Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել վերաբաշխում կատարել բյուջեում, որը պայմանավորված է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» եւ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ների՝ 2018 թվականի ավելացված արժեքի հարկի գծով առաջացած հարկային պարտավորությունները մարելու անհրաժեշտությամբ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի պետական բյուջեով հաստատված «Հանրային իրազեկման ապահովում» ծրագրով Սերժ Սարգսյանի ծախսերում նախատեսված չի եղել ավելացված արժեքի հարկի գծով ծախսեր, ինչպես նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների եւ տարածքների շահագործման եւ սպասարկման ծառայություններ իրականացնող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի մասով եւս վերոնշյալ ծախսերը նախատեսված չեն եղել:
Նշվում է նաեւ, որ նշված ՊՈԱԿ-ների գործունեության արդյունքում 2018 թվականին ավելացված արժեքի հարկի գծով պետական բյուջե վճարելիք գումարների մասով առաջացել են հարկային պարտավորություններ` ընդհանուր գումարով 343,259.0 հազ. դրամի չափով (ներառյալ տույժերն ու տուգանքները), եւ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ՊՈԱԿ-ների բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաեւ բյուջեի նկատմամբ պարտավորությունները մարելու նպատակով նախատեսել գանձող մարմնի կողմից սահմանած գումարները:
Ընդ որում, նշվում է, որ 2020 թվականի պետական բյուջեով նշված ՊՈԱԿ-ների մասով նախատեսված ծախսերի շրջանակներում հնարավոր չէ իրականացնել 2018 թվականի հարկային պարտավորությունների մարումը, որոնց մասով կիրառվող տույժերը օրեցօր աճում են: Եվ արդյունքում անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտներից հատկացնել 343,259.0 հազ. դրամ, որից 254,290.0 հազ. դրամը՝ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, 88,969.0 հազ. դրամը` «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, ավելացված արժեքի հարկի գծով կուտակված պարտավորությունները մարելու համար:
Միեւնույն ժամանակ նախագծի վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Չնայած նրանք նախագծի վերաբերյալ առարկություն չեն հայտնել, սակայն նոր տվյալներ են հաղորդել: Մասնավորապես, 2020թ. ապրիլի 22-ի դրությամբ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ավելացված արժեքի հարկի գծով չկատարած հարկային պարտավորությունը կազմում է 244 մլն 96 հազար դրամ, որից ապառք՝ 98 մլն 737 հազար դրամ, տույժ՝ 37 մլն 087 հազար դրամ, տուգանք՝ 108 մլն 271 հազար դրամ, իսկ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ավելացված արժեքի հարկի գծով չկատարած հարկային պարտավորությունները՝ 81 մլն 559 հազար դրամ, որից ապառք՝ 27 մլն 912 հազար դրամ, տույժ՝ 17 մլն 220 հազար դրամ, տուգանք՝ 36 մլն 425 հազար դրամ:
Ընդ որում, չկատարված հարկային պարտավորությունների մասով, ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան, շարունակվում են հաշվարկվել տույժեր, հետեւաբար տույժերի մասով որոշման նախագծով նախատեսված գումարը ենթակա կլինի վերահաշվարկման:
Նկատենք, սակայն, որ առաջին դեպքը չէ, երբ այս ՊՈԱԿ-ին գումար են տալիս գոյացած պարտքերը մարելու համար: Օրինակ՝ 2019 թվականի հունիսի 27-ին որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 48 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին «Կոնդի առանձնատների տնտեսության»՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը խմելու ջրի դիմաց գոյացած պարտքի մարման համար: Հարցը ներկայացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործված խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կուտակել է պարտք, որը կազմում է 48,9 մլն դրամ:
Հավելենք, որ դեռեւս 2018 թվականի մարտի 27-ի կառավարության որոշման համաձայն՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի լիազորությունները ՀՀ նախագահի աշխատակազմից անցել էին ՀՀ կառավարության աշխատակազմին: Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված էր 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Իսկ «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործունեության առարկան եւ հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է:
«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը գտնվում է Ձորափի 74 հասեում: Այն իր մեջ ներառում է 9 շքեղ առանձնատուն եւ դրանց համար նախատեսված շինություններ: Առանձնատների 6-րդ մասնաշենքը, որը շահագործման է հանձնվել 2010 թվականից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը, զբաղեցված է եղել Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի կողմից: Նիկոլ Փաշինյանը եւ նրա ընտանիքը ապրում են 2-րդ մասնաշենքում, իսկ 3-րդ մասնաշենքը մինչեւ հրաժարականը զբաղեցնում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ընդհանուր առմամբ կառավարությանն առընթեր «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տարածքում գտնվող 9 առանձնատների վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից 2018 թվականին հատկացվել է 3 մլն 365 հազար դրամ, իսկ 2017-ին այդ գումարը կազմել է 4 մլն 620 հազար դրամ:
Հավելենք, որ կառավարության՝ 2018 թվականի մարտի 27-ի որոշմամբ՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի գերատեսչական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը եւ ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց ընտանիքների հետ միասին պաշտոնավարման ժամանակահատվածում: Սակայն նկատենք, որ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պաշտոնավարման ամբողջ ընթացքում բնակվել են իրենց բնակարաններում, այլ ոչ թե կառավարական «դաչաներում»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Արցախի Հանրապետությունում ավարտին են մոտենում «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական եւ կահավորման աշխատանքները: Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների եւ վիրուսների, այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ: Նախատեսվում է լաբորատորիան համալրել համապատասխան գույքով եւ սարքավորումներով եւ կարճ ժամկետում հանձնել շահագործման:
48.5 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է ագրեսիվ հարկային պլանավորման դեպք: Մասնավորապես, ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, հանրապետություն ներմուծելով էական առեւտրային քանակի միրգ, բանջարեղեն, այն մատակարարում է նախապես հայտնի գնորդներին, սակայն դուրս չի գրում համապատասխան ուղեկցող փաստաթղթեր: Պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը 2020թ. ընթացքում Վրաստանից Հայաստան է ներմուծել շուրջ 1500 տոննա միրգ եւ բանջարեղեն եւ, առանց հարկային հաշիվներ դուրս գրելու, դրանք ամբողջությամբ մատակարարել է ՀՀ տարածքում գյուղատնտեսական մթերքների առուվաճառքով զբաղվող տարբեր տնտեսվարող սուբյեկտների: Արձանագրված իրավախախտման փաստի արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է շուրջ 48.5 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
ՍԿՍԵԼ Է
ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանամերձ Տավուշում բանվորական ձեռնոց արտադրող ընկերությունը՝ «Տավուշ տեքստիլ»-ը, արդեն երկու օր է, ինչ սկսել է բժշկական պաշտպանիչ դիմակների արտադրությունը: Ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը հայտարարեց, որ հումքը ներկրում են Ռուսաստանից, որի գինը զգալի բարձր է: «Հայաստանում այնպես չէ, որ դիմակի արտադրություն կա, տանը կարված ինչ-որ բաներ են, չգիտեմ՝ ինչ ծագման հումքով են: Իսկ մեր արտադրածը բարձր որակի է, իրական նշանակության համար նախատեսված պաշտպանիչ դիմակներ են: Հումքը թանկ գնով ենք ձեռք բերում, հումքի գինը այս պահին միջազգային շուկայում բարձր է»,- փոխանցեց ընկերության տնօրենը: Դեղատների հետ պայմանավորվածություն ընկերությունը դեռ ձեռք չի բերել, այս պահին ընդամենը մի քանի դեղատներից առաջարկներ են ստացել: «Մեծածախ գինն այս պահի դրությամբ, հումքի գնով պայմանավորված, փոփոխական է, մոտ 150 դրամի սահմաններում կլինի, բայց պետք է վերահսկվի, որ դեղատները 150 դրամով ձեռք բերած դիմակը չվաճառեն 200 դրամով եւ գերշահույթներ չապահովեն: Իմ պատկերացմամբ՝ 150 դրամով ես տամ դեղատանը, իրենք պետք է այն վաճառեն 170-180 դրամով: Այս պահին դեղատներում այնպիսի անորակ դիմակներ կան, որոնք 200-220-250 դրամ արժեն: Թող Աստված տա՝ այս դիմակները մարդկանց պետք չգան»,- նկատեց ընկերության տնօրենը: Ապա նշեց, որ կորոնավիրուսի պատճառով իրենց ընկերությունը չի կարողանում բանվորական ձեռնոց արտադրել եւ արտահանել:
ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ՆՈՒՅՆՊԵՍ
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում Գավառում երկու անձի սպանության եւ չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել արդեն 17 անձի, եւս 4 անձ ձերբակալվել է` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը, Նորատուս եւ Գավառ համայնքի բնակիչներից բացի, այս օրերին հարցաքննության է հրավիրում նաեւ Գեղարքունիքի մարզի այլ համայնքների բնակիչների, քանի որ նախաքննական մարմինը տվյալներ ունի, որ Գավառի հիվանդանոցի վրա հարձակման գործընթացին մասնակցել են ոչ միայն Նորատուսի եւ Գավառի բնակիչները, այլեւ Գեղարքունիքի մարզի այլ համայնքների բնակիչներ , ուստի ամեն օր քննչական մարմինը 2 տասնյակից ավելի ծանուցումներ է ուղարկում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներ Գավառի կրակոցների գործով: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կրակոցներ են հնչել, 2 մարդ մահացել է, իսկ 4-ին տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով` կրակոցները հնչել են Գավառի համալսարանի մոտ։ Մենք հայտնել էինք, որ կրակոցների պատճառը Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ ծագած վեճն է եղել: Անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները: