Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների ներսում վերջին օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կապված: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ՝ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երեւանի քաղաքապետարանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրինությունը իր հարակից տարածքում գտնվող մոտ հարյուր հեկտարի հասնող հողատարածքը ցանկանում է մշակել, քանի որ այն տարիներ շարունակ անմշակ է եղել: Սակայն քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է, թե այն իր հաշվեկշռում չէ:
Մեր տեղեկություններով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ներքին կարգով պահանջ է դրել, որպեսզի հողատարածքը ներառվի իրենց վերահսկողության տակ, որպեսզի կարողանան այն մշակել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ իրավիճակն այնքան է թեժացել, որ գործը հասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Աշխատակազմի երիտասարդ ղեկավարն էլ հանդիպումներ է ունեցել կողմերի հետ ու փորձել է խնդիրը հարթել: Ըստ մեր տեղեկությունների՝ կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, ինչի համար էլ Աղաջանյանը հայտարարել է, թե իրենք առաջիկայում քննարկում կկազմակերպեն, որպեսզի հասկանան, թե ինչպես կարող են այս սկանդալային իրավիճակին լուծում տալ:
Armlur.am լրատվականը եղել է Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում գտնվող եւ կռվախնձոր դարձած անմշակ հատվածում: Արձանագրեցինք, որ այնտեղ իսկապես անմիթար վիճակ է. ոչ մի ծառ չի մշակվել, բլուրի վրա գտնվող հողատարածքն անհուսալի վիճակում է: Անզեն աչքով էլ երեւում է, որ տարիներ շարունակ այդ հատվածում որեւէ աշխատանք չի կատարվել, ինչի համար էլ նման տգեղ իրավիճակ է ստեղծվել: Հավելենք, որ այդ տարածքում նախատեսված էր կառուցել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշայգի: Armlur.am լրատվականը փորձեց տեղում զրուցել նաեւ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, սակայն մեզ տեղեկացրին, որ ինստիտուտը փակ է, տնօրինությունից մարդ չկա: Մարությանը մեր հարցին պատասխանեց գրավոր ու հայտարարեց. «Տարածքը թանգարանին անհատույց օգտագործման է հանձնվել դեռ 2004թ-ին: Մենք որոշ քայլեր ձեռնարկեցինք, որ դա ինստիտուցիոնալիզացնենք, նամակ պատրաստվեց վարչապետին, թե ինչու այն պետք է լինի հուշայգի, հետո պատասխան եկավ գլխավոր ճարտարապետից, որ ընդամենը ուզում են կանաչապատել տարածքը:
Մեկ անգամ եղավ հանձնարարական, եւ այդ հարցը քննարկվեց անշարժ գույքի պետական կոմիտեում, մենք ներկայացրինք մեր պլանները՝ հուշայգու գաղափարը, ինչպես նաեւ շատ հստակ ասվեց, որ այս խնդիրը նաեւ քաղաքական բովանդակություն ունի եւ շատ կարեւոր է ՀՀ-ի համար: Մեր առաջարկը գնաց վերեւ, հետո կրկին եկավ հանձնարարական այն փաստաթղթի ձեւով, որը Ձեզ արդեն հայտնի է դարձել: Որեւէ այլ զարգացում սրանից հետո ինձ հայտնի չէ: Տեղյակ եմ, որ քննարկումներ կան: Եվ դա նորմալ է»: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարան չենք դիմել, քանի որ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեր լրատվամիջոցի հարցերին չի պատասխանում: Մենք այս հարցի շուրջ զրուցել ենք նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ:
Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց. «Քննարկումներ են տեղի ունեցել: Երկու անգամ քննարկում ենք ունեցել, եւ որոշում է կայացվել՝ այգու հետագա զարգացման հետ կապված»: Մեր այն հարցին, թե կոնկրետ ինչ որոշում է կայացվել, վերջինս պատասխանեց. «Որեւէ փոփոխություն չկա, ուղղակի որոշել ենք, որ պետք է այգու զարգացման ռազմավարություն մշակվի, որի հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել, եւ ընթացքում հանրությանը կտեղեկացնենք»:
Այն կլինի Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում, թե ոչ, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ այս պահին նման որոշում չկա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան