ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկայում կսահմանվի պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի՝ բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը եւ դրանից օգտվելու կարգը: Խոսքը բջջային հավելվածով երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ հաղորդում տալու նախագծի մասին է: Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երեւանում:
Խնդիրը մտահոգիչ է Հայաստանի մյուս բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի այդ բնակավայրերում միջպետական, հանրապետական ու մարզային ճանապարհներին ապահովվի հսկողություն: Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն մեկ ընկերության կողմից: Սակայն ՀՀ ոստիկանությունն առաջարկում է ազատականացնել խախտումների արձանագրման շուկան՝ թույլ տալով մասնակցել այլ կազմակերպությունների եւս։
Ըստ նախնական գնահատման, եթե քաղաքացիների կողմից ուղարկված պիտանի նյութերի քանակը կազմի Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող ծառայողների եւ տեսանկարահանող սարքերի կողմից 2017-2019 թվականներին հայտնաբերված խախտումների միջինացված քանակի 10 տոկոսը, ապա կկազմվի շուրջ 60 հազար որոշում, ինչի արդյունքում բյուջեի մուտքը կլինի 450 մլն դրամ։ Բացի այս, նշենք, որ բջջային հավելվածով երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ հաղորդում տալու նախագիծը կառաջացնի նաեւ ծախսեր: Օրինակ, անհրաժեշտ է սերվեր իր պահոցով, որի մոտավոր արժեքը կազմում է մոտ 40 մլն դրամ։
Իսկ տեղեկատվական համակարգի մշակման, ներդրման, շահագործման, ընթացիկ պահպանման եւ սպասարկման ծախսերի վճարումներ ներդրողին ամսեկան հաշվարկով կկազմի շուրջ 135 մլն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան