Աչաջուր գյուղում մի ողջ ընտանիք մնացել է տնազուրկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 2-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղում այրվել է երկհարկանի 2 տուն: Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանն ասաց, որ այդ տներն իրար կպած են եղել, կրակը մի տնից անցել է մյուսը: Հրո ճարակ է դարձել նաեւ տներում գտնվող, այդ ընտանիքներին պատկանող ողջ գույքը, այդ ընտանիքները զրկվել են տասնյակ տարիների ընթացքում ստեղծած ունեցվածքից:

Այրված առանձնատերերի տերերը Թամրազյան տոհմին պատկանող հորեղբոր տղաներ են: Նրանցից մեկն իր հորեղբոր տղային պահանջ չի ներկայացնում այն կապակցությամբ, որ կրակը նրա տնից է անցել իր բնակարան: Գյուղապետն ասաց, որ գործում է հրդեհի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ կրակի պատճառը կարող է լինել էլեկտրական հոսանքը, որի տատանումները կամ քամուց լարերի միացումը կարող էր հրդեհ առաջացնել:

Այժմ այդ ընտանիքները ժամանակավոր ապաստանել են գյուղում գտնվող իրենց հարազատների տներում: Տնազուրկ դարձած ընտանիքներից մեկը այժմ բնակվում է իր ազգակից, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հայրական տանը:

Կ. Ղալթախչյանն ասաց, որ տնազուրկ ընտանիքներին աջակցելու, նրանց ծածկով ապահովելու համար ինքը մտադիր է դիմել տարբեր անձանց եւ կազմակերպությունների, նաև՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:

Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզ




Լրահոս