Շրջապատված լինելով վտանգավոր, գայթակղիչ կանանցով` միշտ իմացել եմ, որ պետք է տուն գնալ, ընտանիքն է կարևոր. Արսեն Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հանրային ճանաչում վայելող անձանց անցած ճանապարհին, փորձում ենք պարզել` վերջիններս ինչ խոչընդոտներ են ստիպված եղել հաղթահարել, նույն ուղին երկրորդ անգամ անցնելու դեպքում ինչ կփոխեին իրենց կյանքում: Խոսում ենք նաեւ այն բացառիկ այցեքարտից, որը պարգեւում է հանրային ճանաչումը: Մեր այսօրվա զրուցակիցը երգիչ Արսեն Սաֆարյանն է:

«Հին օրեր»-ի նոր սկիզբը

Հանրության լայն շրջանակի կողմից ճանաչվեցի, թերեւս, «Հին օրեր» երգի թողարկումից հետո: Դա 2001 թվականն էր: Մինչ այդ չորս տարի երգում էի Երգի պետական թատրոնում, բայց ինձ ավելի շատ ճանաչում էին թատրոնի շրջանակում: 2001-ի նշածս ժամանակահատվածի հետ համընկավ նաեւ հյուրընկալվելս «Ռուբիկոն» ծրագրին, որի ընթացքում «Բլեֆ» հեռուստաշոուն իմ «գլխին սարքեց», եւ այդ ծրագիրը մեծ արձագանք ստացավ: Բանն այն էր, որ ուղիղ եթերում զանգահարում էին տարբեր մարդիկ եւ շատ վատ բաներ էին ասում: Այդ պրոցեսում, պարզվեց, մարդկանց դուր էին եկել իմ պատասխանները (ծիծաղում է):

«Ոչ ոք պարտավոր չէ քեզ տեսնել եւ ասել. «Wow!» »

Թեեւ հանրային ճանաչումը մեծ առավելություն է ընձեռում (ուր մտնում ես` քեզ ճանաչում են, պետական կառույցներում, սպասարկման ոլորտում ընդառաջում են), միեւնույն է՝ մարդկանց հետ շփվելիս ներկայանում եմ անուն-ազգանունով: Ի վերջո, մարդ, եթե նույնիսկ քեզ ճանաչում է, կարող է քեզ չսիրել, ոչ ոք պարտավոր չէ քեզ տեսնել եւ ասել. «Wow!»:

Ճարպիկ չի եղել եւ ինչ-որ առումով մնացել է ստվերում

Իհարկե, այս ճանապարհին եղել են նաեւ խոչընդոտներ, դժվարություններ: Օրինակ` որոշ մրցանակաբաշխությունների շրջանակում, որտեղ որոշում են, ասենք, տարվա երգչին, ստվերում եմ մնացել: Իսկ ես բնույթով այնպիսին եմ, որ չեմ հետաքրքրվել, չեմ ասել. «Բա ե՞ս, բա ե՞ս, բա ինձ հետ ի՞նչ է լինելու» եւ այլն: Ճարպիկ չեմ եղել եւ նույնիսկ ամաչել եմ նման բան ասել: Իմ մոտեցումն այն է, որ եթե արժանի եմ ինչ-որ բանի, կստանամ: Սա, գուցե, մեր ասպարեզի համար սխալ մոտեցում է:

«Հայտնիությունը չերեւացող կապիտալ է»

Եղել է այնպես, որ հայտնի լինելը պարզապես փրկել է ինձ: Օրինակ` ինչ-որ կոնֆլիկտ է ծագել, մութ է եղել, դուրս ենք եկել, եւ ում հետ որ պատրաստվում էի վեճի բռնվել, մի պահ սառել է, ներողություն է խնդրել: Պատահել է, որ անելանելի վիճակում եմ հայտնվել, ու ինձ ընդառաջ են եկել: Այնպես որ, հայտնիությունը չերեւացող կապիտալ է:

Եղբայրների աշխատանքը Արսենը ներկայացնում է` հերիք է

Իմ երգերի երաժշտությունը հիմնականում ես եմ գրում, խոսքերը` եղբայրս` Արթուր Սաֆարյանը: Նա մասնագիտությամբ բանասեր է, էությամբ` շատ համեստ մարդ: Երբեք չի ձգտել երեւալ, միշտ ասում է. «Մեր աշխատանքը դու ներկայացնում ես, հերիք է, մենք մեր գործով ենք երեւում»: Բայց մարդ կա` երկու ֆրազա է իրար կպցնում, մեկ էլ տեսնում ես` անհատական ֆոտոսեսիաներով է հանդես գալիս, որ իրեն արդեն սկսեն ճանաչել:

«Իմ կինը գիտի, որ հրեշտակ չեմ»

Իմ կինը գիտի, որ հրեշտակ չեմ, բայց նա միշտ հավատացել է իր հանդեպ իմ սիրուն եւ իմ` ընտանիքը գնահատելուն: Նա գիտի, թե ընտանիքս ինչ արժեք է ինձ համար: Շրջապատված լինելով վտանգավոր, ինչ-որ առումով նաեւ՝ գայթակղիչ կանանցով, միշտ իմացել եմ, որ պետք է տուն գնալ, որ ընտանիքն է կարեւոր… Ես տարվող մարդ չեմ, իսկ ճանաչումը, ուզես, թե ոչ, դրան բերում է, եւ իմ կամ իմ նմանի կինը լինելը հեշտ բան չէ: Ուղղակի կինս գիտի, որ ես մեր սերը, տարիների ձեռքբերումն ու ստեղծածը, բնականաբար, ոչնչով չեմ փոխի: Ինքս էլ ամուր եմ զգում, երբ ինքը կողքիս է, իմ թիկունքին: Հետաքրքիր բան ասեմ. եթե հանկարծ կոնֆլիկտ ենք ունեցել, իմ աչքին ոչինչ չի եկել, եւ ինձ մոտ ամեն ինչ սկսել է վատ գնալ: Նույնիսկ դարձել եմ անճանաչելի: Ընդհանրապես, շատ կարեւոր է, թե ով է ճանաչված մարդու կողքին: Վերջինիս համար հաստատ հեշտ չէ, ուղղակի իմ եւ կնոջս պարագայում ամեն բան հաջող է ստացվել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս