Բոլորն օրենքի առջև հավասար են. վարչապետը՝ գործարարներին տուգանելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցի: Նա հիմնականում անդրադարձավ օրեր առաջ իր կողմից արված մի հայտարարության արձագանքներին:

Նշենք, որ օրեր առաջ Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հայտարարել էր, թե կառավարությանը լրացուցիչ ժամանակ է հարկավոր՝ ընկերություններին ստվերից դուրս բերելու համար: Շատ ընդդիմադիրներ այս հայտարարությունը որակեցին որպես կառավարության ձախողում:

«Ես ասել եմ, որ բոլորս հուլիսի 1-ից պետք է աշխատենք միասին և, ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ից մեր շրջանառության հարկը 3.9%-ից դառնալու է 1%, և փաստաթղթավորումը դառնալու է պարտադիր բոլորի համար: Այս ժամանակներում բոլորն էլ աշխատում են, և Ֆինանսների նախարարությունը պարբերաբար այդ մասին տալիս է հաշվետվություն և տեղեկացնում հանրությանը:

Վերջերս կառավարության նիստում կրկին հաշվետվության տեսքսով ներկայացվեց, թե ինչ է արվել այս մեկ ամսվա ընթացքում», – նշեց նա, հավելելով, որ իրենք մեկ անգամից ամբողջ ստվերը չեն կարող վերացնել, բայց մշտական աշխատանքի դեպքում կկարողանան հասնել ցանկալի արդյունքի:

Այն դիտարկմանը, թե «Ալեքս գրիգ»-ում խախտումներ են հայտնաբերվել, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, «Կրպակ» խանութների ցանցում՝ նույնպես, վարչապետը նախ խնդրեց անուններ չտալ.

«Բոլորն օրենքի առջև հավասար են, չգիտեմ էլ՝ ում են պատկանում այդ ընկերությունները, բայց եթե պետք լինի, կիմանամ: Մի բան հստակ է՝ ոչ ոք իրավունք չունի մեզանից նեղանալ, բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններով»:




Լրահոս