Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ զրուցել է Հայաստանում թատրոնի՝ որպես ինքնաբավ կառույցի կայացման, հայ հանդիսատեսի կրթական ցենզի եւ «Թատրոնի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության թեմաներով:
-Պարո՛ն Բաբայան, այսօր հայ թատրոնը կարողացե՞լ է դառնալ կայուն հանդիսատեսով, ինչո՞ւ ոչ, ֆինանսապես անկախ կառույց:
-Հայկական տարբեր թատրոններում մշտապես հետաքրքիր ներկայացումներ են ծնվում. դա՝ միանշանակ: Այդ կառույցները համալրվել են երիտասարդ ռեժիսորներով, դերասաններով, ինչը բավական ուրախալի է: Պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանց տաղանդն ի հայտ գա: Մեծ խնդիր եմ տեսնում թատրոնի ադմինիստրատիվ գործունեության ձեւի մեջ, որը, ցավոք, դժվար է ենթարկվում փոփոխությունների: Այսօր, երբ աշխարհում թատրոնները ձերբազատվում են բոլոր հնարավոր սահմանափակումներից, մեր թատրոնները ադմինիստրատիվ առումով մնացել են սովետական մոդելին հավատարիմ: Եվս մեկ կարեւոր խնդրի մասին կցանկանամ խոսել: Առհասարակ, զարգանում է այն ոլորտը, որտեղ կատարվում են ֆինանսական ներդրումներ: Թատրոնների դեպքում հեծանիվ հորինել պետք չէ: Բազմաթիվ երկրներում կիրառվում է «Մեկենասության մասին» օրենքը, ըստ որի՝ թատրոնին հովանավորողն ազատվում է մի շարք հարկերից: Այսպիսով բիզնես ոլորտն ու մշակութային դաշտը կապվում են միմյանց հետ: Թատրոնը փակ կառույց չէ, այն կապակցված է մի շարք ոլորտների հետ: Ընդհանրապես, պետությունը վատ մենեջեր է: Ամբողջ աշխարհում է այդպես: Թատրոնները որքան ինքնուրույն լինեն եւ ազատ, այնքան հեշտ կլինի տաղանդներին բացահայտելը: Բայց միեւնույն ժամանակ ուզում եմ շեշտել՝ միամիտ կարծիք է, երբ ասում են, թե թատրոնները կարող են իրենք իրենց ֆինանսավորել: Նույնիսկ Բրոդվեյի թատրոնները ե՛ւ պետությունից, ե՛ւ հովանավորներից ստանում են ֆինանսական աջակցություն: Վերջիվերջո, մենք գործ ունենք արվեստի հետ, վարկանիշային մտածողությունն այս պարագայում չի աշխատում: Եթե մենք շարժվենք այն սկզբունքով, թե ինչ է ուզում տեսնել մեծամասնությունը, երբեւէ լուրջ գործեր չենք ստեղծվի:
-«Թատրոնի մասին» չարչրկված օրենքն ի վերջո Հայաստանում ե՞րբ կընդունվի, տեղյա՞կ եք՝ դրա մշակումն ինչ փուլում է: Տարիներ շարունակ թատրոնի մարդիկ պնդում են դրա անհրաժեշտության մասին, տեղի են ունենում քննարկումներ, իսկ օրենքն այդպես էլ չի ընդունվում:
-Անկեղծ ասած,, տեղյակ չեմ: Ինքս շուրջ հինգ անգամ եղել եմ համապատասխան հանձնաժողովի անդամ: Ամբողջ խնդիրն այն է, որ օրենքի այն կետը, որը վերաբերում է մեկենասությանը, Ֆինանսների նախարարությունը մերժում է: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք պետք է փոխենք պետության մասին մեր պատկերացումը: Պետությունը միայն Ֆինանսների նախարարությունը չէ, թատրոնը եւս պետություն է: Եվ երբ ներդրողը գումար է տալիս թատրոնին, նշանակում է, որ գումար է տալիս հենց պետությանը:
-Պարո՛ն Բաբայան, մեր հանդիսատեսի կրթական ցենզը վերջին տարիներին բարձրացե՞լ է:
-Կոնկրետ մեր թատրոնը լայն գործունեություն է ծավալում՝ հանդիսատեսի դատին հանձնելով ներկայացումներ երեխաների եւ մեծահասակների համար: Շատ սխալ կլինի, եթե թատրոնները մտածեն միայն հանդիսատեսի քանակի մասին: Կրթական համակարգը պետք է կապվի մշակույթի հետ: Այն, որ աբոնեմենտային համակարգը վերականգնվում է, դրական քայլ է: Իրական արվեստը հասկանալու, ճանաչելու համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ են պետք: Դա նման է այն երեւույթին, որ հղի կինը լսում է դասական երաժշտություն, պտղին դեռ սաղմնային վիճակում պատրաստում է բարձր արվեստն ընկալելուն:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՀԵՌՈՒ ԵՄ ՄՆՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՏԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ»
«Մեր թիմը եւս արդեն դադարեցրել է նկարահանումները: Հիմա բացառապես տանն եմ, փորձում եմ հնարավորինս հեռու մնալ նույնիսկ տան անդամներից. միասին չենք ընթրում, նույն սենյակում չենք մնում, կոնտակտի դուրս չենք գալիս, այն ամենին, ինչին դիպչում եմ, ախտահանվում է սպիրտով: Դրսում եւս զգույշ եմ, բայց տանը պատասխանատվության մակարդակն ամեն ինչից վեր է. միակ ելումուտ անողը ես եմ», -«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով մինչեւ վերջերս նկարահանվում էր «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում:
Դերասանուհու համոզմամբ՝ ստեղծված իրավիճակին հարկավոր է լուրջ վերաբերվել. «Երբեմն տեսնում եմ, որ քաղաքի կեսը դրսում է, մարդիկ շրջում են ազատ, առանց պաշտպանվելու, խմբերով: Ճիշտ եմ համարում, որ Հայաստանն էլ սկսեց կիրառել կտրուկ միջոցներ, քանի որ մեր երկրի եւ բնակչության մասշտաբների համար վարակը ցավալիորեն արագ է տարածվում»,-նկատեց Իննան:
Հարցին, թե այս շրջանում ինչ երեք գիրք եւ ֆիլմ խորհուրդ կտա իր երկրպագուներին ընթերցել եւ դիտել, դերասանուհին պատասխանեց. «Այս շրջանում կարող եմ առաջարկել «Заражение», «Разрисованная вуаль», «Последняя любовь на земле» թեմատիկ ֆիլմերը, իսկ գրքերից` Դեն Բրաունի «Ինֆեռնոն», Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին», Քամյուի «Ժանտախտը»»
Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը, ՀՀ ամբողջ տարածքում գործելու են սահմանափակումներ մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Նպատակն այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելն է եւ վարակի հնարավոր տարածումը կանխելը: Հայաստանում, կորոնավիրուսով պայամանավորված, արտակարգ դրություն է հայտարարվել մայիսի 16-ից, այն կշարունակվի մինչեւ ապրիլի 14-ը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄՆԱԼ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, ցանկանում է մնալ Հռոմում առնվազն 1 մրցաշրջան եւս։ Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Sun-ը, մեր ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան արդեն սկսել է բանակցությունները «Արսենալի» հետ։ Նշվում է, որ Ռայոլան ամեն ինչ կանի Մխիթարյանի վարձակալության ժամկետը եւս 1 տարով երկարաձգելու համար։ Մխիթարյանը, հանուն հռոմեական ակումբում խաղալու, պատրաստ է նաեւ աշխատավարձի նվազեցման։
Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաք տեղափոխվելուց հետո մեր ֆուտբոլիստին շատ էին անհանգստացնում վնասվածքները, սակայն վերջին շրջանում Մխիթարյանը ոչ միայն վնասվածք չէր ստանում, այլ դարձել էր նաեւ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Հավելենք, որ Հենրիխը Ա սերիայում արդեն հասցրել է դառնալ 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
ԽՈՍԵԼ Է COVID-19-Ի ՄԱՍԻՆ
Հայաստանի ազգային հավաքականի եւ բուլղարական «Արդայի» ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի մասին։
«Ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ Բուլղարիայում ներքին առաջնությունը դադարեցված է մինչեւ մարտի 29-ը, որից հետո որոշումը կվերանայվի՝ կապված հնարավոր զարգացումների հետ: Այստեղ վիճակը հանգիստ է, մարդիկ տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, եւ առայժմ մարզվում ենք տնային պայմաններում: Հուսամ` այս իրավիճակը, որքան հնարավոր է, շուտ հանգուցալուծում կստանա: Բոլորին մաղթում եմ քաջառողջություն»,- ասել է Հովսեփյանը:
ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԳԱՐՆԱՆԸ
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, որոնք 2020 թվականից տեղափոխվել էին 2021 COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով, կարող են անցկացվել 2021 թվականի գարնանը։ Այս մասին տեղեկացրել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերը տեղափոխելու որոշումը Թոմաս Բախը կայացրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցից հետո։ Հիշեցնենք, որ պանդեմիայի պատճառով հետաձգվել են նաեւ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, Ամերիկայի գավաթի խաղարկությունը, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչները։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ