«Միասնություն» շարժումը որևէ ազդեցություն ունեցե՞լ է Գագիկ Ծառուկյանի որոշման վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո քաղաքական շատ ուժեր, նախաձեռնություններ, անհատներ հանդիպումներ են անցկացնում Ծառուկյանի հետ և փորձում հստակեցնել՝ արդյոք իրենք ևս կլինեն Ծառուկյանի շուրջ համախմբվող ուժերից մեկը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի հետ օրերս պետք է հանդիպեն նաև «Միասնություն» շարժումը, ՀՀՇ-ն և Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչները: ArmLur.am-ը «Միասնություն» շարժման
համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրենց շարժումը համախմբելով Գագիկի Ծառուկյանի շուրջ դառնա
կուսակցությունը:

-Պարո´ն Վարդանյան, մինչ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալը «Միասնություն» շարժումը համարում էիք վերկուսակցական նախաձեռնություն, որի շուրջ կարող են համախմբվել շատ քաղաքական ուժեր:

Սակայն այս պահին դուք եք պատրաստվում միանալ Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբող դաշինքին, որի առանցքային կուսակցությունը լինելու է ԲՀԿ-ն: Հնարավո՞ր է ձեր շարժումը ևս դառնա կուսակցություն:

-Միասնության ծրագրերի մեջ այս պահին որպես քաղաքական ուժ գրանցելու ծրագրեր չկան:

-Իսկ հնարավո՞ր է միայն Դուք դառնաք որևէ այլ կուսակցության անդամ:

-Ոչ, ես այս պահին որևէ նման ծրագիր չունեմ կուսակցական դառնալու այս կամ այն կուսակցական անդամ, որովհետև ինքս գլխավորում եմ Միասնություն համազգային շարժումը և եթե մենք որոշենք այն գրանցել և ավելի մեծ կոնսոլիդացիայով նոր քաղաքական ուժ ստեղծենք, այո, ես լինելու եմ այդ նոր քաղաքական ուժի անդամ և հիմնադիրներից մեկը:

-Իսկ «Միասնություն» շարժումը որևէ ազդեցություն ունեցե՞լ է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշման վրա:

-Մենք պարոն Ծառուկյանի հետ շատ մտերիմ ընկերներ ենք: Որևիցե բան համոզելու կամ որևիցե նման խնդիր մեր մեջ չի եղել: Ընդամենը մենք միշտ քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը, միշտ խոսել ենք ծառացած խնդիրների, դրանց լուծումների հետագա քայլերի, դրանց լուծումների մասին: Ավելի շատ շեշտադրումը եղել է քաղաքական գործընթացներում մեր սերնդի դերակատարմանը: Միասնությունը որևիցե ձև չի ազդել նրա վերադարձի վրա:

Զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս