Դատարանը բավարարեց Արմեն Ամիրյանի միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դաարանի դատավոր Արշակ Պետրոսյանը  դեռևս մայիսի 21-ին բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Ըստ այդմ,  որոշվել է կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Հիշեցնենք ՝ Քննչական կոմիտեն հայտարարել էր ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին: Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել և միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

Արմեն  Ամիրյանը, սակայն, նկարագրվածը որակել էր որպես սուտ՝ պնդելով, որ չկա որեւէ մեկը, ով կարող է ասել, թե իրեն գումար է տվել: Եվ ըստ այդմ նա հայտարարել էր դատարան դիմելու մասին: Հավելենք, որ այս գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Հովհաննես Գալստյանը ճանաչվել է տուժող:




Լրահոս