ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք կայացած համատիրություններ չունենք. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ներկայումս հանրապետության  շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի   շուրջ 67 տոկոսը կառավարվում է համապատասխան համատիրությունների կողմից, իսկ 33 տոկոսի մասով դրանք վերապահված են համայնքի ղեկավարներին: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի հետազոտությունների արդյունքում վերհանվել են մի շարք խնդիրներ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ:

Հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ առհասարակ դրա բացակայույթան մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր համաքաղաքացիների հիմնավոր բազմաթիվ բողոքների առկայությանը: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես գործնականում առկա ոչ արդյունավետ կառավարմամբ, այնպես էլ օրենսդրական թերի կարգավորումներով»: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետերին՝ համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն բազմաբնակարան շենքերի թվի, դրանց կառավարման ձևի (համատիրություն, լիազորագրային կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ, համայնք), ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (տանիք, նկուղ, մուտքեր, աստիճանավանդակներ և այլն) փաստացի վիճակի վերաբերյալ։

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է առաջին կետով նախատեսված տեղեկատվության արդյունքներով 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սեփականատեր-համայնք-պետություն (հնարավորության դեպքում՝ նաև ներդրող) համագործակցության շրջանակներում դրանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերանորոգման  և անվտանգ  շահագործման մասով:

Կարեն Կարապետյանը  հանձնարարել է  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՀՀ արդարադատության նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին 2-րդ կետով նախատեսված առաջարկությունները ստանալուն պես 2-ամսյա ժամկետում՝ համատեղ քննարկելով հանրապետության բազմաբնակարան  շենքերի կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման տարբերակները, ներկայացնել համապատասխան առաջարկություն կառավարության աշխատակազմ։ Հանձնարարվել է նաև միաժամանակ քննարկման առարկա դարձնել համատիրություններին անհրաժեշտ օժանդակության տրամադրման և միասնական հաշվետվողականության, պատասխանատվության և վերահսկողական համակարգի ներդրման հարցերը:

«Մենք կայացած համատիրություններ չունենք և պետք է այնպես անենք, որ դրանք աշխատեն: Պետք է շատ համարձակ ռեֆորմների գնալ այստեղ: Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն  և ոչ մի կառավարման որակ չկա: Դա ինչ-որ անհասկանալի մի բան է»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը :




Լրահոս