ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացրեց, որ զինված անհայտ մարդկանց կողմից հետապնդվում են մեր նկարահանող խմբի անդամները և ԱԺ պատագամավոր Զարուհի Փոստանջյանը:
Մեզ հաջողվեց կապ հաստատել Զարուհի Փոստանջյանի հետ, ով փոխանցեց, որ ոստիկանությունը ապօրինություն է թույլ տալիս` առանց զգուշացնելու հարձակում գործելով. «Նրանք պարտավոր էին բարձրախոսով զգուշացնել, որ օպերացիա են իրականացնում, այլ ոչ թե գազանի պես հարձակվեին մարդկանց վրա: Ես նկատեցի, թե ինչպես ՀՀ փոխոստիկանապետ, Ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քաղաքացիական անձանց մատնացույց արեցին ինձ ու Նարեկին (խմբ. ArmLur.am-ի օպերատորը) ու թիրախավորված եկան դեպի մեզ: Նրանք ամեն կերպ ցանկանում էին տեսախցիկները կոտրել: Մենք պարզապես փախել ենք այդ տարածքից, պատսպարվել ինչ-որ մի տեղ ու չգիտենք` որտեղ ենք, ինչպես պետք է դուրս գանք այստեղից»:
ՔԻչ առաջ հայտնի դարձավ նաև, որ Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք: