ՎԱՆԵՑՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ այն հայտարարությունների մասին, որոնք արվել էին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ: Հակոբյանը նշեց, թե այդպիսի հայտարարություններ է արել, քանի որ կասկածներ ունի: Հիշեցնենք, որ Հրաչյա Հակոբյանը հրապարակային կերպով մի քանի հարց էր ուղղել Արթուր Վանեցյանին: «Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը», – նշել էր նա:

 

-Պարո՛ն Հակոբյան, օրերս Ձեր սոցցանցի էջով հռետորական մի հարց հնչեցրիք, որը տարակուսանք է առաջացրել. «Իսկ կարող է մի օր էլ պարզվի որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով»: Ինչո՞ւ եք որոշել նման հռետորական հարց հնչեցնել:

-Հարցեր են, որովհետեւ երբ եղան մի քանի հարցադրումներ տարբեր կողմերից, ես պարզապես ունեի իմ ներսում հարցեր,  որոնք որոշեցի պարզաբանել: Կային հռետորական հարցեր եւ կային հարցեր, որոնց պատասխանը կարող էր հնչել, եւ դրանք չդառնային հռետորական հարցեր: Բայց դրանց պատասխանները չհնչեցին:

-Դուք, ինչ-որ տեղեկություն ունե՞ք, որի արդյունքում նման հարց է առաջացել:

-Կասկածներ ունեմ ինքս իմ մեջ: Որեւէ տեղեկություն, որպես էդպիսին, չունեմ, բայց կասկածներ ունեմ:

-Դուք նախորդ անգամ էլ հարց հնչեցրիք՝ Արթուր Վանեցյանի հեղաշրջման փորձի հետ կապված: Ի՞նչ կասեք:

-Ես դա մեկնաբանեցի՝ կարդալով հոդվածը, թե ինչ տպավորություն եմ ստացել այդ հոդվածից: Դա մեկնաբանել եմ, խոսել եմ այդ մասին: Սրանք ուղղակի կասկածներ են, որոնք յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք, կարծում եք՝ այդ հարցերի պատասխանն անձամբ Վանեցյա՞նը պետք է տա:

-Այդ հարցերի պատասխանն արդեն իսկ չտրվեց. եղան այդ հարցերը, եւ ի պատասխան հարցի՝ նրանք որոշեցին դիմել դատախազություն: Ստացվեց, որ ես ունեմ եւ հնչեցնում եմ հարցեր, իսկ նրանք դիմում են դատախազություն ու ասում՝ պարզեք՝ ինչու է մեզ այս հարցերը տալիս:

-Գուցե ունե՞ք ապացույցներ եւ առաջիկայում կհրապարակե՞ք:

-Ապացույցներ այս պահին չունեմ: Վերլուծելով որոշ գործողություններ՝ ունեմ կասկածներ:

-Ձեր կասկածներից մեկը կնշե՞ք:

-Դրանք տարբեր են: Հիմա չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել:

-Այսինքն՝ ստացվում է, որ Դուք խոսքերի՞ց եք եզրակացություն անում:

-Խոսքերից, նաեւ գործողություններից:

-Օրինակ՝ ի՞նչ գործողություն, նշեք որեւէ մեկը:

-Օրինակ՝ շատ հաճախ օտար երկրներ գործուղումներից:

-Կնշե՞ք այն երկրները, որոնք ֆիքսել եք:

-Լրատվամիջոցներում տարածվեց այդ լուսանկարները, դրանց եղան արդարացումներ, բայց կան նաեւ կասկածներ:

-Դուք հատուկ երկիրը նշե՞լ էիք:

-Մի դեպքը կապված էր Մոսկվայի հետ, գաղտնալսման դեպքը՝ Շվեյցարիայի հետ:

-Իսկ այդ կասկածներն ինչո՞ւ անձամբ չեք ներկայացնում իրավապահահ մարմիններին, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն, թե պաշտոնանկությունից առաջ ինչ է տեղի ունեցել:

-Ես չունեմ հիմնարար տեղեկություններ. եթե ունենայի, ես կդիմեի դատարան, դատախազություն: Ես պարզապես ունեմ հարցեր, կասկածներ, որոնց մասին բարձրաձայնել եմ:

-Քանի որ Դուք Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմ անդամ եք համարվում եւ հենց հարցը Դուք եք հնչեցնում, բոլորի մոտ տարակուսանքի առիթ է հանդիսանում, թե ինչու են այդ հարցերը հենց Ձեզ մոտ առաջանում:

-Ի՞նչ ասեմ… Տարակուսանք կարող է լինել:

-Պարո՛ն Հակոբյան, Ձեզ դատի՞ են տալու նման հարցեր հնչեցնելու համար:

-Դիմել են դատախազություն:

-Իսկ դատախազությունը Ձեզ հրավիրե՞լ է հարցաքննության:

-Ոչ, դեռ ոչ:

-Ի՞նչ եք կարծում, արդյոք դատախազությունը կկարողանա՞ ինչ-որ բան բացահայտել:

-Ես չգիտեմ՝ դատախազությունը հարց հնչեցնելու հետ կապված ինչ գործառույթներ ունի իրականացնելու: Այդ բոլոր հարցերի պատասխանը կտան դատախազությունից, թե արյդոք կարելի է հարց հնչեցնելու հետ կապված մարդուն պատասխանատվության ենթարկել, այն էլ՝ քրեական:

-Արթուր Վանեցյանը նաեւ նշել է, որ իշխանությունները վախ ունեն իր անձի հետ կապված, ինչի համար երբեմն այդպիսի հռետորական հարցեր են հնչում, երբեմն մեղադրանքներ են հնչում եւ այլն: Արդյոք իշխանությունը վախ ունի՞ Վանեցյանից:

-Միանշանակ ոչ: Իշխանությունը բազմիցս ասել է, որ մենք միակ սուբյեկտը, ում առջեւ պատասխանատու ենք ու, այո, երմեմն նաեւ վախ ունենք, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Այս պահի դրությամբ դեռ չկա որեւէ քաղաքական ուժ, ումից մենք վախ զգանք: Մենք ուզում ենք, որ մի օր լինի այնպիսի ընդդիմություն, որ մենք, այո, այդ ընդդիմության հետ հաշվի նստենք, պայքարի մեջ լինենք,  ինչու չէ, նաեւ վախ զգանք, բայց, ցավոք, մենք չունենք այդ  ընդդիմությունը:

 

 

 

 

 

ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ԴԻՄՈՒՄ ԳՐԵԼ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի օգնական Արմինե Սուքիասյանին նախ արձակուրդ են ուղարկել, իսկ օրերս էլ արդեն նախարարությունից հորդորել են ազատման դիմում գրել:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ոչ մի կերպ չի ցանկանում աշխատել այն անձանց հետ, ովքեր կարող են նախկինում աշխատած լինել իր նախկին տեղակալների հետ:

Հիշեցնենք, որ փետրվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը հայտարարել էր. «Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց եւ արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում եմ Գործադիր կառավարման կրթական ծրագրով: Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում եւ կառավարում, միջազգային համագործակցություն, առաջնորդություն ու էլի նման հետաքրքիր ու կարեւոր թեմաներ: Շատ եմ կարեւորում մասնագիտական շարունակական զարգացումը եւ ուրախ եմ, որ մի քանի բարին կամեցող մարդկանց աջակցությամբ ունեմ այս դպրոցում սովորելու հնարավորություն: Դուրս գալով ներկայիս աշխատանքից` ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր պետության համար կարեւոր այն բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ եւ ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում եւ այլն»:

Նշենք նաեւ, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արեւիկ Անափիոսյանը եւ նախարարը լուրջ կոնֆլիկտներ են ունեցել՝ հանրակրթական ոլորտում տեղի ունենալիք փոփոխությունների հետ կապված, ինչի պատճառով էլ նախարարը նրան հորդորել է դիմում գրել? պատճառաբանելով, թե այլ նպատակ ունի նախարարությունից հեռանալը: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարար Արայիկ Հարությունյանը վերջին ժամանակահատվածում լուրջ տարաձայնություններ ունի իր թիմի գրեթե  բոլոր ներկայացուցիչների հետ, որի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

 Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԹԵԺ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Այսօր կմեկնարկի Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, եւ այն բավական հագեցած օրակարգ կունենա: Նստաշրջանի օրակարգում 23 հարց է ընդգրկված, որոնցում կան այնպիսիք, որոնք կարող են երկար քննարկվել: Դրանց թվին է պատկանում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ 2019թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը, 2019թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019թթ. հաղորդումը: Սրանք բոլորը ծավալուն փաստաթղթեր են, եւ դատելով այն քննարկումներից, որ եղել են մշտական հանձնաժողովներում, ապա լիագումար նիստերին եւս ակտիվ է լինելու: Բացի այս նախագծերից, չորեքշաբթի օրը, ինչպես միշտ, տեղի կունենա ավանդական հարցուպատասխան կառավարության ներկայացուցիչների հետ, որը եւս խոստանում է թեժ լինել: Այսինքն՝ այս նստաշրջանը սովորականից ավելի երկար է տեւելու, եւ չի բացառվում, որ նստաշրջանը շարունակվի նաեւ հաջորդ շաբաթ:

 

 

 

 

ԱԺ-ՈՒՄ ԿՈՆՏԱԿՏ ԿԱ

ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտ, որը ԱԺ-ի աշխատակից է. այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «ԱԺ-ի աշխատակիցը մեկուսացվել է: Այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում: Տնտեսվարող սուբյեկտի անունը ոչ մի բան չի փոխում գործողությունների առումով»,- ասել է նա: Ի դեպ, նախարարը նաեւ նշել է, որ գրանցվել է նաեւ մահվան դեպք, երբ 69-ամյա քաղաքացին չի ունեցել խրոնիկ հիվանդություն: «Վիճակագրություն ապաքինվածների մասով չունենք, մահացածների մասով ունենք: Ունեցել ենք շատ ծանր դեպք, երբ երիտասարդ քաղաքացին էլի խրոնիկական հիվանդություններ չի ունեցել, բայց շատ ծայրահեղ ծանր է եղել եւ փաստացի մի կերպ է փրկվել»,-ասել է նա: «Բոլոր նրանք, ովքեր դուրս են գրվում, պրակտիկ առողջ քաղաքացիներ են եւ որեւէ գանգատ չեն նշում, հակառակը՝ այդ հիվանդությանը բնորոշ է երկարատեւ, առանց սիմպտոմների ընթացքը, որն իրենք նույնիսկ բուժման ընթացքում որեւէ գանգատ չեն նշում եւ զարմանում են, թե ինչու են իրենց պահում հիվանդանոցային կամ հյուրանոցային պայմաններում»,- ամփոփել է Ա. Թորոսյանը:

 

 




Լրահոս