Ադրբեջանը ցանկանում է գնել Վրաստանի գազատարն ամբողջությա՞մբ. ինչ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարել էր, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում:

Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: Նման հեռանկարը, անշուշտ, չի կարող չմտահոգել հայկական կողմին:

«Ժողովուրդ» օրաթերթին վրացական աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին՝ Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո, ակտիվացել է ադրբեջանական նավթագազային «Socar» ընկերությունը, որը ցանկանում է գնել գազատարն ամբողջությամբ: Ի դեպ, այս ընկերությունը նման ցանկություն էր հայտնել դեռեւս 2012 թվականին: Ավելին՝ վրացական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ գազատարը գնելու ցանկություն ունի նաեւ ռուսական «Ռոսգազ» ընկերությունը, որին գազատարը վաճառելու հարցում վրացական իշխանությունները այնքան էլ դրական չեն տրամադրված: Այս ֆոնին ուշագրավ է Վրաստանում Հայաստանի դեսպանատան գործելաոճը: Մինչ շատերը մտահոգված են գազատարի վաճառքի հնարավոր հեռանկարի շուրջ, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ցուցաբերում է քար անտարբերություն եւ բառացիորեն ոչինչ չի ձեռնարկում: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեսպանը այս օրերին անձնական հարցով գտնվում է այլ երկրում:

Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը Հայաստանին գազ մատակարարող մայրուղային խողովակաշարի վաճառքի շուրջ զրուցեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեի հետ:

cichinadze

-Պարո՛ն Չիչինաձե, ինչպես կմեկնաբանեք Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի հայտարարությունը, որ Վրաստանը կարող է վաճառքի հանել նավթագազային կորպորացիայի 25% բաժնետոմսերը: Հենց այդ կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը: Ինչո՞ւ հենց այս օրերին վարչապետը նման հայտարարություն արեց:

-Մենք դեռեւս չենք վաճառել բաժնետոմսերը, մենք սպասում ենք: Այո՛, նման տեղեկություններ կան, սակայն դեռեւս չենք սկսել բաժնեմասերի մասնավորեցումը: Մենք կսպասենք առավել հարմար պահի, երբ շուկաները կայունանան: Սակայն դեռեւս հստակ որոշում չի կայացվել, այդ հարցը օրակարգում չէ:

-Իսկ նման որոշման ընդունման դեպքում վաճառքի ի՞նչ պայմաններ կլինեն՝ հաշվի առնելով, որ Վրաստանը դեռես 2012 թվականին այդպիսի մտադրություն ուներ, սակայն գործընթացը կանգ առավ:

-Քանի որ այդ գաղափարը դեռեւս չի դիտարկվում եւ չի գտնվում օրակարգում, չեմ կարող խոսել պայմանների մասին:

-Այնուամենայնիվ, այս օրերին Վրաստանում հնարավոր գնորդների մասին է խոսվում: Դուք ի՞նչ գիտեք հայտերի մասին:

-Ո՛չ, հայտեր չկան: Լիագումար նիստի ժամանակ պատգամավորներից մեկը նման հարց հնչեցրեց, եւ կարելի է ասել, որ դա մասնավոր գաղափար էր:

-Ըստ Վրաստանում տարածված լուրերի՝ ադրբեջանական «Socar» պետական նավթային ընկերությունը պատրաստ է գնել այդ բաժնեմասը: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ադրբեջանական ընկերությունը մեզ մոտ գազային, տրանսպորտային որեւէ միջանցք չունի, եւ այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նման հավանականությունը քիչ է:

-Բայց լուրեր կան, որ արդեն իսկ ադրբեջանական «Socar»-ը եւ ռուսական «Ռոսգազ»-ը թեժ մրցակցություն են սկսել՝ առավել գրավիչ առաջարկներ ներկայացնելու եւ գազատարի բաժնեմասը ձեռք բերելու նպատակով:

-Անկեղծ ասած, Դուք ավելի շատ տեղեկություններ ունեք, քան մենք Վրաստանում: Վրաստանում նման տեղեկություններ, նման քննարկումներ չկան՝ վաճառել, թե ոչ: Նույնիսկ այդ հարցը դեռեւս օրակարգում չէ:

-Այդուհանդերձ, փաստ է, որ Վրաստանի վարչապետը այդ մասին հայտարարել է, Ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե ինչո՞ւ հենց այս պահին նա որոշեց նման հայտարարություն անել:

-Դա կապված էր այն բանի հետ, որ այժմ լարիի փոխարժեքն ընկնում է, եւ դիտարկվում է պետական օբյեկտների մասնավորեցումը որպես լարիի կայունացման հնարավոր տարբերակ: Ահա հենց այդ համատեքստում հայտնվեցին այդ տեղեկությունները: Սակայն այժմ այդ հարցը օրակարգում չէ, քանի որ ոչ բարենպաստ ժամանակաշրջան է մասնավորեցման համար, մեզ ձեռնտու չէ:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են մշտապես եղբայրական Վրաստանի եւ Հայաստանի միջեւ նման խնդիրներ ծագում:

-Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

-Ինչպես արդեն նշվեց՝ դիտարկվում է ադրբեջանական ընկերությանը Հայաստանին գազ մատակարարող գազատարի բաժնետոմսերի վաճառքի հնարավորությունը: Եվ, բնականաբար, այստեղ սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

-Չեմ կարծում: Ընդհակառակը, նոր իշխանության գալուն պես մեր հարաբերություններն առավել կառուցողական դարձան: Երկրի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի մեր եղբայրական հարաբերությունները պահպանվեն, քանի որ այդ հարաբերությունները փոխշահավետ են: Մեր կողմից ցանկացած վաճառք չի վնասի որեւէ երրորդ երկրի, առավել եւս մեր եղբայրական, բարեկամական երկրին՝ Հայաստանին: Վաճառքի դեպքում հաշվի կառնվեն բոլոր շահերը, եւ չեմ կարծում, որ Վրաստանը 100 տոկոսով կվաճառի այդ բաժնեմասերը, դա միգուցե կլինի 25%-ի կամ ոչ այնքան մեծ չափով, միեւնույն է, ազդեցությունը կմնա Վրաստանի կառավարության ձեռքում:

Քնար Մանուկյան




Լրահոս