք չունեցան, փուչիկի պես պայթեցին, քանի որ ստեղծվել էին արհեստականորեն, դա կարծես, թե ինչ-որ շինծու բան լինի, գայթակղում են ինչ-որ բան տալիս, հետո շարունակական աջակցություններ չի լինում։ Կոոպերատիվները պետք է ստեղծվեն որոշակի գաղափարաների շուրջ, հակառակ դեպքում այն չի կարող գոյատևել։ Բացի դա կոոպերատիվներին պետք է նախագահ նշանակվի, որին պետք է վճարեն բավարար ամբողջ տարվա համար, նա պետք է ունենա հաշվապահ, ու նման էլի ծախսեր։ Իսկ ամբողջ աշխարհում ցանկացած կազմակերպություն խուսափում են մտնել հարկային դաշտ»,-նկատեց նա։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի խոսքով՝ մեր գյուղատնտեության զարգացմանը շատ է խոչընդոտում հողերի ծավալների փոքրությունը։
«Սա գաղափար է, կարելի է այդ ուղղությամբ աշխատել, բայց ես կոոպերատիվների զարգացման գործում, ցավոք մեծ լավատեսություն չունեմ, և նորից եմ ընդգծում նպատակային ծրագրերը պետության կողմից, աջակցությունը զրոյական տոկոսադրույքով վարկերի տրամադրումը, մեծ աջակցություն է։ Սա պետք է արդեն արված լիներ անցած տարվա աշնանը, որպեսզի գյուղացին պատրաստ լիներ գարնանացանին, իսկ սա արդեն այս տարվա համար ուշ է»,-մեզ հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Գառնիկ Պետրոսյանը։
Լիդա Եղիազարյան