Երեւանի քաղաքապետարանը ավտոմեքենաներ է վաճառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի հին տարեթվի արտադրության ավտոմեքենաները դեռ չեն վաճառվում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը այս անգամ աճուրդի է հանել թվով 18 ծառայողական ավտոմեքենա: Դրանց աճուրդը կայանալու է հունիսի 26-ին: Այսպես, քաղաքապետարանը վաճառքի է հանել 257 հազար դրամ արժեքով 1998 թվականի արտադրության «Գազ 3110», 1991 թվականի արտադրության 94 հազար դրամանոց «Գազ 2411», 1995 թվականի արտադրության 85 հազար դրամանոց «Գազ 31029», 1998 թվականի արտադրության 90 հազարով «Գազ 3110», 1988 թվականի արտադրության 171 հազար դրամով «Գազ 24-17»: Բացի այս, վաճառքի են հանվել նաեւ արտասահմանյան արտադրության ավտոմեքենաներ` 2004 թվականի 6.5 մլն դրամ արժեքով «Toyota Land Cruieser 4.5», 2003 թ.արտադրության 3 մլն դրամ արժեքով «Mercedes-Benz S55» եւ այլն:

Տեղեկացնենք, որ այսկերպ գերատեսչությունները փորձում են տնտեսել պետական միջոցները, նաեւ կրճատել ծախսերն ու ծառայողական ավտոմեքենաները: Այս պատճառով բոլոր գերատեսչությունները, այդ թվում նաեւ` ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը, ՊՓԲԸ-ները, վաճառքի են հանում իրենց հաշվեկշռում եղած հին տարեթիվ ունեցող, ռուսական արտադրության ավտոմեքենաները: Ասել է թե` ազատվեցին ժեշտից: Քանի որ այդ հին ավտոմեքենաների վրա պետական բյուջեից ավելի շատ ծախսեր են արվում:




Լրահոս