Ինչ իրավիճակ է աշխարհում․ մի քանի երկրներ թուլացնում են կարանտինային ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մոտենում է 2 մլն -ին։ Համաճարակի կենտրոնն այս պահին շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ արդեն հաստատվել է 582 հազար դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ  Եվրոպայում վիրուսի տարածման տեմպերը դանդաղել են․ մի քանի երկրներ սկսել են թուլացնել կարանտինային արգելքները։

Վերջին տվյալների համաձայն, այս պահին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 մլն 934 հազար է, ավելի քան 120 հազարը մահացել են, իսկ 462 հազարը՝ բուժվել։

Ինչ իրավիճակ է տարբեր երկրեներում

ԱՄՆ

Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն երեքշաբթի օրը կրկին հակառակվել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, որով նա որոշել էր մի քանի նահանգներում կարանտինային ռեժիմը չեղարկել։

Նյու-Յորքում, երկուշաբթի օրվա տվյալներով, մեկ օրվա ընթացքում վիրուսից մահացել է 671 մարդ։ Յուրաքանչյուր օր հոսպիտալացվում է մոտավոր 2 հազար նոր մարդ։ Իսկ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում մահացել է 23,6 հազար մարդ։

Մեծ Բրիտանիա․ յուրաքանչյուր հինգերորդը՝ մահ

Վերջին տվյալների համաձայն, Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ մարդը մահանում է կորոնավիրուսից։ Միայն երկու շրջաններում նախորդ շաբաթվա ընթցքում արձանագրվել է 16 հազար մահ։

Այժմ Մեծ Բրիտանիայում ընդհանուր վարակակիրների թիվը կազմում է 89,6 հազար, իսկ մահացածներն ավելի քան 11,3 հազար։ Միևնույն ժամանակ նախորդ շաբաթ այս երկրում մահացության տեմպերն ավելի դանդաղ էին, քան այժմ։  Այժմ ամենաշատ մահացությունները հենց այս երկրում է տեղի ունենում։

Եվրոպա․ «ոչ միանշանակ պատկեր»

Եվրոպայի մի քանի վայրերում կորոնավիրուսի տարածման տեմպերը սկսել են նվազել, սակայն ասել այն մասին, որ պիկն անցել է, դեռ վաղ է։ Այս մասին հայտնել է ԱԱՀ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։

«Եվրոպայում ոչ միանշանակ պատկեր է։ Մենք սկսում ենք տեսնել, որ օրինակ Իսպանիայում և Իտալիայում, տեսնում ենք տեմպերի դանդաղում։ Մյուս երկրներում, օրինակ Թուրքիայում եւ Մեծ Բրիտանիայում, հակառակ պատյերն է։ Եվ եթե խոսենք ընդհանուր իրավիճակի մասին, դեպքերի 90 տոկոսը Եվրոպայում ու ԱՄՆ-ում է», – նշել է նա։

Սակայն այս շաբաթվա սկզբին մի քանի եվրոպական երկիր միանգամից հանեց կարանտինային արգելքները․

Երկուշաբթի օրը Իսպանիայի իշխանությունները թույլատրել են աշխատանքի վերադառնալ շինարարներին, գործարանների աշխատակիցներին եւ մի քանի այլ ոլորտի ներկայացուցիչների, որոնք չեն կարող հեռահար աշխատել։

Կարանտինը թուլացնում են նաև Իտալիայում եւ Ավստրիայում, որտեղ շատ սահմանափակ թվով բացվում են խանութները, որտեղ կարելի է գնել ապրանքներ։ Օրինակ, Իտալիայում սկսել են աշխատել գրախանութները, քիմմքարման կետերը եւ երեխաների համար նախատեսված հագուստի խանութները։ Աշխատանքի վերադառնալ կարող են նաև էլեկտրոնիկայի եւ թղթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները։  Իսկ Ավստրիայում կարող են աշխատել  մինչև 400 քառակուսի մետր տարածք ունեցող խանութները

Աճ ՌԴ-ում եւ ծանր շաբաթ Հնդկաստանի համար

Ռուսաստանի Դաշնությունում միայն անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 2774 նոր դեպք, մահացել է 22 հիվանդ։ Միայն Մոսկվայում կա 1489 նոր դեպք, Պետերբուրգում՝ 97։ Ընդհանուր թիվը կազմում է 21 հազար 102, մահացածները՝ 170։

Սերբիայի Նիշ քաղաքում ձերբակալվել է ծերանոցի տնօրենը, քանի որ 170 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Ղեկավարները մեղադրում են, որ ծերերի խնամքի վայրում չեն պահպանվել տարրական կանոնները։

Իսկ Հնդկաստանում հայտարարված խիստ կարանտինի ժամկետը երկարացվել է մինչև մայիսի 3-ը։

Իսկ ահա Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք և առողջացել է ևս 54 քաղաքացի։ Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս