Իշխանությունները կրկին անցել են գործի. Վիգեն Սարգսյանն արդեն իսկ ուղղորդելու փորձեր է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունները կրկին անցել են գործի. ՀՀԿ-ի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով՝ սկսել են հայտարարել, թե այս անգամ իրենք ամենալավ ընտրություններն են անցկացնելու: Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն էր ասել. «Մենք՝ որպես պետություն, ունակ ենք կազմակերպելու եւ անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք վայելելու են մեր հասարակության, մեր ժողովրդի վստահությունը»:

Օրեր առաջ էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԵԽԽՎ դիտորդների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ «առաջիկա խորհրդարանական ընտրությունը կլինի ազատ, արդար, թափանցիկ եւ կհամապատասխանի ժողովրդավարության չափանիշներին»: Եւ վերջապես, առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է պաշտպանության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը, որն այսօր գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը. «Բանակը չի ուղղորդվել եւ չի ուղղորդվի քվեարկության ժամանակ»,- վստահեցրել է նա:

Միայն թե, նկատենք, որ իշխանությունների այս հայտարարություններին դժվար է հավատալ. ի վերջո, մեկ անգամ չէ, որ իշխող ՀՀԿ ներկայացուցիչները մեծից փոքր խոստացել են անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, սակայն քվեարկության օրը տեղի է ունեցել հակառակը. ընտրակեղծարարության միջոցով նրանք գլխիվայր շուռ են տվել քվեարկության պատկերը: Ու բացի այդ՝ արդեն իսկ սկսվել է վարչական ռեսուրսն իշխող կուսակցության օգտին ծառայեցնելու գործընթացը:

Եվ այս առումով պատահական չէ, որ չնայած ՀՀ պաշտպանության նախարարը գլխավորում է ՀՀԿ ընտրացուցակը, սակայն չի պատրաստվում մեկնել արձակուրդ, այլ ՀՀԿ քարոզարշավն անցկացնելու է պաշտոնական պարտականությունները կատարելուն զուգահեռ: Օրեր առաջ նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Երբ Վիգեն Սարգսյանին հարցրել են՝ ՀՀԿ քարոզարշավին մասնակցելն արդյո՞ք չի խանգարի զինված ուժերի ղեկավարմանը, նա պատասխանել է. «Իմ աշխատանքային օրը այսօր տեւում է առավոտվա 6.30-ից երբեմն մինչեւ գիշերվա 23.30-ը, եւ ես կարծում եմ՝ դրա մեջ բավական ժամ կա, որ ես իմ աշխատանքային պարտականությունից բացի՝ նաեւ զբաղվեմ այն գործով, որը, որպես կուսակցության ցուցակի առաջին համար, պարտավոր կլինեմ կատարել քարոզարշավի ընթացքում»:

Փաստորեն, նախարար Վիգեն Սարգսյանը չի հայտարարում անգամ քարոզարշավն աշխատանքային ժամերից հետո անցկացնելու մասին, այլ միայն նշում է, որ 6.30-ից 23.30-նն ընկած ժամանակահատվածում կա բավական ժամանակահատված, որ ե՛ւ նախարարություն ղեկավարի, ե՛ւ քարոզարշավ անի: Թե այդ դեպքում ինչպես է զուգակցելու ե՛ւ պաշտոնական պարտականությունների կատարումը, ե՛ւ ընտրարշավի անցկացումը, դժվար է ասել: Ավելին՝ նման մարտավարության դեպքում արդեն դժվար է ասել՝ արդյո՞ք նրան կհաջողվի լիարժեք իրականացնել պաշտպանության նախարարի գործառույթները:

Նույնը կարելի է ասել նաեւ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակի մյուս ներկայացուցիչների մասին. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւս չեն պատրաստվում նախընտրական շրջանում արձակուրդ մեկնել: Ասել է, թե նրանք էլ իրենց հերթին են պատրաստվում վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացնել ՀՀԿ-ի համար:

Մինչ այդ, նկատենք՝ Վիգեն Սարգսյանը, հակառակ իր պնդումների, որ զինված ուժերին քվեարկության ժամանակ չեն ուղղորդի, արդեն իսկ ուղղորդելու փորձեր է արել: Նա ասել է, որ եթե զինվորները գոհ են իր աշխատանքից, ուրեմն ձայն կտան ՀՀԿ-ին: «Իհարկե, պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից, թվում է, որ առավելություն է, մյուս կողմից պետք է հասկանանք, որ բոլոր խնդիրները, որ կան բանակում, այն բոլոր բարդությունները, չլուծված հարցերը, որ կան, դրանք եւս կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ՝ որպես մեծամասնության ներկայացուցիչ՝ զբաղեցնելով այդ պաշտոնը: Քաղաքական պաշտոն զբաղեցնելը ենթադրում է ինչպես հնարավորություն՝ ցույց տալու քո քաղաքականությունը, քո ուղղվածությունը, միտումը, այնպես էլ կրելու այն բեռը, որը կա չկատարված կամ թերի կատարված գործերի համար: Դրա համար, ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանալ՝ բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, ինչպես չի եղել նախորդ ընտրություններում, իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը, եւ որոշեն քվեարկել այն կուսակցությանը, որի նախընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն ու ընտրությունն է»:

Ի դեպ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի Պասքիեն, ով այս օրերին գտնվում է Հայաստանում՝ դիտարկելու նախընտրական վիճակը, «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե շատերն են ահազանգում, որ իշխող կուսակցությունն իր վարչական ռեսուրսներն է գործի դնում, ասել է. «Իհարկե, մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան, բայց երբ նոր ընտրական օրենսգիրք ես գրում, եւ օրենքում ամեն ինչ կարգին է, պետք է քաղաքական կամք դրսեւորես, որպեսզի կյանքի կոչես օրենքում գրվածը եւ արդար ընտրություններ անցկացնես: Դա կարող է դիտարկվել միայն ընտրություններից հետո»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս