«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ «Տրանսգազ» ընկերության կողմից սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է ուղարկվել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված հայտի՝ ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել 36 տոկոսով։ Մյուս կողմից՝ բնակչության համար կբարձրանա գազի սակագինը, իսկ իրավաբանական կազմակերպությունների համար կնվազի։
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն առաջարկում է 2020 թվականի հուլիսի 1-ից ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը 100 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 135 հազար 909.6 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այսինքն՝ մեկ խորանարդ մետրի համար 100 դրամից բարձրացնել 135.9 դրամ կամ 36 տոկոսով թանկացնել։
Բայց մյուս կատեգորիաների համար, հակառակը, գազի սակագինը կնվազի։ Օրինակ, ամսական մինչեւ 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 139 հազար դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է նվազեցնել՝ հասցնելով 135 հազար 909.6 դրամի։ Սովորական քաղաքացին 10 հազար խմ գազ չի սպառի։ Ստացվում է, որ ընկերությունն առաջարկում է մոտ 3000 դրամով նվազեցնել։ Նշենք, որ հայտում ներառված են ջերմոցային տնտեսությունները, վերամշակող կազմակերպությունները, որոնք համարվում են մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառում։ Նույնն է նաեւ գազալցակայանների համար. այսինքն՝ բնական գազի բաշխման, ԱԳԼՃԿ-ների համար գործող սակագինը մեկ խմ-ի դիմաց 26 դրամ է, բայց այն առաջարկվում է նվազեցնել՝ հասցնելով 21 դրամ։ Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման համար եւս կնվազի. մեկ խմ համար 25 դրամից առաջարկվում է հասցնել 23 դրամի։ Իսկ, ահա, բնական գազ փոխադրող կազմակերպությունների համար գազի սակագինը կբարձրանա։
Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ՀԾԿՀ ներկայացրած հայտին, տեղեկացրեց, որ հանձնաժողովը դեռ ժամանակ ունի այն քննարկելու։ «Այսպես, թե այնպես, հանձնաժողովը 90 օր ժամանակ ունի այդ հայտը քննարկելու եւ պատասխան տալու համար։ Իսկ 90 օրը եթե ապրիլի մեկից հաշվենք, կստացվի հուլիսի 1-ը։ Հանձնաժողովը նույնիսկ եթե համաձայնի, ապա այն կարող է տեղափոխել հուլիսի մեկին եւ քննարկել այդ ժամանակ։ Ուղղակի իրենք (նկատի ունի ընկերությունը- Ս.Հ.) ունեին ներքին համաձայնություն կառավարության հետ, որ ապրիլի 1-ին իրենք դիմելու են։ Հիմա դիմել են, փաստորեն, իրենք առաջարկել են իրավաբանական անձանց գազի սակագինը վերանայել, նվազեցնել, իսկ ֆիզիկական անձանց համար՝ բարձրացնել, որը շատ սպասելի էր, քանի որ իրենք այլ ելք չունեին, իրենց ներքին ռեսուրսները համարյա թե սպառվել են, չեն կարող իրենք ներքին սպառման հաշվին պահպանել»,- բացատրեց Արմեն Մանվելյանը։
Մասնագետը մեզ հետ զրույցում նկատեց, որ դեռ ընկերությունը պետք է հիմնավորի՝ ինչու է նման առաջարկ ներկայացրել։ «Չէ՞ որ հենց նախատեսվում է գազի սակագինը բարձրացնել ամենախոցելի խավի համար, գուցե ընկերությունը պատճառաբանի, որ ամենաշատ գազը սպառում են հենց փոքր տնտեսությունները»,- նկատեց փորձագետը։
Գազի սակագնի նախատեսվող բարձրացումն, իհարկե, բացասական ազդեցությունը կթողնի քաղաքացու գրպանի վրա։ Շատ հնարավոր է, որ այս ամենի արդյունքում մեր հայրենակիցների մեծ մասը դիմի այլընտրանքային միջոցների։ Օրինակ, վերջին շրջանում Հայաստանում սկսել է զարգանալ արեւային ջերմային էներգետիկան։ Սակայն Արմեն Մանվելյանի խոսքով՝ արեւային էներգետիկայի համար նախատեսված սարքավորումների տեղադրումը բավականին թանկ հաճույք է. «Այն ձեռնտու է, երբ սեփական տուն ունի քաղաքացին, իսկ բազմաբնակարան շենքի համար խնդրահարույց է»։ Մյուս կողմից՝ նկատենք, որ գազի սակագինը չի բարձրանա նաեւ ՋԷԿ-երի համար, նույնը կմնա։
Ըստ փորձագետի՝ տնտեսությունն այժմ լուրջ ճգնաժամի մեջ է՝ պայմանավորված Կորոնավիրուսով. «Փաստորեն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է սակագները որոշ չափով իջեցնել խոշոր սպառողների, ԱԳԼՃԿ-ների, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար։ Թեկուզ չնչին, բայց դա իջեցում է։ Գոնե տնտեսվարողները փոքր-ինչ կշահեն, գուցե նաեւ՝ չնչին, բայց հնարավոր է, որ ԱԳԼՃԿ-ներում նվազեն գները։ Հիմա այլ բան է, որ, այս իրավիճակի հետ կապված, իշխանությունները կարողանան Մոսկվայի հետ գալ համաձայնության եւ սահմանին գինն իջեցվի։ Այս պայմաններում դա ամենաօպտիմալ տարբերակն է, ուղղակի խնդիրն այստեղ սպառողներն են, բնակչությունը։ Չնայած ամռան ամիսներին շատ քիչ են գազ սպառում, բայց ազդեցությունը կնկատվի ձմռանը. որոնք ունեն ջեռուցման համակարգեր, նրանց համար թանկացումը կտրուկ կլինի»։
300 ՇԱՀԱՌՈՒԻ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտադիր է խթանել ծնելիության աճին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացիկ տարում նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի։
Չի բացառվում, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում հաստատի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված երիտասարդ եւ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության նպատակային ծրագրերը։ Դրանք են՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն՝ երիտասարդ ընտանիքներին, երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն՝ հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացիկ տարում կանխավճարի ապահովագրություն կտրամադրվի 540 շահառուի, իսկ երեխայի ծննդյան աջակցություն՝ 300 շահառուի։ Ըստ Սոցապ նախարարության՝ 2021-2023թթ. ժամանակահատվածում այդ ցուցանիշները կկրկնապատկվեն՝ տարեկան աջակցություն տրամադրելով 500, 1000 եւ 600 շահառուի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազար դրամ։ Ի դեպ, այս ծրագրերի գծով ծախսը 2021-2023 թվականների համար կանխատեսվում է տարեկան 1,1 մլրդ դրամ։
Ամենակարեւորը, եթե այս ծրագրերի գծով բյուջետային հատկացումների անբավարարություն լինի՝ պայմանավորված բարձր պահանջարկով, ապա կառավարությունից վստահեցնում են, որ ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության՝ կհատկացվեն լրացուցիչ միջոցներ։ Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան երեխայի ծննդյան աջակցության ծրագրից։ Դրա հիմնական պայմաններն են. եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, գույքի ձեռքբերման եւ գնահատման շուկայական առավելագույն արժեքը 30 մլն դրամ է, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով եւ այլն։ Իսկ եթե քաղաքացին հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանն օտարի, ապա նա պետք է պետությանը վերադարձնի ստացած պետական աջակցության գումարը։ Փաստ է, որ Հայաստանում ծնելիությունը վերջին տարիներին հետեւողականորեն նվազել է, եւ հիմա մեր երկիրը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի։ Իսկ մեր հանրապետությունում եթե 2017 թվականին ծնվածների թիվը կազմել է 37700, ապա 2018-ին՝ 36574, 2019-ին՝ 36131: Այսինքն՝ ծնվածները 443-ով պակասել են: Հուսանք՝ այս ծրագրից կօգտվեն մարզի բնակիչները, քանի որ հայտնի փաստ է, որ մեր գյուղերում բազմաթիվ երիտասարդներ չեն ամուսնանում՝ բնակարան կամ աշխատատեղ չունենալու պատճառով։ Էլ չենք խոսում այն մասին, որ այսօր մարզերում շատացել են այն ընտանիքները, որտեղ խուսափում են երկրորդ երեխա ունենալուց։
Նյութրը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
700 ԵՐԵԽԱ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
Տավուշի մարզում այժմ իրականացվում է առցանց հանրակրթություն։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ մի օր պետք է անցում կատարվեր առցանց կրթության, սակայն ներկայումս այդ անցումը կատարվում է ոչ այնքան բարենպաստ իրավիճակում։ Մարզպետի վկայությամբ՝ Տավուշի մարզում 700 երեխա խնդիր ունի համակարգիչ ունենալու եւ համացանցին միանալու տեսակետից։ Մարզի ղեկավարն ասաց, որ համակարգիչների պակասը լրացվելու է մարզի հանրակրթական դպրոցների ունեցած ռեսուրսների հաշվին՝ աշակերտներին եւ նրանց ծնողներին հորդորելով այդ հարցով սերտ կապի մեջ լինել իրենց հանրակրթական դպրոցի հետ։ Բացի այդ, Հայաստանում համակարգիչներ են հավաքագրվում, որպեսզի տրամադրվեն համակարգիչ չունեցող, դրա կարիքն ունեցող երեխաներին։ Մարզպետը հույս ունի, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մարզում համակարգիչների պակասի խնդիրը կլուծվի, դպրոցահասակ երեխա ունեցող տավուշցի յուրաքանչյուր ընտանիք առնվազն մեկ համակարգիչ կունենա, երեխաները հնարավորություն կունենան առցանց իրացնելու հանրակրթության իրենց իրավունքը։
ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հետեւանքով Տավուշի մարզում թանկացել են բանջարեղենը եւ ցիտրուսային մրգերը։ Իջեւան քաղաքում բանջարեղենից միայն թարխունը չի թանկացել, մնացած կանաչեղենի գները բարձրացել են։ Նարինջի մեկ կիլոգրամի գինը նախկինում 400 դրամ էր, այժմ այն Իջեւանում վաճառվում է 750 դրամով։ Բանանի մեկ կիլոգրամի գինը 500 դրամից դարձել է 700 դրամ։ Բնակիչները դժգոհությամբ են արձագանքում գների թանկացմանը։
ՀՐԱՁԳԱՐԱՆՈՒՄ ՀԱՎԱՔԵԼ Է
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2020թ. մարտի 2-ից ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Նվեր Չապուխյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի Թալի Ճալա կոչվող տարածքում 1993-1996 թվականներին գործած հրաձգարանի տարածքից հավաքել է 1959թ. արտադրության 7,62 մմ տրամաչափի AK 47 տեսակի ինքնաձիգերից, RPK տեսակի ձեռքի գնդացիրներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված, կրակելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող 24 հատ փամփուշտ եւ ապօրինի կերպով պահել Գետահովիտ գյուղում գտնվող իր առանձնատան նկուղում տեղադրված պահարանում։ Նվեր Չապուխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ