ՖՈՒՏԲՈԼԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19  կորոնավիրուսի տարածման պատճառով ֆուտբոլային աշխարհում շարունակում են դադարեցված մնալ եվրոպական թոփ 5 առաջնությունները։  Առաջացած դադարը ակումբներին ստիպում է մարզվել տնային պայմաններում, որն էլ, իհարկե, չի կարող հնարավորություն տալ պահպանել մարզավիճակը։ Գերմանիայում ակումբներին արդեն թույլ են տվել մարզումներ անցկացնել ընդհանուր խմբով, ինչն էլ ապացույցն է նրա, որ համաճարակը հետքայլ է կատարել։

Ֆուտբոլը միանշանակ կվերադառնա, բայց ինչպես, ինչ վիճակում՝ ցույց տա ժամանակը։ Հիմա փորձենք հասկանալ՝ առաջացած դադարը ինչ ազդեցություն կունենա ֆուտբոլի եւ ֆուտբոլիստների վրա, ինչպես նաեւ խոսենք դադարեցված մրցաշրջանի հավանական ճակատագրի մասին։

Վնասվածքների վտանգը

Արդեն նշեցինք, որ տնային պայմաններում մարզումները չեն կարող պահպանել ֆուտբոլիստների մարզավիճակները։ Նրանք ընդհանուր խմբով մարզումներ չեն անցկացրել  արդեն գրեթե 1 ամիս։ Երբ որ  բոլոր ակումբները վերադառնան ընդհանուր խմբով մարզումներին, նրանք քիչ ժամանակ կունենան քայլ առ քայլ իրենց նախկին մարզավիճակին վերադառնալու համար, ինչն էլ միանշանակ կմեծացնի վնասվածքներ ստանալու վտանգը։ Մյունխենի «Բավարիան» արդեն սկսել է մարզումները, եւ մարզման հենց առաջին օրը՝ ապրիլի 6-ին, վնասվածք է ստացել թիմի կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն։ Նշվում է, որ ֆուտբոլիստը ցավեր է զգացել կոճի շրջանում եւ չի կարողացել ավարտին հասցնել թիմի մարզումը։ Վնասվածքի լրջությունը պարզ կդառնա միայն հետազոտություններից հետո։ Այսպիսով,  դադարը շատ վատ ազդեցություն կունենա ոչ միայն ֆուտբոլիստների մարզավիճակի, այլ նաեւ հետագա կարիերայի վրա։

 

Խաղալ փակ դռների հետեւում

Կարծում ենք՝ հեծանիվ չենք հայտնագործի, եթե ասենք, որ առաջնությունների հանդիպումները  սկզբում կվերադառնան առանց երկրպագուների։ Իհարկե, եթե հնարավոր լինի շարունակել լիգաները, ապա միանշանակ ճիշտ որոշում կլինի  սկզբում խաղալ փակ դռների հետեւում։ Այս պատճառով  ֆուտբոլային ակումբները եւ ֆեդերացիաները  ֆինանսական լուրջ ճգնաժամի առաջ կկանգնեն։ Այս թեմային անդրադարձել է նաեւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը եւ նշել, որ ավելի լավ է խաղերը կայանան առանց երկրպագուների, քան ընդհանրապես չկայանան։ Այսպես, թե այնպես, հանդիպումները սկզբում կկայանան առանց երկրպագուների, բայց թե որքան կտեւի դա, ոչ ոք չի կարող ասել։ Միանշանակ ֆուտբոլը  այն չէ  առանց երկրպագուների, դրան էլ գումարած՝  կորոնավիրուսի հարվածը ֆուտբոլին հոգեբանական առումով: Կարելի է ասել, որ մեր կողմից այդքան սիրված  սպորտաձեւը սկզբում կվերադառնա շատ  անմխիթար վիճակում։

 

Կտրուկ կնվազեն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

Երեւի թե միակ կետը, որի մասին կարող ենք արտահայտվել ոչ բացասական ձեւով։ Անկասկած կնվազեն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Գոնե առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում չենք տեսնի մարդկային երեւակայությունից դուրս գործարքներ։ Միջին կարգի ֆուտբոլիստի համար չի վճարվի 80մլն եվրո եւ նմանատիպ այլ  բաներ։ Ֆուտբոլը կբերվի բալանսի, որը միանշանակ այն կդարձնի ավելի դիտարժան։ Այս ճգնաժամը կազդի նաեւ ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա, որը նույնպես վատ չէ, որովհետեւ այսօրվա ֆուտբոլում շատ են խաղացողները, ովքեր դւորս են գալիս դաշտ միայն գումար ստանալու համար։ Այդ ֆուտբոլիստները կսկսեն խաղալ, պայքարել եւ քիչ մտածել աստղաբաշխական աշխատավարձերի մասին։

 

 Զոհաբերել մեկը՝ հանուն մյուսի

Եթե ամեն ինչ ընթանար իր բնականոն հունով, ապա  ներքին առաջնությունները, Չեմպիոնների լիգան եւ Եվրոպա լիգան արդեն եզրափակիչ փուլերում կլինեին։ ՈՒԵՖԱ-ի կողմից կա հստակ պահանջ՝ ավարտել առաջնությունները մինչեւ օգոստոսի 3-ը։ Եթե  համաճարակը որոշի հեռանալ, ապա լիգաներն ավելի շուտ հնարավոր կլինի ավրատել, սակայն այդ դեպքում  ամեն ինչ կխառնվի իրար։ Ակումբները ստիպված կլինեն հանդիպումներ անցկացնել 3 օրը մեկ։ Շատերը պայքարում են մի քանի ճակատներով եւ միանշանակ չեն կարող մնալ բոլոր մրցաշերում, քանի որ դա անելու համար պետք է ունենան առնվազն 2 հավասար կազմ։ Այո, հիմա կան ակումբներ, որոնց պահեստայինների նստարանին կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց անհնար է հավատալ, որ մինչեւ վերջ այդ ակումբները կարող են պայքարել բոլոր ճակատներով ու հաղթել դրանցում։ Շատ գրանդներ ստիպված կլինեն ուղղակի զոհաբերել մի առաջնությունը հանուն մյուսի։ Այս պարագայում ամենածանր վիճակում հայտված է Թուրինի «Յուվենտուսը», ով պայքարի մեջ է ե՛ւ Ա սերիայում, ե՛ւ Իտալիայի գավաթում, ե՛ւ Չեմպիոնների լիգայում։ Բոլոր երեք մրցաշարերում էլ թուրինյան թիմը «կախված է օդից»։ Ա սերիայում ընդամենը 1 միավորի առավելություն ունի «Լացիոյի» նկատմամբ, Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղը 1։1 հաշվով է ավարտել «Միլանի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում մրցակցի հարկի տակ 0։1 հաշվով զիջել է «Օլիմպիկ Լիոնին»։ Եթե «Ծեր սինյորան» այս իրավիճակից դուրս գա հաղթողի կարգավիճակով, ապա  հարկավոր կլինի Մաուրիցիո Սարիի արձանը կանգնեցնել հենց Թուրինի կենտրոնում։

Շատ են քննարկումները, վարկածները, թե ինչ շարունակություն եւ ավարտ պետք է ստանա ընթացիկ մրցաշրջանը։ Առաջնությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն շատ խիստ գրաֆիկով, իսկ Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան կարող են կրել ձեւաչափերի փոփոխություն։ Շատ հնարավոր է, որ Զ եւ զ եզրափակիչները անցկացվեն 1 խաղով չեզոք դաշտում։ Կան խոսակցություններ, որ եվրագավաթների եզրափակիչ հանդիպումներն էլ կանցկացվեն առանց երկրպագուների։ Ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի նաեւ ամառային տրանսֆերային պատուհանը, իսկ  այն ֆուտբոլիստները, որոնց պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, ստիպված կլինեն երկարաձգել դրանք։ Այս պահին ամեն ինչ խառն է համաշխարհային ֆուտբոլում, սակայն ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը վստահ է, որ այս  մրցաշրջանի  հետաձգված հանդիպումները կկայանան: «Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ վստահ եմ,որ հանդիպումները կկայանան»,- ասել է Չեֆերինը։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

ՉՎԵՐԹՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՉԵՂԱՐԿԵԼ Է

«Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով չեղարկում է բոլոր չվերթները մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ։ Այս մասին նշել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը։ ««Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները։ Բոլոր ուղեւորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան»,- նշել է Խաչատրյանը։ Ավելի վաղ ավիաընկերությունը չեղարկել էր բոլոր չվերթները մինչեւ ապրիլի 16-ը։ Անդրադառնալով EASA ստուգումներին՝ Գեւորգ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս պահին իրենք ակտիվ քննարկումների մեջ են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։

 

 

 

 

ԱԶԴԵԼ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ

Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ազդել է Հարավկովկասյան երկաթուղու առաջին եռամսյակում աշխատանքի արդյունքների վրա։ Հաշվետու շրջանում փոխադրվել է 710 հազար տոննա բեռ, ինչը չի հասնում կանխատեսված ցուցանիշին։ Ներկրման հաղորդակցությունում, 2019թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, բեռնափոխադրումները առաջին եռամսյակում նվազել են 2,4 տոկոսով։ Երկաթուղային ուղեւորափոխադրումների ոլորտում նույնպես անկում է գրանցվել 8 տոկոսով՝ մինչեւ 74,4 հազար ուղեւոր։ Հարկ է նշել, որ մարտի կեսերից չեղարկվել են Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային ու Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքները։ Այժմ գործող երթուղիներում նկատվում է ուղեւորահոսքի նվազում՝ նախորդ տարվա հետ համեմատ։

 

 

 

 

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

Կրթական հեռավար գործընթացի առօրեական խնդիրներից առավել ավարտական դասարանների աշակերտներին հուզում է վերջին զանգի եւ ավարտական քննությունների կազմակերպման հարցը: Այս մասին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա ավարտական դասարանների աշակերտներին խորհուրդ է տվել կենտրոնանալ ոչ թե հրաժեշտի դասի արտաքին ճոխության վրա, այլ իմաստավորել այն: Նրա փոխանցմամբ՝ նախարարությունում քննարկվում է մի քանի սցենար, թե ինչպես են նախատեսվում շարունակել կրթական գործընթացը, ավարտել այն, կազմակերպել քննությունները:

Նրա խոսքով՝ տարբերակների մեջ կա նաեւ քննությունների՝ էլեկտրոնային եղանակով անցկացումը: Քննարկումները շարունակվում են։

 

 

 




Լրահոս