Ազգային ժողովում գործող քննիչ հանձնաժողովներից միայն 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն է առաջիկայում ավարտելու իր աշխատանքներն ու զեկույց ներկայացնելու: Մյուս երեք հանձնաժողովները դեռ գործում են, մի քանիսի գործողության ժամկետն էլ երկարացվելու է:
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտելու է հունիսի 2-ին, սակայն դրանից հետո հանձնաժողովի անդամներն այլ նպատակներ ունեն և զեկույց կներկայացնեն միայն Արցախ մեկնելուց եւ այնտեղ հանդիպումներ ունենալուց հետո: Ամեն դեպքում նկատենք, որ այս հանձնաժողովը գործող 4 հանձնաժողովներից ամենաակտիվներից է եղել եւ մինչեւ այս մեկ տանսյակից ավել անձանց հրավիրել հանձնաժողով, հարցեր ուղղել:
Իսկ ինչ իրավիճակ է մյուս հանձնաժողովների պարագայում: Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը: Վերջին անգամ այս հանձնաժողովի անդամները նիստ են արել ապրիլի 17-ին և հանդիպում ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, որը ներկայացրել է ոլորտի զարգացումն ու խնդիրները:
Ուշագրավ է, որ ԱԺ պաշտոնական կայքում այս հանձնաժողովի գործունեության մասին մինչեւ այս տարվա ապրիլը ոչ մի տվյալ առկա չէր, և մնացած բոլոր տվյալները նախորդ տարվան են վերաբերվում: Օրինակ՝ նոյեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովը երկու անգամ է նիստ արել. նոյեմբերի 19-ին հանդիպել են Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Վահրամ Մկրտչյանին և «Էջմիածին» ՋՕԸ տնօրեն` Սամվել Համբարձումյանին, իսկ նոյեմբերի 29-ին էլ՝ այլ ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ: Նշենք, որ մինչև այժմ այս հանձնաժողվոը 6 նիստ է անցկացրել:
Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երկարացման հարցն արդեն այս նստաշրջանի օրակարգում է: Մինչև այժմ հանձնաժողովը երկու նիստ է անկացրած եղել և որպես այդպիսին գործունեություն չեն իրականացրել: Այս հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանն է:
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի գլխավորած Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը ևս 3 ամսով երկայացվելու է: Այս հանձնաժողովն ամենաակտիվներից է և մինչև այժմ 9 նիստ է անցկացրել: Վերջին նիստն անցկացվել էր մարտի 9-ին, որի ժամանակ հանդիպել էին արդեն Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին:
Հավելենք, որ խորհրդարանում ստեղծվել, սակայն չի գործում 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Այն իրավունքի ուժող ստեղծվեց, սակայն իշխող ուժը տապալեց անդամների թիվը հաստատելու որոշումը և այն չի կարողանում գործել:
Նաիրա Հովհաննիսյան