Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն էր 2017 թ. մարտին խորհրդարանում հայտարարել, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով: «Ինչ որ հայտարարել եմ, այդ հայտարարությանը տեր եմ: 460 տոննան, որը որ եկել է, կերոսին չի, այլ վառարանային վառելիք է, եւ այդպիսի սպառում մենք այս պահին Հայաստանում կասկածում ենք, որ ունենք: Եվ ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք»,-խոսելով Ապրիլյան պատերազմի հանգամանքների մասին՝ հայտարարել էր նախկին վարչապետը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նշված հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Կարապետյանը ներկայանալու է հանձնաժողով:
-Տիկի՛ն Պողոսյան, հանձնաժողովը երկուշաբթի նիստ ունի, արդյոք հստա՞կ է, որ նախկին վարչապետը ներկա լինելու է նիստին:
-Նախնական պլանավորված է: Դեռ հաստատ չէ, մենք հրավերն ուղարկել ենք, բայց քանի որ հաստատուն դեռ չենք ստացել, մենք ուղղակի զգուշացվել ենք, որ կարող է նիստ լինել:
-Տիկի՛ն Պողոսյան, Կարեն Կարապետյանին է, չէ՞, հրավերն ուղարկվել, ի՞նքն է ներկայանալու:
-Այո:
-Դեռեւս չի՞ հաստատել:
-Ոչ, դեռ չի հաստատել, մեզ հետ կապի դուրս չի եկել դեռ:
-Բայց եթե այլ օր հարմար լինի նախկին վարչապետին, այդ դեպքում հանձնաժողովը պատրա՞ստ է նիստն այդ օրը կազմակերպել:
-Պարոն Քոչարյանն ասաց, որ եթե նույնիսկ օրը հարմար չլինի, Պաշտպանության հանձնաժողովը երկու ժամվա ընթացքում կկազմակերպի, եւ նիստը տեղի կունենա: Բայց հիմա մենք կոնկրետ օրով հրավերն ուղարկել ենք, մայիսի 11-ին հրավերն ուղարկել ենք:
-Տիկի՛ն Պողոսյան, իսկ սա արդյոք պայմանավորվա՞ծ է հանգամանքով, որ Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցից հետո առաջացավ հարց, որ Կարեն Կարապետյանը եւս ներկա լինի հանձնաժողովին եւ ներկայացնի իր դիրքորոշումը:
-Գիտեք, անվտանգության եւ գաղտնիությունից ելնելով՝ ես շատ բաներ ասել չեմ կարող, հանձնաժողովի ընթացքում ու աշխատանքների չենք կարող բացել, բայց ենթադրաբար Սերժ Սարգսյանից հետո այլեւս հրավեր պետք է չունենայինք, բայց հիմա հարցեր են առաջացել, ու էլի հանդիպումներ ենք ունենալու, նույնիսկ Արցախ ենք գնալու, որից հետո նոր զեկույց կլինի:
-Արցախ գնալն առաջիկայո՞ւմ է պլանավորված:
-Այո, առաջիկայում գնալու ենք Արցախ, որը պլանավորված է:
-Այսինքն՝ մայիսի վերջին կլինեք Արցախում, որից հետո զեկույցը կլինի՞: Հունիսին պետք է զեկույցը ներկայացնե՞ք:
-Հունիսին աշխատանքն ավարտում ենք, որից հետո արդեն կսկսենք աշխատել զեկույցի վրա: Հանձնաժողովը, որպես էդպիսին, չի անի, բայց մենք այդ ընթացքում կաշխատենք զեկույցի վրա:
-Այսինքն՝ հնարավորություն ունեք ավարտեք Ձեր հարցաքննություններն ու հանդիպումները, հետո միայն սկսեք զեկույցի վրա աշխատե՞լ:
-Այո, հունիսին ավարտվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, բայց զեկույցի համար հնարավորություն ունենք աշխատելու, որպեսզի ներկայացնենք:
-Տիկին Պողոսյան, Արցախում պաշտոնյայի հե՞տ պետք է հանդիպեք:
-Արցախում դրանից առաջ էինք պլանավորել: Մի քանի հանդիպումներ ունեինք, ուղղակի կորոնավիրուսով եւ այլ հանգամանքներով պայմանավորված՝ հետաձգեցինք, բայց այս ամսվա վերջ գնալու ենք Արցախ եւ հանդիպելու: Հանձնաժողովը դեռ թույլտվություն չի տվել բարձրաձայնելու, թե ում հետ ենք հանդիպելու, բայց ասեմ, որ հանդիպումներ ունեննալու ենք զինվորականների եւ պաշտոնյաների հետ:
-Ենթադրվում է՝ նախկինների հետ հանդիպում կլինի:
-Ե՛վ նախկին, ե՛ւ ներկա. այն մարդիկ, որոնք այս գործի շրջանակներում կարող են որեւէ ձեւ օգնել մեզ:
-Սա վերջի՞ն հրավերն է, այսինքն՝ վերջին հարցաքննվո՞ղն է լինելու Կարեն Կարապետյանը հանձնաժողովում, թե՞ ձեր ցուցակում կան այլ մարդիկ, որ նորից կհրավիրվեն հանձնաժողովի նիստի:
-Տեղյակ եք, որ մեր ցուցակում կա նաեւ Յուրի Խաչատուրովը, որը ցանկալի է, որ գա, որովհետեւ իրեն շատ հարցեր ունենք տալու: Ճիշտ չի լինի, որ առանց այդ հարցերը լսելու մենք բոլոր մյուս հարցաքննվողների պատասխաններով եզրակացություն անենք: Դրա համար լավ կլինի, որ նա պատրաստակամ լինի զրուցելու մեզ հետ:
-Այիսնքն՝ կրկին հրավեր կուղարկվի՞, թե՞ դեռեւս պետք է սպասեք նրա արձագանքին:
-Հրապարակային ասվել է, պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել: Բայց Ա. Քոչարյանը հանձնաժողովի հետ որոշել է, որ եթե անհրաժեշտություն լինի, մենք պատրաստ ենք կրկին ուղարկել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՑ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱԿՏԻՎ
ԱԺ-ում գործող քննիչ հանձնաժողովներից միայն 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն է առաջիկայում ավարտելու իր աշխատանքներն ու զեկույց ներկայացնելու: Մյուս երեք հանձնաժողովները դեռ գործում են, մի քանիսի գործողության ժամկետն էլ երկարացվելու է:
2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտելու է հունիսի 2-ին, սակայն դրանից հետո հանձնաժողովի անդամներն այլ նպատակներ ունեն եւ զեկույց կներկայացնեն միայն Արցախ մեկնելուց եւ այնտեղ հանդիպումներ ունենալուց հետո: Ամեն դեպքում, նկատենք, որ այս հանձնաժողովը գործող 4 հանձնաժողովներից ամենաակտիվներից է եղել եւ մինչեւ այս մեկ տանսյակից ավելի անձանց հրավիրել է հանձնաժողով եւ հարցեր ուղղել: Իսկ ի՞նչ իրավիճակ է մյուս հանձնաժողովների պարագայում: Արարատի եւ Արմավիրի մարզերում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը: Վերջին անգամ այս հանձնաժողովի անդամները նիստ են արել ապրիլի 17-ին եւ հանդիպում ունեցել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, որը ներկայացրել է ոլորտի զարգացումն ու խնդիրները: Ուշագրավ է, որ ԱԺ պաշտոնական կայքում այս հանձնաժողովի գործունեության մասին մինչեւ այս տարվա ապրիլը ոչ մի տվյալ առկա չէր եւ մնացած բոլոր տվյալները նախորդ տարվան են վերաբերում: Օրինակ՝ նոյեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովը երկու անգամ է նիստ արել՝ նոյեմբերի 19-ին հանդիպել են Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրեն Վահրամ Մկրտչյանին եւ «Էջմիածին» ՋՕԸ տնօրեն Սամվել Համբարձումյանին, իսկ նոյեմբերի 29-ին էլ՝ այլ ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ: Նշենք, որ մինչեւ այժմ այս հանձնաժողովը 6 նիստ է անցկացրել: ՀՀ ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երկարացման հարցն արդեն այս նստաշրջանի օրակարգում է: Մինչեւ այժմ հանձնաժողովը երկու նիստ է անկացրած եղել եւ, որպես այդպիսին, գործունեություն չեն իրականացրել: Այս հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանն է: ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի գլխավորած Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը եւս 3 ամսով երկայացվելու է: Այս հանձնաժողովն ամենաակտիվներից է եւ մինչեւ այժմ 9 նիստ է անցկացրել: Վերջին նիստն անցկացվել էր մարտի 9-ին, որի ժամանակ հանդիպել էին արդեն շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին: Հավելենք, որ խորհրդարանում ստեղծվել, սակայն չի գործում 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Այն իրավունքի ուժող ստեղծվեց, սակայն իշխող ուժը տապալեց անդամների թիվը հաստատելու որոշումը, եւ այն չի կարողանում գործել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳՆԱՑ ՆԵՂԱՑԱԾ
Էրիկ Գրիգորյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից նեղացած է հեռանում: Երեկ Է. Գրիգորյանը սոցցանցի իր էջում բացատրվել է, թե ինչու է աշխատանքից ազատվել: Գրառման մեջ Է. Գրիգորյանը նկատել է, որ իրենց աշխատանքներն այս համատարած սենսացիոն եւ լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չեն գտել եւ հնչեղություն չեն ստացել: Ապա ենթադրել է. «Միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով, քան աղմուկ հանելով»: Ստացվում է, որ Գրիգորյանն ակնարկել է այն մասին, որ իր եւ իր թիմի կատարած աշխատանքը ոչ ոք չի նկատել: Գրիգորյանի երկարաշունչ խոստովանությունը բավարար է՝ հասկանալու համար, որ ինքը բավականին վիրավորված ու նեղացած է հեռանում: «Չի կարող կառուցվել եւ հզորանալ որեւէ պետություն, եթե չհարգվի պետական ծառայողի աշխատանքը՝ առաջին կարգի մասնագետից մինչեւ վարչապետ եւ նախագահ»,- նշել է նախկին նախարարը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգորյանն այդպես էլ չի կարողացել համակերպվել կառավարման այս համակարգի հետ: Բայց նա իր պարզաբանման մեջ, մեղմ ասած, ազնիվ չի եղել եւ առարկայական պատճառներ չի ներկայացրել, թե ինչու է ազատվել պաշտոնից: Ո՞վ կամ ովքե՞ր էին խանգարում Էրիկ Գրիգորյանին աշխատել: Հարց, որը դեռ պատասխան չունի, որին անգամ ինքը չի պատասխանում:
Բայց, չնայած սրան, Գրիգորյանը 111 կետով ներկայացրել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները: Իհարկե, նրա ներկայացրած կետերին ArmLur.am-ը առաջիկայում կանդրադառնա՝ պարզելու՝ արդյոք դրանք իրականացվել են, թե ոչ:
ՈՉ ՖՈՐՄԱԼ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը նախաձեռնել է անձամբ Էդմոն Մարուքյանը, որը ընդամենը ցանկանում էր փակ հանդիպումների միջոցով, ոչ ֆորմալ ֆորմատով տեղեկանալ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին: Հանդիպման ժամանակ խոսվել է կորոնավիրուսի դեմ պայքարի, ներկա իրավիճակի եւ շատ այլ հարցերի մասին: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ Մարուքյանը նախօրեին էլ հանդիպման էր հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին. հանդիպմանը քննարկվել են այդ գերատեսչությանը վերաբերող հարցերը եւ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները:
Հիշեցնենք, որ երեկ Է. Մարուքյանն իր աշխատասենյակում հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին: