ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, թե միջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Երեւանի եւ Բաքվի հետ` միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին: «Միեւնույն ժամանակ դեռեւս պահպանվում են դետալների վերաբերյալ տարաձայնությունները, որոնց թվում են դիտորդների տեղակայման վայրի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի եւ տեխնիկական այլ հարցեր», – ասել էր Պոպովը:

Հիշեցնենք, որ Արցախյան հակամարտության գոտում դիտորդների թվի ավելացման հարցը քննարկվել էր դեռեւս 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Մայիսի 19-ին էլ սահմանային միջադեպերի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ն: Եվ այս անգամ շատերի համար զարմանալիորեն այդ հայտարարություններն Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություն էին պարունակում: Առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ թե ընդհանուր ձեւակերպումներով կողմերին կոչ է անում խաղաղություն պահպանել, այլ դիմում է կոնկրետ պաշտոնական Բաքվին: Ընդ որում, հիշեցնենք, նման հասցեական քննադատություն ՌԴ-ի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից չէր եղել անգամ ապրիլյան պատերազմի հետ կապված:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն` մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ին մինչեւ մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»: Ու թեեւ համանախագահները նշել են, որ իրավիճակի մասին ավելի լիարժեք ու ճշգրիտ պատկերացում կազմելու համար շարունակում են տեղեկատվություն հավաքել, բայց եւ արձանագրել են. «Համանախագահները դատապարտում են Լեռնային ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` հակամարտության գոտում լարվածության հետագա աճը կանխելու համար»:
Ձեռք բերված պայմանավորվածությունների հնարավոր արդյունքների եւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կատարվող գործընթացների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:
-Պարո՛ն Տարասով, ինչպե՞ս եք գնահատում այս պայմանավորվածությունը: Սա կարո՞ղ ենք համարել որոշակի առաջընթաց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
-Իհարկե, կարելի է: Դա նշանակում է, որ Ադրբեջանը վերջապես համաձայնեց միջազգային դիտորդների ներկայությանը, իսկ դա էլ նշանակում է, որ գործընթացը տեղից առաջ է շարժվում: Այսպես շարունակելու դեպքում հետագայում եւս նման այլ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել: Դա նշանակում է, որ այն, ինչ խոսում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, դա լիակատար ապատեղեկատվություն է:
-Բայց ընդամենը 7-ով դիտորդների թիվն ավելացնելը կարո՞ղ է էապես փոխել իրավիճակը:
-Իհարկե, դա քիչ է: Սակայն ես կարծում եմ, որ դիտորդների թիվը հետագայում կարող է ավելանալ: Դիտորդների առկայությունը կրճատում է կողմերի համար ուժային միջոցների դիմելու հավանականությունը:
-Դա ուղղակի սիմվոլիկ թի՞վ է:
-Ո՛չ, նրանք այժմ իրավունք են ստանում: Եթե առաջ Հայաստանը մեղադրում էր Ադրբեջանին, Ադրբեջանն էլ Հայաստանին, ապա այժմ դիտորդների խոսքը գլխավոր կլինի, թե ով է խախտել հրադադարը:
-Իսկ ինչի՞ շնորհիվ հաջողվեց նման համաձայնության հասնել: Սա կարո՞ղ ենք համարել նաեւ ռուսական կողմի հաջողությունը:
-Անշուշտ: Սակայն դա միայն հայկական կողմի հաջողությունը չէ, այլ ընդհանուր առմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբինը: Այնտեղ ռուսական կողմ առանձին չկա, Մինսկի խումբն ընդհանուր է աշխատում: Դա նշանակում է, որ նրանք ինչ-որ բան են գտել Ադրբեջանի դեմ, այդ ուղղությամբ ճնշում են գործադրել, եւ Ադրբեջանն ուղղակի այլ ելք չի ունեցել: Ադրբեջանը մշտապես հակառակվում էր:
-Եթե հաշվի առնենք Մինսկի խմբի համանախագահների` մայիսի 18-ի հայտարարությունը, ապա կարո՞ղ ենք եզրակացնել, որ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում գործընթացում:
-Իհարկե, իհարկե: Մինսկի խումբը կարող է նաեւ այլ միջոցների դիմել եւ ունի նման իրավունք: Կոնֆլիկտն է այդպիսին, միայն մեկ շփումով ոչնչի չենք կարող հասնել: Ինչ-որ փոփոխություններ կան, մանրամասների մասին չեմ կարող ենթադրություններ անել, սակայն իմ կարծիքով դրանք մի որոշ ժամանակ հետո հայտնի կդառնան: Այժմ կարող ենք ենթադրություններ անել, տեսակետներ առաջ քաշել, սակայն ոչ փաստավորված: Ամեն դեպքում, դրական փոփոխություններն ակնհայտ են:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ` ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ԿՀԱՅՏՆԻ, ԹԵ ՈՉ

ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Մեծաձորում գյուղապետի ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 18-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երկուսն են` գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մաջիտ Ամոյանը եւ ՀՀԿ-ական Թեմուր Քալաշյանը:

Նշենք, որ Թեմուր Քալաշյանը 42 բնակիչ ունեցող Մեծաձորի դպրոցի պահակն է, եւ վեց տարի է, ինչ ՀՀԿ-ական է: Գյուղապետի ընտրությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց առաջադրված թեկնածուներից Թեմուր Քալաշյանի հետ:
-Պարո՛ն Քալաշյան, ինչո՞ւ եք առաջադրել Ձեր թեկնածությունը:
-Ասեմ` նախ գյուղի ճանապարհները նորմալ վիճակում չեն, ժողովուրդը մեծ դժվարությամբ է տեղափոխվում գյուղից գյուղ կամ գյուղից քաղաք: Մարդիկ անսարքին ճանապարհների պատճառով չեն կարողանում ժամանակին հասնել հիվանդանոց:
-Այլ խնդիրներ կա՞ն, որոնք նույնպես Ձեզ անհանգստացնում են…
-Չեմ գտնում ուրիշ խնդիրներ, միայն ճանապարհների խնդիրներն են: Նույնիսկ գյուղի բնակիչների մի մասը այդ խնդրի պատճառով թողել, հեռացել են, գնացել են արտերկիր:
-Գործող գյուղապետի հետ հարաբերությունները լարված են:
-Նորմալ են, նորմալ…
-Մտադի՞ր եք շարունակել պայքարը, թե՞ հետ եք վերցնելու Ձեր փաստաթղթերը:
-Կաշխատեմ մնալ մինչեւ վերջ: Սկզբում որոշել էի դնել, հետո հետ վերցնել, բայց դա դեռ պարզ չէ… 100 տոկոսանոց չէ:
-Իսկ մինչեւ առաջադրվելը պայմանավորվածություն ունեցե՞լ եք գործող գյուղապետի հետ:
-Ես ինքս եմ որոշել: Ո՛չ, չեմ պայմանավորվել իր հետ:
-Պարո՛ն Քալաշյան, ի՞նչ եք կարծում՝ քանի՞ ձայն կհավաքեք:
-Չեմ կարող ասել, կախված է ժողովրդից:
-Ձեզ ինչո՞ւ պետք է ընտրեն:
-Դե, ասեցի էլի, ճանապարհների հարցը լուծելու համար: Մարդիկ ինձ հարգում են, ես էլ իրենց:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ՔՐԳՈՐԾ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԴԵՄ
Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Դիլիջան քաղաքի ավագ դպրոցին առնչվող քրեական գործ է քննվում: Այն հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը): Սույն հոդվածը նախատեսում է 200-300 հազար դրամ տուգանք կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով կամ 2-3 ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում: Թեեւ քննվող քրեական գործը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, սակայն այն հարուցված է դեպքի, ոչ թե պաշտոնատար անձի վերաբերյալ: Չի բացառվում, թե հետագայում նշված հոդվածով մեղադրանք առաջադրվի Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արա Արամյանին: Մեր տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է այն պատճառով, որ դպրոցի աշակետներից մեկը երկար ժամանակով բացակայել է դասերից, սակայն դպրոցի ղեկավարությունը աչք է փակել դրա վրա: Հավելենք, որ Դիլիջանի ավագ դպրոցը գործում է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ներքո:

 

 

ՓՈՂԸ ՉԵՆ ՏՎԵԼ
Մայիս ամսվա ընթացքում Տավուշի մարզով անցնող միջպետական ավտոճանապարհին փոսային նորոգումներ կատարվեցին: Փոսալցումներն արվեցին անձրեւային եղանակի պայմաններում: Դա նշանակում է, որ ճանապարհի նորոգված հատվածը հետագայում նորից նորոգելու կարիք կարող է լինել, քանի որ անձրեւի պայմաններում ասֆալտի ծածկի կարկատանները լավ չեն կպչում: Ավտոճանապարհի նորոգման աշխատանքների համար պետական բյուջեից Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն Երկրորդ» ընկերությանը դեռեւս գումար չեն տրամադրել, խոստացել են փողը հատկացնել հուլիս ամսին: Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհը հրատապ վերանորոգման կարիք ունի, այդ ճանապարհին առկա է սողանքային գոտի: Նախկինում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ 2017թ. այդ ճանապարհը կնորոգվի: Տարին կիսվում է, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող նշված ճանապարհին նորոգման աշխատանքներ չեն կատարվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս