Ցանկացած խմբակցություն հնարավորություն կստանար իր գործողություններով հանգեցնել նոր ընտրությունների․ Ռուբեն Մելիքյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի աջակիցները հայտարարություններ էին տարածում՝ նաեւ ընտրությունների առաջին փուլն անվավեր ճանաչելու առնչությամբ։ Օրինակ նշվում էր, որ ըստ Արցախի Սահմանադրության Ազգային ժողովը կազմված է նվազագույնը 27 և առավելագույնը 33 պատգամավորներից։ Եթե ԱԺ անցած քաղաքական ուժերը որոշում կայացնեն չստանձնել առնվազն իրենց 7 մանդատները, Ազգային ժողովում կմնա 26 պատգամավոր։ Նման պարագայում Ազգային ժողովը կհամարվի չձևավորված, կնշանակվի Ազգային ժողովի նոր ընտրություններ, հետևաբար նոր նախագահական ընտրություններ, քանի որ ըստ Արցախի Սահմանադրության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունենում միաժամանակ։

ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է Արցախի հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

-Արցախի հանրապետության Սահմանադրության 107 հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովը բաղկացած նվազագույնը 27 և առավելագույնը 33 պատգամավորից, բայց դա բացարձակապես ոչ մի առնչություն չունի ընտրական պրոցեսում պատգամավոր դարձած անձանց հետ, դա ընդամենն այն նվազագույն և առավելագույն սահմանն է, որը սահմանադիրը թողնում է օրենսդրին որոշելու պատգամավորների ընդհանուր թիվը։ Օրենսդիրը կարող է որոշել։ Օրենսդիրն այս պահի դրությամբ որոշել է, որ Ազգային ժողովի պատգամավորների թիվը 33 է, և դա առնչություն չունի այ խնդրի հետ, որը Դուք եք բարձրաձայնում»։

-Պարո՛ն Մելիքյան, եթե ինչ-որ թվով պատգամավորներ մանդատներից հրաժարվեն, ի՞նչ տեղի կունենա։

-Դրա կարգավորումը բոլորովին այլ է, դա ընտրական օրենսգրքի 170-րդ հոդվածն է, որը սահմանում է շատ պարզ կանոն, եթե ստեղծվում է նման իրավիճակ, ապա չբախշված մանդատները մյուս խմբակցությունների միջև են բախշվում մեծից փոքր մեկական մանդատ բանձևով։

-Այդ դեպքում, արդյոք տեսականորեն հնարավո՞ր էր ունենալ Ազգային ժողովի նոր ընտրություններ։

-Դա իրավունքի բուն էությանը կհակասեր, քանի որ այս դեպքում կստացեր, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ չտարած ցանկացած խմբակցություն հնարավորություն կունենար կամ մեծամասնություն չունեցող ցանկացած խմբակցություն հնարավորություն կստանար իր գործողություններով հանգեցնել նոր խորհրդարանական ընտրությունների, ինչը հակաիրավական, հակաժողովրդավարական և հակտրամաբանական կլիներ։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս