Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից: Նոր ղեկավարը Դավիթ Գրիգորյանն է:
Իհարկե, սպասելի էր նման փոփոխությունը՝ հաշվի առնելով քաղաքական վերջին իրադարձությունները, մասնավորապես, «Հայաստանի հանրապետական» կուսակցությունից հոսքը դեպի «ընդդիմություն»: Հիշեցնենք՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանը կհետեւի Հովիկ Աբրահամյանի օրինակին եւ կլքի կուսակցության շարքերը: Իսկ Էրեբունու արդեն նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է:
Իսկ ով է Էրեբունու նոր թաղապետը, եւ ինչու է Տարոն Մարգարյանի ընտրությունը կանգ առել նրա վրա:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տարիներ առաջ Դավիթ Գրիգորյանը հարկային ծառայությունում բարձր պաշտոն է զբաղեցրել: Տարիներ առաջ ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով մեկնել է Բարսելոնա: Ապա 2014 թվականի օգոստոսին վերջինս նշանակվել է Մետրոպոլիտենի խորհուրդի նախագահ: Նրան այդ պաշտոնում նշանակելու մեջ մեծ դերակատարություն է ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ իրենց մտերմությունը վաղուցվա պատմություն ունի:
Ուստի, ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը սկսել է ամրապնդել իր դիրքերը Էրեբունիում:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետը այսօր Էրեբունու թաղապետարան է այցելել, ըստ երեւույթին՝ աշխատակազմին ներկայացնելու նոր թաղապետին: