«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը DJ Սերժոն է: Նա խոսել է մասնագիտական նրբությունների, Հայաստանում դիջեյության վերաբերյալ ձեւավորված կարծրատիպերի, անձնական կյանքի, կին-տղամարդ հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ: Սերժոն տեսակետ է հայտնել, որ կնոջ գլխավոր հատկությունը համարում է հասունությունը, իսկ հարաբերությունների հաջող կառուցման գրավականը՝ սերը, փոխըմբռնումն ու հարգանքը: Դիջեյը խոստովանել է, որ վերջերս իրեն ամենահաճախ տրվող հարցը ամուսնության թեմայով է: Նա նշել է, թե որն է «սեր» բառի հոմանիշը:
-Սերժո, Ձեր կարիերայի բեկումնային պահը ո՞րն եք համարում, մի պիկ, որից հետո սկսվեց Ձեր աստղային ժամը:
-Իմ առաջին ալբոմը թողարկելուց հետո: Չէի պատկերացնում, որ նման հաջողություն կունենամ: Դրանից հետո պարտավորված զգացի, որ թողարկեմ երկրորդ, երրորդ, չորրորդ ալբոմները…Այդպես շարունակում եմ թողարկել մինչեւ այսօր:
-Դերասանությունը Ձեզ համար մասնագիտություն է, թե՞ հոբբի:
-Ոչ, դա մասնագիտություն չէ, պարզապես միշտ ցանկացել եմ փորձել ինքս ինձ այդ ամպլուայի մեջ: Սիթքոմում նկարահանվելու առաջարկ ստացա, սիրով ընդունեցի: Ինձ համար չափազանց հաճելի էր լավ մասնագետների հետ հանդես գալը: Եթե կրկին ինձ համապատասխան դերով ներկայանալու առաջարկ ստանամ, կընդունեմ:
-Ձեզ կարող է ուրախացնել անգամ…
-Շատ մռայլ եղանակը:
-Բեմ դուրս գալիս դիջեյը պետք է…
-Ինձ համար դիջեյը արտիստ է, նա պետք է համապատասխանեցնի իր եւ ներկաների էներգետիկան ու տրամադրությունը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել ջերմ մթնոլորտ:
-Ո՞րն է Ձեր սիրելի արձանը Երեւանում:
-Առհասարակ, մայրաքաղաքում ինձ շատ հոգեհարազատ է Կասկադը, որտեղ հաճախ եմ լինում, այդ հատվածում ինձ համար առավել սիրելի է Ալեքսանդր Թամանյանի արձանը, որը Երեւանի սիմվոլներից է:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է կնոջ գլխավոր հատկությունը:
-Խելացի եւ հասուն լինելը: Այդ միքսը շփման մեջ կարող է ներդաշնակության բերել:
-Կա՞ դիջեյների մասին մի կարծրատիպ , որը Ձեզ նյարդայնացնում է: Մեր հասարակությունը ճի՞շտ է ընկալում դիջեյի ֆունկցիաները:
-Ինձ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ շատերը չեն հասկացել՝ դիջեյը երգչի պես արտիստ է, նա այն մարդը չէ, որը գալիս է ինչ-որ բան նվագելու, որին կարող են օրակարգ թելադրել: Նա գալիս է իր հստակ ծրագրով: Մեր հասարակությունում դեռ չեն ընկալում այդ մասնագիտության բնույթը:
-Նշեք մի հարց, որ վերջերս հաճախ են տալիս Ձեզ:
-«Ե՞րբ ես ամուսնանալու»: Ես պատասխանում եմ. «Վաղը»:
-«Սիրել» բառի հոմանիշը ո՞րն է:
-Եթե խոսքը կին-տղամարդ հարաբերությունների մասին է, երեւի հոմանիշը փոխըմբռնումն է:
-Ո՞վ է բոլոր ժամանակների Ձեր հերոսը:
-Ծնողներս:
-Ինչի՞ց կամ ումի՞ց կարող եք անվերջ ոգեշնչվել:
-Կյանքի տարբեր փուլերում տարբեր մարդիկ են ոգեշնչել ինձ: Առհասարակ, ամեն բան կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ ինձ համար:
-Ձեր բնավորության մի գիծ, որից սովորաբար դժգոհում են մտերիմները:
-Երեւի անհամբեր եւ նյարդային լինելու միքսը:
–Եթե փախուստ, ապա՝ ուր:
-Այնտեղ, ուր լուռ է, հանգիստ, ուր կարելի է հավաքել մտքերն ու վերադառնալ դրական էներգիայով լիցքավորված:
-Ձեր ամենահայտնի մականունը:
-Չունեմ եւ չեմ ունեցել:
-Քաղաքականությամբ հետաքրքրվու՞մ եք:
-Այնքան, որքան ամեն մի քաղաքացի: Անհանգստանում եմ երկրիս համար, ինչպես բոլորը:
-Շարունակեք միտքը. «Կյանքը պայքար է, բայց պետք չէ մոռանալ…»
-Որ պայքարի հետ մեկտեղ պետք է ապրել կյանքը, փորձել դրական լիցքեր ընդունել եւ հաղորդել, որպեսզի հաջորդ պայքարի համար ուժ ունենանք:
Աննա Բաբաջանյան