Հռոմի պապի այցելության հետևանքներն ու ռուս-թուրքական հարաբերությունները. շաբաթվա ամփոփում

Հռոմի պապի այցելության հետևանքներն ու ռուս-թուրքական հարաբերությունները. շաբաթվա ամփոփում

Նախորդ շաբաթվա վերջից Հայաստանը գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, իսկ պատճառը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցն էր Հայաստան:  ArmLur.am լրատվականն ամփոփում է շաբաթը:

Հայաստանը`  միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Հռոմի պապի ուխտագնացությունը դեպի առաջին քրիստոնյա երկիր տևեց երեք օր, որի ընթացքում պատարագներ եղան Երևանում, Գյումրիում և Էջմիածնում: Արդեն Հայաստանից մեկնելուց հետո  Սրբազան քահանայապետը գրառում կատարեց իր միկրոբլոգում. «Երջանիկ եմ, որ այցելեցի Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկիր: Շնորհակալ եմ ընդունելության համար»:

Թուրքիան և Ռուսաստանը բարելավում են հարաբերությունները

Շաբաթվա ընթացքում միջազգային լրահոսի գլխավոր թեման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակն է ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակի մասին առաջինը հայտնեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակը՝ շեշտելով, որ Էրդողանը ներողություն է խնդրել։ Նամակի մասին լուրը հաստատեցին նաեւ թուրքական իշխանությունները, սակայն նշվեց, որ  Թուրքիայի նախագահն ընդամենն ափսոսանք է հայտնել ռուսական ռազմական օդանավը կործանելու առնչությամբ, իսկ Էրդողանի որոշ կուսակիցներ նույնիսկ արդարացան, թե Էրդողանը ոչ թե ներողություն է խնդրել, այլ ընդամենը ռուսերեն գրել է՝ «իզվինիտե»։

Ազգային ժողովի բուռն արտահերթ նստաշրջան

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի ընթացքում ընդունեց Ընտրական օրենսգրքի նոր տարբերակն ու վավերացրեց ՀՕՊ նախագիծը:  Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները ընթացան բուռն ելույթներով։ Չնայած նախորդ  սուր քննադատական ելույթներին՝ ընտրականի փոփոխություններին կողմ քվեարկեցին և ԲՀԿ-ն, և ՕԵԿ-ը։ Երկրորդ  ընթերցման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեկ առ մեկ անդրադարձավ նախորդ օրերին իր հասցեին  հնչած քննադատություններին։ Նրա քննադատությունը չշրջանցեց ՕԵԿ-ին և ԲՀԿ-ին:  Փաշինյանը չխնայեց ոչ մեկին։ Ելույթի ընթացքում վերջիններիս նյարդերը չդիմացան,  Հեղինե Բիշարյանը  և Նաիրա Զոհրաբյանը տեղից սկսեցին բղավել, սակայն  Բիշարյանը դրանով չհանգստացավ և ելույթի վերջում «ռազբորկայի» կանչեց Փաշինյանին։ Ազգային ժողովն այսօր վավերացրել է Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Չնայած երկու օրերի բուռն քննադատությանը՝ համաձայնագրին դեմ քվեարկել է միայն 8 պատգամավոր:

Վերին Լարսը փակ է, Արթիկի ջրհեղեղի հետևանքներն էլ` թարմ

Փլուզման հետեւանքով արդեն հինգ օր փակ է Վերին Լարս անցակետը։ Ճանապահին մնացած քաղաքացիների համար ստեղծվել է վրանային երկու ավան։ Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Նախորդ  շաբաթում Արթիկում գրանցված ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակը կարգավորելու համար կառավարությունն արդեն գումար է տվել, որը նախատեսված է վնասված բնակարանները կարգի բերելու համար:

Ադրբեջանական կողմի վայրագությունները

Ապրիլյան պատերազմում սպանված և օրեր անց հայկական կողմին վերադարձված հայ զինծառայողների խոշտանգումների առնչությամբ 6 քրեական գործ է հարուցվել, որոնցից 3-ը՝ գլխատման փաստի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ Քյարամ Սլոյանին եւ Հրանտ Ղարիբյանին գլխատել են մահից հետո, իսկ Հայկ Թորոյանին՝ ողջ ժամանակ: Եվս մեկ քրեական գործ է հարուցվել 15 զինծառայողների մարմինների խոշտանգելու գործով: Նրանց մի մասի ականջներն են կտրված եղել:

Մխիթարյանը գրավում է Անգլիան

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց:  Հայաստանի հավաքականի ավագը Մանչեսթեր  է ժամանել  հուլիսի 1-ին: Բուժզննում անցնելուց հետո Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ: