Աշխարհի բոլոր թատրոններում էլ ռեստորաններ կան. Արմեն Էլբակյանը նոր նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերային թատրոնի շենքում միջավայրի փոփոխության գաղափարը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի գնահատմամբ գովելի է:

ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` այս առնչությամբ արված պարզաբանմանը, Էլբակյանը նկատեց` աշխարհի բոլոր թատրոններում էլ ռեստորաններ կան. խնդիրն այստեղ այլ է. «Նայած` ռեստորան ասվածն ինչպես եք հասկանում: Եթե նախարարն այդպիսի ծրագիր ունի, ապա դա քաղաքակիրթ ձևով կլուծվի»,- վստահ է արտիստը:

Հիշեցնենք` Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք. խորհրդային մտածողության հասարակական սննդի կետերը պատիվ չեն բերում մեր Օպերային թատրոնին։ «Պետք է հրաժարվենք նաև  «սենդվիչներ» ու գազավորված ըմպելիքներ մատուցող՝ այսօր եղած  «ավտոմատներից»: Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու և սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ և′ Թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, և′ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, և որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ»,- ասել է նախարարը։

Արմեն Էլբակյանի խոսքով` բուռն քննարկման առիթ դարձած այս որոշումն ու Արմեն Ամիրյանի աշխատաոճն իրեն ուրախացնում են. «Հետաքրքիր է աշխատում, ունի հետաքրքիր ծրագրեր, որոնք սկսել են արդեն իսկ գործել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս