Պետք է հայտարարել` Ադրբեջան, եթե դու խփես իմ մեկ զինվորին, ես կոչնչացնեմ քո կրակահերթերն ու այդպես էլ անել. Վահան Բադասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարված է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն ունենք չորս զոհ, սակայն մամուլում տեղեկություններ կան նաև երկու վիրավորի մասին: Սահմանային լարվածության շուրջ ArmLur.am-ը զրուցեց ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանի հետ:

-Պարո′ն Բադասյան, հակառակորդը սահմանին դիմել է կտրուկ գործողությունների, ունենք չորս զոհ: Ինչու այս փուլում Ադրբեջանը կրկին ակտիվացավ:

– Ես մեկ անգամ ասել եմ` սա պատերազմի նշան չէ, սա ոչ էլ կապված է Մինսկի խմբի համանախագահների այցելության կամ որևէ այլ բանի հետ: Սա որևէ բանի հետ կապված չէ: Սա Ադրբեջանի տակտիկան է, որ սկսված է տասը տարուց ավելի: Իրենք ցանկանում են հայկական կողմին խաղաղ պայմաններում, այսպես` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, զոհ պատճառել, որպեսզի դրանից հետո թե զորամասերում, թե բնակչության մեջ խուճապ առաջացնեն` որպես կարևոր գործոն: Տասնյակ հազարավոր ծնողներ ճամփում են իրենց զավակներին բանակ և երկու տարի լարված սպասում, հետևում են, թե ինչ է կատարվելու: Հիմա իրավիճակը շատ բարդ է:

– Իսկ ինչպիսի՞ պատասխան պետք է լինի: Հայաստանի և Արցախի իշխանությունների անելիքը որը պետք է լինի: 

– Արցախի իշխանությունները լիովին լարված են և մտածում են այդ մասին: Մտահոգություն ունեն և դա արտահայտում են, իսկ գործողություններն էլ կատարում են իրենց ուժերի ներածին չափով:  Բայց գլխավոր հրամանատարը նստած է Հայաստանում: Արդյո՞ք նա մտածում է, ես կասեի` ոչ, բառ անգամ, մի թիզ անգամ չի մտածում: Գլխավոր հրամանատարը պետք է մտածի`  ինչ  անի, որ Ադրբեջանի այս տակտիկան խախտի: ՊԲ հրամանատարության կատարած գործողություններն ավելի են լարվածությունն ուժեղացնում: Եթե մենք նման ձևով իրենց սպանենք, դա հերոսություն է լինելու իրենց համար, քանի որ դա հենց ադրբեջանական կողմի տակտիկան է: Հայաստանը պետք է ուրիշ բան անի: Այսօր անգործության է մատնված Հայաստանի քաղաքական և ռազմական իշխանությունները, որը, ես կարծում եմ, քրեականորեն պատժելի արարք է: Այլ երկրներում, եթե հրամանատարության մեղքով զոհեր են լինում, ապա կամ պետք է հրաժարական տա կամ նախագահը քրեականորեն պատժվի:

– ԱՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ անհրաժեշտության դեպքում դիմելու են թիրախային և անհամարժեք գործողությունների: Ի՞նչ նկատի ունեն անհամարժեք ասելով:

– Ես չգիտեմ, բայց կարող ենք տարբեր բաներ հասկանալ: Օրինակ քիչ համարժեք, կամ շատ համարժեք: Չորս զոհին եթե մենք իրենց էլ պատճառենք 4, 10 կամ 20 զոհ կամ չպատճառենք, էլի անհամարժեք է: Ես չգիտեմ, թե իրենք ինչ նկատի ունեն, բայց նման կերպ պատասխանելը հարց չի լուծում: Պետք է դիմել այլ գործողությունների, չի՞ կարելի արդյոք ոչնչացնել կրակակետերը: Չի՞ կարելի, որ իրենք խփում են մեր զինվորին, մենք իրենց զինվորին չխփենք, այլ խփենք բնակավայրերին: Պետք է նախապես հայտարարել`  Ադրբեջան, եթե դու խփես իմ մեկ զինվորին, ես կխփեմ քո 100 զինվորին ու բնակավայրերին և այդպես էլ անել: Հաջորդն ասել` կվերացնենք կրակահերթերն ու դա էլ անել:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս