ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՆԵՑԻՆ, ՇԵՄՆ ԻՋԵՑՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նախագծերի փաթեթը: «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 1-ին հոդվածը լրացվելու է այսպես. «Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ համայնքների ավագանիների կողմից ընտրվող համայնքների ղեկավարների, ընտրվում են անմիջականորեն՝ ընտրողների կողմից»: Մասնավորապես, մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում (բացառությամբ բազմաբնակավայր համայքների) անց են կացվում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի մեծամասնական ընտրակարգով ընտրություններ, իսկ 4000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքներում, ինչպես նաեւ մինչեւ 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում անց են կացվում համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ: Համայնքների ավագանին բաղկացած է լինելու՝

1) հինգ անդամից` մինչեւ 1 000 ընտրող ունեցող համայնքում,

2) յոթ անդամից` 1 000-ից մինչեւ 2 000 ընտրող ունեցող համայնքում,

3) ինն անդամից՝ 2000-ից 4000 ընտրող ունեցող համայնքներում,

4) տասնհինգ անդամից` 4 000-ից մինչեւ 10 000 ընտրող ունեցող համայնքում. (գործող 9-ի եւ 11-ի փոխարեն),

5) քսանմեկ անդամից` 10 000-ից մինչեւ 25 000 ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն),

6) երեսուներեք անդամից` 25 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում (գործող 15-ի փոխարեն՝ բացառությամբ Գյումրու եւ Վանաձորի, որտեղ ավագանու անդամների թիվը 33 է),

7) 65 անդամից՝ Երեւան քաղաքում:

Փոփոխություններ են կատարվել նաեւ ընտրական գրավի չափի մեջ։

Մինչեւ 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն եւ ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 500-ից մինչեւ 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1000-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ: Ընտրական գրավը համամասնական ընտրակարգի դեպքում, Երեւանի ավագանու դեպքում, նվազագույն աշխատավարձի 3 000-ապատիկի չափով ընտրական գրավ, 25 000 եւ ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում՝ 1 000-ապատիկի չափով ընտրական գրավ, 10000-ից 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում՝ 500-ապատիկի չափով, մինչեււ 10000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների դեպքում՝ 200-ապատիկի չափով ընտրական գրավ: (Գործող օրենքով՝ Երեւանի ավագանու դեպքում սահմանված է նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով ընտրական գրավ, Գյումրու եւ Վանաձորի ավագանիների դեպքում՝ 2 000-ապատիկի չափով ընտրական գրավ):

Նշենք, որ այս փաթեթը մշակվել է բավականին երկար, եւ ներկայացված են եղել մեծ թվով առաջարկներ, այդ թվում՝ քաղաքացիների կողմից։

Դրանք հիմնականում ուղղված են եղել կանանց տոկոսի բարձրացմանը, ավագանու նիստերի անցկացմանը, սակայն հիմնականում չեն ընդունվել, խոստացվել է, որ անդրադարձ կլինի հետագայում։ Փոփոխություններ են կատարվել նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածում: Մասնավորապես, այժմ օրենքը սահմանում է ՏԻՄ հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու եւ թեկնածուներ առաջադրելու եւ գրանցելու ժամկետները: Նաեւ սահմանվում է, որ քվեարկության օրը պետք է լինի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը ԿԸՀ կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Սակայն նշվում է՝ լինում են դեպքեր, երբ համայնքի դեռեւս պաշտոնավարող ղեկավարի պաշտոնավարման ընթացքում անցկացվում է համայնքի ղեկավարի ընտրություն, եւ արդյունքում առաջանում է մի իրավիճակ, երբ համայնքի ղեկավարը դեռեւս շարունակում է պաշտոնավարել, իսկ մեկ այլ անձ էլ ընտրվել է այդ պաշտոնում: Եվ նախագծով նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ ընտրությունները նշանակվել են համայնքի ղեկավարի լիազորությունները լրանալուց հետո, կնշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, եւ համայնքի կառավարումը չի խաթարվի: Մեկ այլ փոփոխություն եւս. առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս գործող 8-ի փոխարեն, եւ եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները (եթե ընտրությանը մասնակցել է 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք)):

Բացի այդ, առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը: Եվ նախագծի վերջում նշվում է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում կատարված վարչատարածքային բարեփոխումները համապատասխան պետական քաղաքականության մշակման եւ վարման արդյունքում կհասնեն իրենց տրամաբանական ավարտին՝ օրենսդիրը եւ (կամ) գործադիրը հետագայում կարող են նաեւ անդրադառնալ համընդհանուր համամասնական ընտրակարգ սահմանելու օրենսդրական նախաձեռնությանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

100 ՄԼՐԴ ԵՎՐՈ

ԵՄ-ն 100 մլրդ եվրո կհատկացնի կարանտինի պայմաններում զբաղվածության պահպանման համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «SURE անվանմամբ համերաշխության նոր գործիքի օգնությամբ կտրամադրենք 100 մլրդ եվրո, որպեսզի պահպանենք մարդկանց աշխատատեղներն ու օգնենք բիզնեսին: Դրա շոնրհիվ մենք միավորում ենք ջանքերը՝ մարդկանց կյանքերը փրկելու եւ նրանց գոյատեւման պայմաններն ապահովելու համար»,- ասել է նա:

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԱՐՏԱՀԵՐԹԻ

«Խորհրդարանն իսկապես պատրաստ է նոր արտահերթ նիստերի: Բոլոր խմբակցությունները, անկախ նրանից, թե երբեմն նիստերի ժամանակ ինչպիսի դեբատներ են լինում, հասկանում են, թե ինչպիսի իրավիճակում է Հայաստանը եւ ողջ մոլորակը»,- նշել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նրա խոսքով՝ կա այդ գիտակցումը, որ ցանկացած պահի կարող է կառավարության նոր գործիք պետք գալ կորոնավիրուսի դեմ պայքարում, եւ խորհրդարանը պատրաստ է քննարկել բոլոր գործիքները: Այս առումով երկու միտում կա՝ կա պնդում, որ խորհրդարանը ցանկացած պարագայում դակում է որեւէ նախագիծ, որը գալիս է կառավարությունից կամ պարետատնից, եւ, մյուս կողմից, ասվում է, որ խորհրդարանն անիմաստ երկար քննարկումներ է անում, օպերատիվ չի: Այս երկու կարծիքները հակասում են միմյանց: Պետք է հավաստեմ, որ ԱԺ-ն շատ հավասարակշռված է աշխատում եւ օպերատիվ արձագանքում է եւ ամեն տառի վրա աշխատում է: Կառավարությունից ուղարկված փաստաթղթերը փոփոխվում են, նորից են քննարկվում»,-ասել է ԱԺ նախագահը:

 

 

 

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՐԿԱՐԱՁԳԵԼ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ Սուրեն Պապիկյանն առաջարկել է երկարաձգել «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր – փուլ 3» ծրագրի Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից ֆինանսավորվող վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը։ Մասնավորապես, առաջարկվել է երկարաձգել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների հասանելիության վերջնաժամկետը՝ մինչեւ 2022 թվականի հունիսի 27-ը։ Պատճառը ՀՀ կառավարության 2017-ի փետրվարի 23-ի որոշումն է, ըստ որի՝ ծրագրի հետագա իրականացման գործառույթները փոխանցվել են «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկին, սակայն առաջացած խոչընդոտների պատճառով դանդաղել է ծրագրի ընթացքը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներն ավարտվել են, իսկ շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցութային գործընթացները նախաորակավորման փուլում են. այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին կսկսվեն շինաշխատանքները։

 

«ԴԵԲԵՏ»-ՈՎ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՏՈՒՄ

Դեբեդ գետով հայ-վրացական սահմանը հատած եւ ԱԱԾ-ի կողմից կալանավորված Արտաշ Խաչատուրյանի գործը մտավ դատարան: Արտաշ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 19:00-ից մինչեւ 20:00-ի սահմաններում, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, Տավուշի մարզի Պտղավան գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետով հատել է հայ-վրացական պահպանվող պետական սահմանը եւ մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Այս արարքի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

ՏԱՎՈՒՇԻ ՕՊԵՐԸ

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղեկալ Կարեն Մովսեսյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Վերջինս, մեղադրանքի համաձայն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, քաղաքացու իրավունքներին եւ օրինական շահերին: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 

 

 

 




Լրահոս