Մենք պատրաստ ենք զրուցել Յուրի Խաչատուրովի հետ․ Քրիստինե Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի՝ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելը եւ հարցերին պատասխանելը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, այլ հարցեր է առաջ քաշել:

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի տված տվյալների հիման վրա հանձնաժողովն այս օրերին քննարկում է եւս մի քանի անձի հանձնաժողով հրավիրելու ու արդեն վերջնական եզրակացության հանգելու հարցը: Արդեն քննարկվել է ապրիլի 27-ին նիստ հրավիրելու հարցը, որտեղ, հնարավոր է, այդ պաշտոնյաններից մեկը ներկա գտնվի հարցերին պատասխանելու համար: Բանն այն է, որ հունիսին ավարտվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքային ժամկեկո, ու այլեւս հնարավորություն չկա այն երկարաձգելու, ինչի համար էլ հանձնաժողովը պետք է առաջիկայում արդեն ավարտի հարցաքննության իր աշխատանքները ու եզրակացություն ներկայացնի:

Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ուշի-ուշով հետեւում է հանձնաժողովի աշխատանքներին ու սպասում է այն եզրահանգմանը, որին պետք է գա հանձնաժողովը: ԱԺ իշխանական խմբակցության շատ պատգամավորների սրտով չէ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, կարելի է ասել, անցել է շատ մեղմ, ու կոշտ հայտարարությունները, որը պետք է արվեր հանդիպումից հետո, չեղան: Նշվում է նաեւ, որ ՀՀ վարչապետը եւս դժգոհ է եղել հանդիպումից:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ:

-Տիկի՛ն Պողոսյան, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո արդյոք որոշե՞լ է հանձնաժողովը այլ անձանց եւս հրավիրել հարցեր ուղղելու համար, արդյոք նոր բացահայտումներ եղա՞ն այդ առումով:

-Մեր աշխատանքային ընթացքը գծված է եղել միշտ, այո, մենք երկու կամ երեք հոգու հետ հանդիպում ունենալու ենք, եւ կարծում եմ՝ արդեն կավարտենք մեր աշխատանքները:

-Արդյոք մինչեւ հունիս արդեն հանձնաժողովը կկարողանա՞ ամփոփել աշխատանքները, քանի որ վերջնաժամկետ է նշված. եզրակացություն կունենա՞ք:

-Մեր աշխատանքային ժամկետը լրանում է, ու չեմ կարծում, որ կերկարացնենք, քանի որ արդեն վերլուծական աշխատանքին ենք անցել:

-Իսկ Ձեր կողմից նշված անձինք կապվա՞ծ են Սերժ Սարգսյանի կողմից մատնանշված անձանց հետ:

-Պլանավորված էր, ես ուղղակի անուններ չեմ հրապարակում, քանի որ մենք անունները հրապարակում ենք հանձնաժողովի աշխատանքային նիստից հետո, երբ որ մենք վերջնական հաստատում ենք այն անձանց անունները, ովքեր պետք է հանձնաժողով գան: Մենք գաղտնի չենք պահում:

-Մեր տեղեկություններով՝ ապրիլի 27-ին նիստ եք հրավիրել, որին պետք է ներկա գտնվի այդ անձանցից մեկը:

-Այո, բայց դեռեւս աշխատանքային քննարկում չենք արել, քննարկումը կանենք, կորոշենք ու կասենք:

-Մշտապես հանձնաժողովականները, հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, նշել են, որ Սերժ Սարգսյանի եւ Յուրի Խաչատուրովի ներեկայանալուց է կախված Ապրիլյան պատերազմի հանգամանքների բացահայտումը: Եթե արդեն հստակ է, որ Խաչատուրովը չի ներկայանլու հանձնաժողովին, դա նշանակո՞ւմ է, որ ինչ-որ բան չիմացված է մնալու այդ օրերի հետ կապված:

-Մենք ինֆորմացիան ունենք, փաստաթղթերը ամբողջությամբ ստացել ենք, հարցում ենք իրականացրել, դրանք առկա են հիմա: Ցանկալի էր, իհարկե, լսել նաեւ Յուրի Խաչատուրովին, իր տեսակետը, իր մեկնաբանությունը, բայց դե չեկավ, ոչինչ, կանենք առանց իրեն մնացածը:

-Այսինքն Յ. Խաչատուրովին հանձնաժողով «բերելու» այլ քայլեր չե՞ք ձեռնարկելու, չի՞ լինելու նրա դիրքորոշումը պատերազմի հանգամանքների վերաբերյալ:

-Չէ, ես իմ անձնական կարծիքն եմ ասում եւ հանձնաժողովի մեծամասնության, որ եթե Խաչատուրովը ցանկություն հայտնի գալ եւ զրուցել մեզ հետ, մենք, այնուամենայնիվ, պատրաստ ենք զրուցել իր հետ, եթե փոխի որոշումը, բնականաբար, մինչեւ մեր աշխատանքի ավարտը:

-Իսկ այն պատասխանները, որոնք ակնկալում էիք լսել Սերժ Սարգսյանից, ստացա՞ք, արդյոք եղա՞ն բացահայտումներ այդ հանդիպումից:

-Հավատացե՛ք, այս մեկ տարվա ընթացքում բոլոր քննարկումներն են անցել արդյունավետ, ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերի պատասխանները ստացանք:

-Բայց, կարծես թե, ձեր թիմը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ են եղել հանդիպումից…

-Ես առաջին անգամ եմ լսում, պարոն Փաշինյանը չի խառնվում ապրիլյան հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Այս ընթացքում պարոն Փաշինյանը մեր աշխատանքային քննարկմանը չի խառնվել երբեւէ: Մենք հսկայական աշխատանք են կատարել, երեւի ասեմ՝ հազարավոր էջեր ենք ուսումնասիրել: Այն ամենը, ինչ մենք ստացել ենք, ինչ ունենք հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ, մենք ներկայացնելու ենք հանրությանը առանց որեւէ բան թաքցնելու, եթե դա չի վտանգի ազգային անվտանգությանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս