ԱՆՑԱՎ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ՝ ՈՒՐԻՇԻ ՇՆՈՐՀԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով, Արցախի համապետական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն նախագահական ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլով։ Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներից պարզ դարձավ, որ տեղի կունենա երկրորդ փուլով եւ կպայքարեն «Ազատ հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը եւ ինքնառաջադրված, «Նոր Արցախ» դաշինքը գլխավորող Մասիս Մայիլյանը։

Ըստ այդմ, Արայիկ Հարությունյանը ստացել էր 36,076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ 19, 360 ձայն կամ 26,4 տոկոս։ Այս երկու թեկնածուներին հաջորդում էր «Արդարություն» կուսակցության նախագահ Վիտալի Բալասանյանը՝ 10 755 ձայն կամ 14,7 տոկոս: Այսինքն` ինչպես եւ կանխատեսվում էր, մրցակությունը այս երեք թեկնածուների մեջ էր, թեեւ առաջադրվել էին 14 թեկնածուներ:

Սակայն, չնայած այս թվերին, ուշագրավ պատկեր է խորհրդարանական ընտրությունների առումով։ Ըստ տրամաբանության՝ թվերին նայելով, կարելի է կարծել, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ երկրորդ տեղում պետք է լիներ Մասիս Մայիլյանի գլխավորած դաշինքը, քանի որ, որպես Արցախի նախագահի թեկնածու, երկրորդ տեղում է ստացած ձայներով, այնինչ Մայիլյանն անգամ նվազագույն 7 տոկոս շեմը չի հաղթահարել եւ պատգամավորական մանդատ անգամ չի ստանա։ Փոխարենը երկրորդ հորիզոնականում «Միասնական հայրենիք» կուսակցությունն է, որի նախագահ Սամվել Բաբայանն ի սկզբանե  հայտարարել էր, որ սատարում է Մայիլյանին։

Այսպիսով, Արցախի խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»՝ 29688 ձայն կամ 40.4%, «Միասնական հայրենիք»՝ 17.365 ձայն կամ 23.63%, «Արդարություն կուսակցություն»՝ 5865 ձայն կամ 7.9%, ՀՅԴ՝ 4717 կամ 6.4%, ԱԺԿ՝ 4269 կամ 5.81%։

Հիմա խոսենք թվերի լեզվով. Բաբայանի գլխավորած ուժը ստացել է 17365 ձայն, Մայիլյանի գլխավորած դաշինքը՝ 3305 ձայն։ Եվ այս երկու թվերը միասին մի փոքր ավելի է ստացվում այն արդյունքից, որը հավաքել է Մայիլյանը՝ որպես նախագահի թեկնածու։ Ստացվում է՝ Մայիլյանն ինքը ունի ընդամենը 3305 կամ դրանից մի փոքր ավելի ձայներ, իսկ մնացած մասը նա ստացել է հենց Սամվել Բաբայանի շնորհիվ, եւ սա արդեն անհերքելի փաստ է: Ու որքան էլ նա երկրորդ փուլ է անցել, այնուամենայնիվ, արդեն կարելի է կանխատեսել, որ միանշանակ ձախողում է սպասվում Մասիս Մայիլյանին, քանի որ Արայիկ Հարությունյանը եւ իր կուսակցությունը կրկնակիից ավելի ձայներ են հավաքել ԱԺ եւ նախագահական ընտրություններում:

Այսպիսով, ի՞նչ է սպասվում 14 օր անց. արդեն հստակ է, որ ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եւ հետաքրքիր է՝ ինչ վերադասավորումներ կլինեն, եւ ինչ պատկեր կլինի արդյունքում։ Գաղտնիք չէ, որ երկրորդ փուլում շատ բաներ կախված են նաեւ երկրորդ փուլ չանցած ուժերից՝ ըւմ կտան իրենց ձայները, ինչպես կհամագործակցեն թեկնածուների հետ։ Այս պարագայում էական ձայներ ունեն երկու  հոգի՝ Վիտալի Բալասանյանն ու Սամվել Բաբայանը, եւ թերեւս հենց նրանք առաջիկայում կմտնեն խաղի մեջ՝ ինչ-որ տեղ վճռելով երկրորդ փուլի ելքը։

Իհարկե, Արցախում առկա իրողությունները վաղուց ենթադրել տալիս էին երկրորդ փուլի հավանականությունը: Եվ հենց այդ երկու թեկնածուներն էին դիտարկվում երկրորդ փուլ դուրս գալու հիմնական հավակնորդներ: Երեկ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, թե պատրաստ է համագործակցել բոլոր ուժեի եւ անհատների հետ, նույնիսկ նրանց, որոնք իրեն չեն սիրում եւ քննադատում են։ Չնայած այս հայտարարություններին՝ այս պահին դեռ լռում են խորհրդարան անցած մյուս ուժերի ներկայացուցիչներն ու Մասիս Մայիլյանը։

Եվ առավել հետաքրքիր են երկրորդ փուլից հետո հնարավոր զարգացումները: Դիտարկենք երկու սցենարն էլ. նախագահ կարող է ընտրվել Արայիկ Հարությունյանը, որը նաեւ խորհրդարանում է մեծամասնոււթյուն, սակայն պետք է արդեն կոալիցիա կազմի որեւէ ուժի հետ՝ կառավարություն ձեւավորելու համար։ Իսկ, ահա, Մասիս Մայիլյանի հաղթանակի պարագայում իրավիճակը բարդ է. այս դեպքում կունենանք այն պատկերը, ինչ եղավ Հայաստանում՝ թավշյա հեղափոխությունից հետո։ Ստացվում է՝ նա կդառնա նախագահ, սակայն խորհրդարանում չի ունենա հենարան, այսինքն՝ նրա կողմից ներկայացված որոշումները կարող են պարզապես չընդունվել Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժի պատգամավորների կողմից։ Եվ այս իրավիճակում առաջ կգա հանրապետության նախագահին կամ Ազգային ժողովին անվստահություն հայտնելու հարցը, սակայն այստեղ Արցախի Սահմանադրությունը էապես տարբերվում է Հայաստանից։

Եվ այսպես, Սահմանադրության հոդված 90-ը սահմանում է. «Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու, ինչպես նաեւ Ազգային ժողովը արձակվելու դեպքերում նշանակվում են Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ»: Այսինքն՝ ստացվում է՝ եթե խորհրդարանը անվստահություն հայտնի նախագահին, ապա կցրվի նաեւ խորհրդարանը։ Իսկ, ահա, 96-րդ հոդվածն էլ սահմանում է. «Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնն ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»:  Այսինքն՝ այս պարագայում էլ նախագահը առնվազն մեկ տարի անձեռնմխելի է։

Այս իրավիճակը իհարկե կբարդացնի ամեն ինչ, քանի որ պետք է սերտ աշխատանք լինի նախագահի եւ խորհրդարանի միջեւ, եւ ինչպես եղավ Հայաստանի օրինակով, դա բարդ է։ Ինչեւէ, ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: Այս օրերը թեկնածուները կօգտագործեն ավելի շատ այլ թեկնածուներին հանդիպելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, քան բուն քարոզչության վրա, եւ, ըստ էության, շատ խաղաքարտեր դեռ կբացվեն։

Երեկվանից արդեն նկատելի է, որ Սամվել Բաբայանը, հնարավոր է, այլեւս չաջակցի Մասիս Մայիլյանին, քանի որ արդեն մեզ հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել այլ ուժերի հետ եւս: Բացի այդ, Մայիլյանին խանգարեց եւ խանգարելու է նաեւ, այսպես ասած, սորոսական անցյալը, ինչպես նաեւ վատ հարաբերությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ռուսաստանի դաշնության հետ, որը 5 տարով փակել է սահմանները Մայիլյանի դեմ` նրան համարելով ՌԴ համար սպառնալիք: Ու դժվար է պատկերացնել Արցախի նախագահ ՌԴ-ի համար սպառնալիքի կարգավիճակում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց են ունեցել: Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ` քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարեւորել ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաեւ անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: «Կարեւորել ենք համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջեւ ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը»,- նշել է ԱԽ քարտուղարը։

 

 

 

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ

Եվրահանձնաժողովը կարճ աշխատաժամանակի ռեժիմ է առաջարկել, որպեսզի օգնի Եվրամիության բնակչությանը համավարակի հետեւանքով խուսափել գործազրկությունից եւ տնտեսական հատվածին հասցվելիք հարվածից։  Գերմանական սխեմայի համաձայն՝ կառավարությունը վճարում է ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի մի մասը, իսկ ձեռնարկությունների ղեկավարությունը իր հերթին անցնում է կարճ աշխատաժամանակի, որպեսզի խուսափի հաստիքների կրճատումից։  Իր տեսաուղերձում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի պարզաբանել իր առաջարկած սխեմայի մանրամասները՝ նշելով միայն, որ այն կերաշխավորվի ԵՄ բոլոր անդամ-երկրների կողմից եւ կդառնա միության տնտեսության հետ կապված բանալին։ Սխեման նախատեսված է այն երկրների օգնության համար, որոնք առավել շատ են տուժել համավարակից։

 

 

 

 

ԱՌՑԱՆՑ ԵՎ ԱՐԱԳ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում եւ ամրագրել, որ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կարող են կայացվել ոչ միայն առկա նիստով, այլ նաեւ առցանց, ինչպես նաեւ առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով։ Առցանց ձեւով խորհրդի նիստն անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով՝ խորհրդի անդամների անմիջական մասնակցությամբ: Հարցման ձեւով խորհրդի որոշումը կայացվում է խորհրդի նախագահի կողմից խորհրդի անդամներից սահմանված կարգով ստացված քվեարկության տվյալներն ամփոփելու միջոցով: Նախագծի հեղինակը նկատում է, որ ներկայիս իրավակարգավորումներով Պալատի խորհրդի գործունեության իրավական ձեւը նիստն է, այսինքն՝ Պալատի խորհրդի անդամների համատեղ հավաքը, որը պահանջում է վերջիններիս ֆիզիկական ներկայությունը: Նրա խոսքով՝ առցանց տարբերակը հնարավորություն կտա նվազեցնել քվորումի բացակայության հետեւանքով Պալատի խորհրդի նիստերի հետաձգման դեպքերը: Ավելին, առաջարկվող կառուցակարգի ներդրմամբ՝ փաստաբանների կարգապահական գործերը քննության կառնվեն առավել սեղմ ժամկետներում՝ թույլ տալով փաստաբանին իր վարույթային իրավունքներն իրացնել առավել օպտիմալ ձեւով: Նախագծով առաջարկվում է եւս մեկ կառուցակարգի սահմանում, որը թույլ կտա նվազեցնել Պալատի խորհրդի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ միաժամանակ արագացնել փաստաբանների նկատմամբ կարագապահական այն վարույթների հանգուցալուծումը, որոնք համեմատաբար պարզ փաստակազմ ունեն եւ չեն ենթադրում ապացուցման բարդ գործընթաց եւ, հետեւաբար, կարգապահական գործով կողմերի անմիջական մասնակցությունը:

 

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդես է եկել ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ՝ ցանկանալով ամրագրել, որ Ազգային ժողովի Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում:։ «Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը կարող է գումարվել նաեւ ոչ աշխատանքային օրերին»: Նա նշում է, որ կարեւորելով ռազմական եւ արտակարգ դրության դեպքում Ազգային Ժողովում հատուկ նիստերի եւ իրավական ռեժիմով նախատեսված աշխատանքների իրականացումը` այս համատեքստում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը հավելյալ հնարավորություն կտա երկրում ստեղծված իրավիճակի, նախատեսվող միջոցառումների եւ բոլոր որոշումների կայացման ու վերահսկման գործառույթը օրենսդրի կողմից կազմակերպել առավել արդյունավետ կերպով:

 

 




Լրահոս