ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԿՌՎԱԽՆՁՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում վերջին օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կապված: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երեւանի քաղաքապետարանին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրինությունն իր հարակից տարածքում գտնվող, մոտ հարյուր հեկտարի հասնող հողատարածքը ցանկանում է, որպեսզի քաղաքապետարանը մշակի, քանի որ այն տարիներ շարունակ անմշակ է եղել, սակայն քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է, թե այն իր հաշվեկշռում չէ: Մեր տեղեկություններով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ներքին կարգով պահանջ է դրել, որպեսզի հողատարածքը ներառվի իրենց վերահսկողության տակ, որպեսզի կարողանան այն մշակել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ իրավիճակն այնքան է թեժացել, որ խնդիրը հասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Աշխատակազմի երիտասարդ ղեկավարն էլ հանդիպումներ է ունեցել կողմերի հետ ու փորձել է խնդիրը հարթել: Բայց, ըստ մեր տեղեկությունների, կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, ով նշեց. «Տեղյակ եմ, որ քննարկումներ կան։ Եվ դա նորմալ է»:  Մենք զրուցել ենք նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: «Որոշել ենք, որ պետք է այգու զարգացման ռազմավարություն մշակվի, որի հետ կապված համապատասխան հանձնարարականներ ենք տվել», – նշեց նա:

 

 

 

Կառավարությունը, ըստ ամենայնի, կերկարացնի մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս պահին իշխանության ներսում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետաձգման հարցը, եւ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելը դրա լուծումներից մեկն է: «Ժողովուրդ» օրաթերթը երկարաձգելու հարցի վերաբերյալ մեկնաբանության համար դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին, ով մեզ հետ զրույցում հայտնեց. «Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն այս պահին գտնվում է քննարկման փուլում, վերջնական որոշում չկա. երբ կլինի վերջնական որոշում երկարաձգելու կամ արտակարգ դրությունը դադարեցնելու մասին, ապա հանրությանը տեղյակ կպահենք այդ մասին։ Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ապա այդ հարցն այս պահին չի քննարկվում, քանի որ առաջնահերթությունը տրված է մեր քաղաքացիների, հայրենակիցների առողջությանը, եւ եթե լինի արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտություն, ապա դա կլինի միայն այդ նպատակով»։ Այսինքն՝ ըստ էության, առաջիկայում հանրաքվեն տեղի չի ունենա, եւ ՍԴ-ի՝ այդքան կարեւորություն ներկայացնող հարցը լուծում չի ստանա:

 

 

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչ օրս շարունակում է քննարկվել հարցը՝ ինչու Քյարամյանը 1 օրում երկու պաշտոն ստացավ՝ հաստատվելով Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացրին, որ այդ նշանակումը ուղղակի առնչություն ունի պետական գաղտնապահ այդ կառույցից դուրս սպրդող ինֆորմացիաների հետ: Բանն այն է, որ ՀՀ վարչապետին մի քանի անգամ զեկուցվել է, որ ԱԱԾ-ից արտահոսք է լինում, ու կասկածներ կան, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որոշակի ինֆորմացիաների է տիրապետում: Դրա համար Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ՝ որպես վարչապետի հավատարիմ եւ աչալուրջ պաշտոնյա: Նրա առջեւ խնդիր է դրված փակել հնարավոր արտահոսքերը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Քյարամյանը պաշտոնապես համակարգելու է ԱԱԾ քննչական մարմինների աշխատանքը: Հիշեցնենք, որ Քյարամյանին այդ պաշտոնում նշանակելու համար նրան նախ կես օրով նշանակեցին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, տրվեց նաեւ գնդապետի կոչում, որպեսզի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի նշանակման չափանիշներին համապատասխանի: Բանն այն է, որ վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից նա չէր կարող միանգամից նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, քանի որ ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար կոշտ չափանիշներ կան՝ չհաշված այն, որ այդ պաշտոնում կարող է նշանակվել միայն գնդապետի կոչումից ոչ ցածր կոչում ունեցողը:

 

 

 

2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ  2020թ. ապրիլին, մարտի համեմատ, կարագի գինն աճել է 2.9%-ով, արեւածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4.0%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը՝ 6.0%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով: Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5%-ով, այդ թվում՝ ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով: Մրգի ապրանքախմբում 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 9.2%, իսկ 2020թ. մարտի համեմատ` 8.3% գնաճ:  Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 3.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 4.2% գնաճ: Ձվի գինը 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, նվազել է 17.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ արձանագրվել է 19.8% գնաճ: 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1.0%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.0% գնաճ: Իսկ, ահա,  2020թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 17.1% եւ 9.2% գնանկում: 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 21.5% եւ 17.0%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 20.8% եւ 13.2%-ով։

 

 

 

 




Լրահոս