Պետական պարտքը կավելանա, եկամուտները՝ կնվազեն․ 2020 թվականի նոր կանխատեսումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի համար կանխատեսումները փոխվեցին։ Կառավարությունը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությամբ, որը կքննարկվի Ազգային ժողովում՝ ապրիլի 28-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ժամանակ։ Ըստ այդմ, 2020 թվականին անվանական ՀՆԱ-ն պետական բյուջեի հիմքում դրված ՀՆԱ-ի նկատմամբ կլինի ավելի ցածր: Հաշվի առնելով նաեւ հարկեր/ՀՆԱ-ի կրճատումը, 2020թ.-ին սպասվում է հարկային եկամուտների զգալի նվազում:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ կորոնավիրուսի ինտենսիվ տարածումը հղի է նաեւ լուրջ տնտեսական հետեւանքներով թե՛ միջազգային, թե՛ տեղական մասշտաբով: Բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով համաշխարհային եւ առանձին երկրների տնտեսական զարգացումները կընթանան ելակետայինի համեմատ ավելի վատատեսական սցենարներով, ընդ որում` տնտեսագետները մինչ այժմ յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում մի քանի անգամ վերանայել են իրենց կանխատեսումները` վատթարացման ուղղությամբ:

Միջազգային կազմակերպությունների գնահատականները` համաշխարհային տնտեսության եւ հիմնական գործընկեր երկրների զարգացման եւ հնարավոր ռիսկերի մասին, փորձագիտական գնահատականների հետ մեկտեղ օգտագործվել են ՀՀ տնտեսության վրա արտաքին զարգացումների ազդեցությունները գնահատելու համար: Ըստ այդ, արտաքին զարգացումների ազդեցությունը գնահատվել է հետեւյալ հնարավոր ուղղություններով.

  • Արտահանման հավանական կորուստներ (համաշխարհային մետաղակական եւ ոչ մետաղական գների եւ արտաքին պահանջարկի նվազման հետեւանքով),
  • Դրամական փոխանցումների ներհոսքի հավանական կորուստներ (ՌԴ-ում տնտեսական աճի նվազմամբ պայմանավորված աշխատողների դրամական եկամուտների կրճատման, ռուսական ռուբլու արժեզրկման, ինչպես նաեւ ՌԴ սահմանների փակման հետեւանքով),
  • Զբոսաշրջության հավանական կարուստներ (կորոնովիրուսի տարածման բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով միջազգալին զբոսաշրջիկների թվի կրճատման եւ տարատեսակ միջոցառումների հետաձգման հետեւանքով),
  • Ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված հայկական շուկայում ռուսական ապրանքների էժանացման հետեւանքով ՀՀ ներմուծման ծավալների աճի հաշվին հնարավոր կորուստներ (ՌԴ գնաճի վերաբերյալ գնահատականների բացակայությամբ պայմանավորված այդ գործոնը հաշվի չի առնվել):
  • Ներմուծման կրճատման ՀՆԱ-ի վրա դրական ազդեցությունը (նավթի համաշխարհային գների նվազման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա սկսել է առարկայանալ` նավթի մանրածախ գների անկման տեսքով):

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի հաղթահարման համար կիրառվող ներքին սահմանափակումների ՀՀ տնտեսության վրա ազդեցությունը եւ ՀՀ տնտեսական աճի հավանական կորուստները գնահատվել են հետեւյալ հիմնական ուղղություններով`

  • Արդյունաբերության ճյուղի նվազում` հիմնականում մշակող արդյունաբերության, այդ թվում` սննդամթերքի եւ խմիչքների արտադրության ու էլեկտրաէներգիայի մատակարարման նվազման հետեւանքով (բացառությամբ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների),
  • Ծառայությունների ճյուղի նվազում` մասնավորապես, առեւտրի, փոխադրումների, կացության եւ հանրային սննդի, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, զբոսաշրջության, ինչպես նաեւ մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ ու սպասարկման այլ ծառայությունների ծավալների նվազման հետեւանքով:

Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած վերոնշյալ բացասական գործոնների` պետական բյուջեի վրա ազդեցությունները գնահատվել են հետեւյալ ուղղություններով`

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կրճատում: Պատմական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները նվազում են ավելի շատ քան ՀՆԱ-ն, հետեւաբար տեղի է ունենում նաեւ հարկեր/ՀՆԱ-ի անկում: Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած ներքին եւ արտաքին բացասական գործոնների ազդեցությամբ սպասվում է նաեւ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նվազում:

Պետական բյուջեի պակասուրդի եւ պետական պարտքի աճ: Այս պարագայում, պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում պետական բյուջեի պակասուրդը կաճի եւ անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաեւ պետական պարտք ներքին եւ արտաքին աղբյուրներից:

ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների եւ արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում գնահատվել է, որ 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով:

Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը եւ ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս