ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ՝ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ եվրոպական հանձնաժողովը պատրաստել է մի զեկույց, որով հայկական ավիացիային, այսպես ասած, կարմիր քարտ է ցույց տվել։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը երկար նախապատմություն ունի։ Առաջին անգամ, պարզվում է, դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, եւ կգան ուսումնասիրությունների։

Եվ, ահա, նրանք փետրվարին այցելել են Հայաստան, ուսումնասիրել, իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու արդեն մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել։ Այսինքն՝ այս որոշումն ամենեւին էլ անակնկալ չի եղել, եւ Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման՝ մայիսին պլանավորված նիստում հնարավոր է պատժամիջոց կիրառվի, եւ Հայաստանը հայտնվի արգելքի տակ գտնվող երկրների ցանկում։ Իհարկե, երկու տեղական ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա թռիչքների իրավունքից զրկվելը ծանր հարված է, սակայն պատճառներն իրականում ավելի խորն են։ Եվրոպական հանձնաժողովի կողմից նման որոշմանն անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտարարել. «Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքերի վաճառքի մեջ, եւ դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված շրջանակների հետ»։

Դրան զուգահեռ նկատենք, որ ապօրինի գործողությունների մեջ լինելու երեւույթներն իրականում եղել են 2014 թվականին, եւ համեմատության համար նշենք, որ 2015 թվականին եւս եվրոպական կողմից աուդիտ է իրականացվել կոմիտեում, սակայն արդյունքները գերազանց են գնահատվել, իսկ, ահա, այս տարի բազմաթիվ թերություններ են արձանագրվել։ Եվ ուշագրավ է, որ 2016 թվականին, երբ պաշտոնից ազատվել էր կոմիտեի երկարամյա ղեկավար Արտյոմ Մովսեսյանը, մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ պատճառն արտասահմանյան ընկերություններից մեկին լիցենզիա տալու համար խոշոր չափի կաշառք ուզելն է եղել, ինչի մասին իմացել են նախագահականում։ Երեկվանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է մեկնաբանություն ստանալ հենց Մովսեսյանից, սակայն նա, լսելով մեր հարցը, անջատում է։

Ընդ որում, նկատենք՝ Մովսեսյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 12 տարի, եւ այդ ընթացքում, օրինակ, 2014 թվականից Հայաստանը զրկվեց իր միակ փոխադրողից, եւ մինչեւ հիմա դեռ նոր փոխադրող չի հայտնվել, իսկ սա պետք է լիներ ՔԱԿ-ի առաջին եւ գլխավոր քայլերից մեկը։ Հավելենք, որ երեկ էլ աշխատանքից ազատվել է վարչապետի ավիացիոն գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը եւ մեկնաբանել այն իրավիճակով, որ տիրում է ոլորտում։ Ըստ էության, նա դարձավ քավության նոխազ, սակայն առաջիկայում այլ պաշտոնանկություններ եւս պետք է սպասել, սակայն, դրան զուգահեռ, իշխանություններն ամեն կերպ պահում են Տաթեւիկ Ռեւազյանին, որը իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն է, չնայած հիմա գտնվում է մայրական արձակուրդում։

Հ. Գ. Ռեւազյանին ցանկանում ենք՝ առողջ բալիկ լույս աշխարհ բերի:

 

 

 

 

Հայաստանի կառավարությունը շարունակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատճառով գումարներ վճարել։ Այս անգամ էլ ՄԻԵԴ «Համբարձումյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով  կայացվել է վճիռ,  որով Հայաստանի հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 1,200 (հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դիմումատուն աշխատել է՝ որպես Աբովյանի ուղղիչ հիմնարկի կանանց տեղամասի պետի տեղակալ, ում հետագայում մեղադրել են կաշառք ստանալու համար։ Մասնավորապես, 2010 թվականի փետրվարի 2-ին դատապարտյալներից մեկը հաղորդում է ներկայացրել, որ Համբարձումյանը կաշառք է պահանջել բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու դիմաց։ Այնուհետեւ ոստիկանությունը սկսել է գաղտնի օպերացիա իրականացնել, դատապարտյալին ձայնագրիչ է տրամադրել եւ հրահանգել ձայնագրել դիմումատուի հետ իր խոսակցությունը, նաեւ վերահսկել է նրանց խոսակցությունը։ Եվ  2010 թվականի փետրվարի 4-ին՝ գումարը ստանալուց անմիջապես հետո, ոստիկանությունը ձերբակալել է նրան, ապա մեղադրանք առաջադրել։ Եվ, ահա, այս ամենից հետո Եվրոպական դատարանը նշել է, որ գաղտնի դիտումը լուրջ միջամտություն է անձի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին, հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Նկատենք, որ խոսքը 2010 թվականի դեպքերի մասին է, այսինքն՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ արած ապօրինությունների համար պատասխան է  տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

 

 

 

 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ՝ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, որպես վկա, հարցաքննվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Ինչպես հայտնի է, ըստ նախաքննական մարմնի՝ հիմնավորվել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը: Բանն այն է, որ այդ  տարածքը վարձակալել է ԿԸՀ նախագահի կինը եւ այնտեղ նոտարական գործունեություն  ծավալել:  Եվ, ահա, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝  նախաքննական մարմնին տված ցուցմունքները հայտնվել են «Ժողովուրդ» օրաթերթի  ձեռքում։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնելու համար Տիգրան Մուկուչյանի կնոջ դեպքում ավելի քիչ վարձավճար է սահմանվել, քան մյուսների համար։ Եվ, ահա, հարցաքննության ժամանակ քննիչը հետաքրքրվել է՝ ԿԸՀ նախագահն ինչով կպայմանավորի, որ իր կնոջ համար նույն տարածքում, մյուսների համեմատ, առավել ձեռնտու պայմաններով է տարածքը վարձակալությամբ տրամադրվել: Թե ինչ է պատասխանել այս հարցին ԿԸՀ նախագահը, եւ թե ինչ ցուցմունք է տվել, կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթում։

 

 

 

 

Արտակարգ դրության եւ կորոնավիրուսի համաճարակի տարածման հանգամանքով պայմանավորված՝ փոփոխություններ են եղել նաեւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական  հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ: Վարչապետի որոշմամբ հաստատվել էր նաեւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը: Հանձնաժողովի գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, պետք է մշակվեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովվեր դրա հանրային քննարկումը եւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակվեր ու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Սակայն այս ընթացքում՝ հանձնաժողովի կազմավորումից ի վեր, երկու նիստ է անցկացվել։ Հիմնականում ձեւավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը, եւ հաստատվել է աշխատանքային պլանը։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ վերը թվարկված աշխատանքային ժամանակացույցի մեջ փոփոխություններ կլինեն, եւ առաջիկայում այդ մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Աշխատանքները կվերսկսվեն միայն արտակարգ դրության ավարտից հետո։

 

 

 

 

 




Լրահոս