Մեր մասին

Սիրելի՛ ընթերցող, բազմաթիվ կայքերի կողքին այսօրվանից կլինի «Ժողովուրդ».am-ը՝ ArmLur.am-ը:
Մամուլի դաշտում, կամ որ նույնն է` քաղաքական ասպարեզում, երբ որևէ նոր անուն կամ միավոր է հայտնվում, անմիջապես առաջանում է երկու բնական հարց՝ ո՞վ է այդ միավորի (մեր դեպքում՝ «Ժողովուրդ» օրաթերթի և կայքի) տերը,  ի՞նչ շահեր է սպասարկելու: Հարցերը բնական են, քանի որ, ցավոք, մեր իրականության մեջ քիչ չեն նման միավորներն ու լրատվամիջոցները, որոնք միշտ կանխատեսելի են և սպասարկում են կոնկրետ ուժերի կամ անձանց շահերը և  իրենց «կայանալու» ճանապարհին չեն խորշում ցեխ շպրտել բոլոր ուղղություններով: Բայց, բարեբախտաբար, նրանց կողքին կան իսկապես անկախ, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ, որոնք իրենց գոյությամբ ապացուցում են ազատ մամուլի առկայությունը մեր երկրում` բարձր պահելով մեր՝ լրագրողներիս պատիվը:
Մեր թերթն իր ձևավորմանը զուգընթաց անցավ բոլոր այս փորձությունների միջով և այսօր դարձել է ձեր սեղանի «մշտական բնակիչը»: Առանց վերամբարձ խոսքերի՝ միանգամից կարող ենք վստահեցնել, որ մեր թիկունքում չկա կանգնած որևէ քաղաքական ուժ: Մենք չունենք «պապաներ», չունենք թելադրողներ և պահանջներ ներկայացնողներ: Եվ պատահական չէ մեր կողմից ընտրված անունը` «Ժողովուրդ»: Այն իսկապես բոլորի թերթն է, և կայքն էլ որդեգրել է նույն սկզբունքները:
Իհարկե, մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ունենք մեր քաղաքական հստակ կողմնորոշումն այսօրվա ռեժիմի նկատմամբ, գիտակցում ենք նրա կործանարար գործունեության հետևանքները, բայց միաժամանակ չունենք նախընտրելի և մերժելի կերպարներ, չենք առաջնորդվում «սիմպատիաներով», «անտիպատիաներով»: Լուսաբանել և լուսաբանելու ենք ողջ դաշտը այնպես, ինչպես կա: Լինելու ենք հետևողական մեր կողմից բարձրացված բոլոր խնդիրներին: Մեր թերթն ու կայքը հավատարիմ կմնան որդեգրած կարգախոսին.  «Թերթ բոլորի և ամեն ինչի մասին»: Մեր միակ պատվիրատուն լինելու է ընթերցողը, այսինքն դուք` սիրելի՛ ժողովուրդ: Կարող եք վստահ լինել, որ ունեք ձեր թերթն ու կայքը: Չի լինելու որևէ պաշտոնյա, պատգամավոր, քրեական կամ այլ հեղինակություն, որի դատապարտելի արարքները չլուսաբանվեն մեր կողմից: Մեր ընթերցողը կարող է ցանկացած խնդրով դիմել խմբագրություն` (010, 096, 093) 54 64 23 հեռախոսահամարով ([email protected]), և մենք անարձագանք չենք թողնի ոչ մեկի խնդրանքը:
Ծանոթ լինելով հայրենի իշխանությունների գործելաոճին` բարեկամաբար խորհուրդ ենք տալիս «Ժողովուրդ»-ի հետ չխոսել ուժի դիրքերից կամ շահագրգռման այլ մեթոդներով: Մենք լավ գիտենք մեր իրավունքների ու պարտականությունների չափաբաժինը և պատրաստվում ենք իրացնել մեր բաժին իշխանությունը` որպես չորրորդ իշխանություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրանցվել է 07.12.2010թ.-ին, առաջին համարը լույս է տեսել 2011թ.-ի փետրվարի 1-ին:

ArmLur.am-ը կայքը գրանցվել է 30.11.2010թ.-ին, գործարկվել է՝ 01.03.2012թ.-ին:

***

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի խմբագրակազմը մշակել է մասնագիտական էթիկայի ներքին վարքականոն, որին կամավոր հետևում է։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Մենք՝ որպես զանգվածային լրատվության միջոց, կարեւորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը եւ ընդգծելով տեղեկացնելու՝ ԶԼՄ-ների պարտականությունը,

  • գիտակցելով մասնագիտական եւ բարոյական հնարավորինս բարձր չափանիշների հետեւելու եւ դրանց շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը, միաժամանակ չբացառելով լրագրողների՝ բարոյական ընտրության իրավունքը,
  • ընդգծելով խմբագրական անկախության պաշտպանության եւ հանրային շահին հակասող որեւէ մասնավոր շահով լրագրողներին չկաշկանդելու անհրաժեշտությունը,
  • ընդունելով, որ ԶԼՄ-ներն ու լրագրողները հաշվետու են իրենց լսարանի եւ միմյանց առջեւ,
  • արձանագրելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել միասնական կանոններ, սակայն կարելի է եւ հնարավոր է պահպանել պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշները, ընդունում ենք հետեւյալ սկզբունքները.

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

• «Ժողովուրդ» օրաթերթը և ArmLur.am լրատվական կայքը հիմնադրման օրվանից հավատարիմ են մնացել և մնում հռչակված նշանաբան-սկզբունքին՝ «Օրաթերթ բոլորի և ամեն ինչի մասին»: Լրատվամիջոցը՝ տպագիր և առցանց, չի արտահայտում որեւէ քաղաքական խմբի տեսակետը, որևէ քաղաքական ուղղվածություն չունի: Բաց է բոլոր քաղաքական հոսանքների, թևերի, գաղափարակիրների ներկայացուցիչների առջեւ իրենց տեսակետներն արտահայտելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի լրագրողներն ու խմբագիրը մշտապես աշխատում են հավասարակշռել արտահայտած տեսակետը՝ թեմայի շուրջ կազմակերպելով ընդդիմախոսի տեսակետի ներկայացումը: Որևէ տեսակետ դոմինանտ չէ խմբագրության համար:

ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

• Հեղինակային նյութեր, լուրեր հայթայթելիս, պատրաստելիս «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի լրագրողները ջանում են տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտել: Հրապարակման ճշգրտությունն ու բազմակողմանիությունը ապահովելու համար գործադրում են բարեխիղճ ջանքեր: Եւ եթե նույնիսկ անձը կամ կազմակերպությունը, որի մասին նյութում բացասական կարծիք կամ մեղադրանք է հնչեցվում, նույն հրապարակման մեջ հնարավորություն չի ունեցել իր ասելիքը ներկայացնել, մշտապես հնարավորություն ունի «Ժողովուրդ» օրաթերթի էջերում և ArmLur.am լրատվական կայքում նույնիսկ հաջորդ օրերին տալ պարզաբանոմ:

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

• «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի լրագրողները հարգում են զրուցակիցների խնդրանքը՝ չհրապարակելու իրենց անունը, տեղեկատվության աղբյուրը կամ չհրապարակելու մասնավոր զրույցում իրենց հայտնած տեղեկությունը. լրագրողական աղբյուրները թանկ են լրագրողների համար:

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

• «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի լրագրողները սեփական մեկնաբանություններում զերծ են մնում վիրավորանքներից:
• «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի լրագրողները անընդունելի են համարում գործընկեր լրատվամիջոցների կամ լրագրողների հասցեին քննադատություն հնչեցնելը, ինչպես նաև «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի հասցեին այլ լրատվամիջոցների կողմից հնչեցված քննադատություններին թերթի կամ կայքի միջոցով պատասխանելը:

ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ, ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔՈՒՄ

• «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի լրագրողները սոցիալական ցանցերում պետք է ցուցաբերեն զսպվածություն, հանդես չգան այնպիսի գրառումներով, որոնք կարող են ընկալվել որպես կողմնակալ մոտեցում այս կամ այն անձի, երևույթի նկատմամբ:

ՀԱՐԳԱՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

• «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, առանց փոխադարձ համաձայնության՝ բացառությամբ պաշտոնական տեղեկությունների: Իսկ պաշտոնյաների, հանրային գործիչների դեպքում հրապարակվող նմանօրինակ նյութերը պետք է սպասարկեն հանրային շահը, կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման կասկած հարուցեն:

«Ժողովուրդ» օրաթերթի և առցանց «Ժողովուրդ».am-ի (armlur.am)-ի խմբագրություն