ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հավանաբար այս խանութում այնքան շատ են պարտքով ապրանք գնել, որ խանութպանը որոշել է կես կատակ-կես լուրջ տեղեկացնել, որ այլեւս պարտքով ոչինչ չի վաճառվում: Առաջին հայացքից զվարճալի գրություն է հիշեցնում, բայց սա փաստում է ՀՀ-ում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հայաստանյան ո՞ր պետական բուհերն ունեն իրենց կից քոլեջներ: Քոլեջներում ի՞նչ ֆակուլտետներ (բաժիններ) են գործում: Եվ խնդրում եմ ասել՝ ընդունելության համար դիմողը պետք է քննության մասնակցի՞, թե՞ դպրոցի գնահատականներով կարող է ընդունվել քոլեջ:

Լիաննա Մաթեւոսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելությունը ուսումնական հաստատություններում կատարվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի՝ 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը» N 254-Ն հրամանի համաձայն:
Հաստատությունում միջին մասնագիտական կրթության մասնագիությունների գծով ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքով, բացառությամբ արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի, որոնց համար նախատեսված է քննություն:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրա Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այս ուսումնական տարվա քննությունների դիմում-հայտերի գործընթացն արդեն ավարտվել է: Առաջին փուլով հայտագրվել է 9 հազար 737 դիմորդ, ովքեր ցանկանում են հանձնել միասնական քննություն: Նշենք, որ նախորդ տարվա համեմատ՝ միասնական քննություն հանձնողների թիվը նվազել է մոտ 1500-ով: Ի դեպ, առավել շատ են հայոց լեզու եւ գրականություն առարկայի գծով դիմորդները՝ 5 հազար 191, ամենաքիչը՝ համաշխարհային պատմություն առարկայի գծով՝ 88 դիմորդ: Ըստ մարզերի՝ ամենաշատ դիմորդները Երեւանից են՝ 3 հազար 101, ամենաքիչը՝ Վայոց ձորից՝ 243:

 

 

ՀԱՐՑ. Ես օգտվում եմ 2ա համարի ավտոբուսից: Խնդրում եմ ասեք՝ մտադիր չեք արդյո՞ք երկարացնել 2ա համարի ավտոբուսի երթուղին: Այն բավականին կարճ երթուղի է:

Արսեն Հարությունյան (48 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Երեւանի ներքաղաքային ավտոբուսային հ.2ա երթուղում, ցածր ուղեւորահոսքի պատճառով, շահագործվում է երկու ավտոբուս: Հաշվի առնելով շարժակազմի քանակը՝ երթուղու ուղեգծի երկարացումը կբերի շարժման միջակայքերի էլ ավելի մեծացմանը, հետեւաբար ուղեգծի փոփոխությունը ներկայումս նպատակահարմար չէ:
Ծարավ Աղբյուրի սպասարկման բարելավման հարցը կքննարկվի նոր երթուղային ցանցի մշակման ընթացքում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք՝ ընթացող քննարկումներից հետո կայացրած որոշումը կբխի քաղաքացիների, այլ ոչ թե գիծը սպասարկողների շահերից:




Լրահոս