Տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսի անդրանիկ ներկայացումը

«Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետարանի հրավերով, առաջին անգամ հյուրախաղերով մայրաքաղաք է ժամաննել Սանկտ Պետերբուրգի «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսը, որի երևանյան ներկայացումները նվիրված կլինեն աշխարհահռչակ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 80 ամյակին:

Կոմիտասի անվան զբոսայգում`նախկին դելֆինարիումի տեղում հատուկ կահավորված տարածքում կայացել է կրկեսի անդրանիկ ներկայացումը: Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին, ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «ԻՄՊԵՐԻԱԼ» շապիտո կրկեսը հրավիրելու և երևանյան հյուրախաղերին մեծապես աջակցելու համար: Երկու ժամից ավելի տևած կրկեսային ծրագրի ընթացքում ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար բարձր տրամադրություն են ապահովել ծաղրածուների զվարճալի համարները, օդային ակրոբատները և աճպարարները:

Ներկայացվել են շուրջ մեկ տասնյակ համարներ՝ կրկեսային կենդանիներով:

Երկմասանոց հագեցած ներկայացման ավարտից հետո ներկաներն իրենց երախտիքի խոսքն են հղել Երևանի քաղաքապետարանին` ուրախ և անմոռանալի ակնթարթներ պարգևելու համար:

Կրկեսը երևանյան կանոնավոր ներկայացումները կսկսի օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ` ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն