«Վերվարածները» սերիալը, հնարավոր է, շարունակություն ունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնարավոր է՝ «Վերվարածներն ընտանիքում» հայտնի սերիալը շարունակություն ունենա: Այդ մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Իվետա Եդիգարյանը (սերիալում հայտնի է որպես Զիտա):

Դերասանուհին, ով տեւական ժամանակ բնակվում էր ԱՄՆ-ում, նշեց, որ առաջիկա երեք տարվա իր պլանները կապված են Հայաստանի հետ. «Որպես երգչուհի՝ աշխատում եմ ռեստորաններում եւ ակումբներում: Ինչ վերաբերում է նկարահանումներին, դրանք միշտ չէ, որ ստաբիլ բնույթ են կրում: Այդ ոչ կայուն վիճակը, սոցիալական վատ պայմաններն են պատճառը, որ շատերը երկրից պարզապես հեռանում են: Ամեն դեպքում, գոհանում եմ այն ամենով, ինչ ունեմ: Ու թեեւ ինձ համար Հայաստանից լավ տեղ չկա, ԱՄՆ-ում տեսնում եմ բազում հեռանկարներ, բացի այդ՝ այնտեղ մարդիկ վարձատրվում են իրենց աշխատածին համարժեք, իրենց լիարժեք քաղաքացի են զգում»,-ասաց նա:

Մենք հետաքրքրվեցինք՝ Իվետային կտեսնենք արդյոք գեղարվեստական ֆիլմերում. «Հնարավոր է՝ կրկին համագործակցեմ Գոռ Վարդանյանի հետ, բացի այդ՝ չեմ բացառում, որ երկրպագուներս առաջիկայում տեսնեն ինձ կատակերգական ժանրի ֆիլմում»,-պատասխանեց նա:

Ինչ վերաբերում է երգչուհու գործունեությանը, Իվետան պատմեց, որ ունի նոր երգ եւ ցանկանում է դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել:

Մեր զրուցակցին հարցրինք նաեւ՝ հնարավո՞ր է արդյոք, որ նա մշտապես մնա Հայաստանում. «Կյանքը ցույց կտա: Այսօրվա դրությամբ կարծում եմ, որ դա հնարավոր չէ: Ինչ խոսք, կցանկանամ, որ արտերկրում ապրող բոլոր հայերը վերադառնան հայրենիք, այնինչ՝ օրեցօր դրան նպաստող պայմանները նվազում են: Բայց չէ՞ որ ամենքս էլ ձգտում ենք մեր կյանքը բարելավել, ինչ-որ նոր ձեռքբերումներ ունենալ»,-մեկնաբանեց Իվետան:

Իսկ հարցին, թե արդյոք անձնական կյանքում կան փոփոխություններ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ո՛չ, այդ առումով ինձ մոտ հանդարտ շրջան է: Երբ լուրջ նորություն ունենամ, անպայման կտեղեկացնեմ երկրպագուներիս»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս