ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ մտահոգություններ ունի Արմեն Սարգսյանը․ նախագահը կարևոր օրենքը ստորագրեց միայն վերջին պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ի վերջո ստորագրեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում եւ հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։  Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագծերի փաթեթը, որը վերաբերում է դատավորների բարեվարքությանը: Այն ընդունվեց 84 կողմ, 29 դեմ ձայներով: Եվ օրենքն ընդունվելուց հետո,  այն սահմանված կարգի համաձայն, ուղարկվել էր  Արմեն Սարգսյանին, որը, սակայն,  այն ստորագրեց միայն երեկ։ Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը մտահոգություններ ուներ նախագծի հետ կապված և  իրավական փորձաքննություն էր իրականացվում, որի հիման վրա էլ նախագահը վերջնական որոշում կայացրեց։

Հավելենք, որ այդ փաթեթի համաձայն իրականացվելու է դատավորների բարեվարքություն՝  Դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է լինելու հինգ անդամից` մեկական դատավոր տարբեր դատարանների ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Հանձնաժողովը քննարկելու է օրինակ դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ: Եվ եթե հայտնաբերվեն նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտումներ, ապա գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար։

Սակայն Արմեն Սարգսյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում Արմեն Սարգսյանը մտահոգություններ ամեն դեպքում հայտնում է։

«Նախագահն ակնկալում է, որ օրենքներն անվերապահորեն կիրառվեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով որևէ ճնշում կամ միջամտություն դատական համակարգի գործունեության վրա:

Առանցքային է նաև, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանվող իրավիճակային հայտարարագրեր ներկայացնելու պահանջը լինի հիմնավոր և կիրառվի միայն որպես բացառիկ միջոց: Իրավիճակային հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը պետք է որոշվի ողջամտորեն, պահանջվող տեղեկատվության ծավալը պետք է լինի անհրաժեշտ և համաչափ՝ հաշվի առնելով մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները: Ակնկալվում է նաև, որ օրենքի կիրառման ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործելակերպը լինի կանխատեսելի, օրենքով սահմանված հստակ չափանիշներին և սկզբունքներին համապատասխան:

Պետք է հաշվի առնել, որ հանրության համար ընդհանրապես և գործարար շրջանների համար մասնավորապես, առանձնահատուկ զգայունություն ունի անձնական տվյալների, ձեռնարկատիրական և մասնագիտական գործունեության տվյալների, ինչպես նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանության հարցը:

Հաշվի առնելով որ, օրենքով սահմանված՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը չափազանց լայն է, օրենքի կիրառման ընթացքում պետք է հետևել, որ անձանց վերաբերյալ հասանելի դարձած տեղեկատվությունը չօգտագործվի ի վնաս նրանց, մասնավորապես ներդրողների և գործարարների համար չհանգեցնի անհավասար մրցակցության: Անհրաժեշտ է նաև բացառել հնարավոր այլ բացասական ազդեցությունները և ռիսկերը:

Հանրապետության նախագահի աշխատակազմը օրենքների նախագծերի վերաբերյալ իր մտահոգություները, նկատառումներն ու հարցադրումները քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի և արդարադատության նախարարի հետ և ստացել լրացուցիչ պարզաբանումներ:

Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Հանրապետության նախագահն ուշադրությամբ հետևելու է օրենքների բարեխիղճ և իրավաչափ կիրառմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս