ԿԸՀ-ն մեծ աշխատանք ունի կատարելու՝ կան բացեր․ Անի Սամսոնյանը Մարտակերտում է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին Արցախում կայացած նախագահի ընտրությունը դեռեւս հանգուցալուծում չի ստացել, քանի որ, ինչպես եւ կանխատեսվում էր, ապրիլի 14-ին պետք է տեղի ունենա նախագահի ընտրության երկրորդ փուլը: Սպասվում է, որ առաջիկա տասը օրերը եւս Արցախում լարված կլինեն:

Սպասվող ընտրությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։

-Տիկի՛ն Սամսոնյան, Դուք Արցախի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն էիք իրականացնում: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների թափանցիկությունը, արդյոք խախտումներ գրանցե՞լ եք ընտրություններում:

-Ես Մարտակերտում եմ եղել ընտրությունների ժամանակ, որտեղ իրավիճակը խաղաղ է եղել, տեղամասերում են ընթացակարգային խախտումներ եղել՝ կարգավորման հետ կապված, վստահված անձերի բեյջերի կրման հետ կապված, հանձնաժողովների անդամների պարտականությունների հետ կապված: Հանձնաժողովի անդամները լավ չեն տիրապետում Ընտրական օրենսգրքին, ընթացակարգային իրավական նորմերին, եւ այստեղ ԿԸՀ-ն մեծ աշխատանք ունի կատարելու, ու կան բացեր, որոնք պետք է շտկվեն: Եղել են կուտակումներ, բայց դա որեւէ կապ չունի մարդկանց բերելու հետ: Որքան տեղյակ եմ, միայն Մուշ համայնքում է եղել միջադեպ, եւ լավ է, որ ոստիկանությունը օպերատիվ արձագանքել է: Բայց լավ էր, որ նման դեպքերը զանգվածային բնույթ չեն կրել, անցել են ընտրությունները իսկապես հանդարտ, խաղաղ, ու չի եղել մի բան, որը կազդեր ընտրությունների արդյունքի վրա:

-Ըստ տեղեկությունների՝ Արցախում այս օրերին ավելի լարված է լինելու՝ կապված նախագահի ընտրությունների երկրորդ փուլի հետ: Դուք ի՞նչ եք կարծում, արդյոք ԼՂՀ-ում շարունակվելո՞ւ է լարված մթնոլորտը մինչեւ նոր ընտրությունները:

-Բնականաբար, եթե մնում են երկու թեկնածուները, որոնք հավաքել եմ ամենաշատ ձայները, ասել, թե լարվածություն չի լինի՝ քաղաքական լարվածություն, սխալ կլինի: Այո, դա շատ բնական է ընտրական գործընթացների համար, այլ բան է, որ այդ լարվածությունը չվերածվի վիճաբանությունների: Կարծում եմ, որ Արցախի իշխանությունները կանեն ամեն ինչ, որ այլ միջադեպեր չլինեն: Փաստ է, որ արցախցիները կարեւորում են թե՛ նախագահի եւ թե՛ խորհրդարանական ընտրություննները, ինչը ապացուցվեց մասնակցության տոկոսով: Պետք է ամեն ինչ անել, որ լարվածություն, վիճաբանություն չլինի, պետք է իսկապես պատրաստվել լավ ընտրությունների:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս