Նախարարը խոստովանում է առկա խնդիրների մասին

Նախարարը խոստովանում է առկա խնդիրների մասին

Որքան էլ իշխանությունները փորձում են թաքցնել Հայաստանի տնտեսության վատ վիճակը, միեւնույն է, իրենց հայտարարություններն անուղղակի մատնում են իրականությունը: Այդ շարքից կարելի է համարել Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանի վերջին հայտարարությունները, երբ խոսում էր պետական բյուջեի եւ արտաքին պարտքի մասին: Վարդան Արամյանն օրինակ հայտարարել է, թե Հայաստանը պարտքի վճարունակության հետ կապված էական խնդիրներ չունի, եւ որպես հիմնավորում ասել է, թե դեռ նույնիսկ միջին պարտքի բեռ ունեցող երկրների թվում չենք: Բայց ուշադրություն դարձրեք Արամյանի գնահատականներին. նախարարը չի հերքել, որ պետական պարտքի վճարունակության հետ կապված խնդիրներ կան, պարզապես, նրա գնահատմամբ, դրանք էական չեն:

Իրականում այսպես Արամյանը փորձում է թաքցնել իրավիճակի լրջությունը, քանի որ Հայաստանի պետական պարտքն այս տարի անցել է 6 մլրդ դոլարի սահմանագիծը, եւ գումարի ավելացմանը զուգահեռ գնալով ավելացել է պարտքի սպասարկմանն ուղղվող միջոցների չափը. 2017թ. այդ նպատակով ծախսվելու է 245.8 մլն դոլար, 2018-ին` 268.9 մլն դոլար, 2019թ. 316.4 մլն դոլար, եւ, վերջապես, 2020թ. տրամադրվելու է 700 մլն դոլար,ինչն ի դեպ, ՀՀ պետական բյուջեի 28 տոկոսն է: Համաձայնվեք, ահռելի թիվ է, այն էլ` մի երկրի համար, որի պետական բյուջեն բավական փոքր է, իսկ բյուջեի դեֆիցիտը` բավական մեծ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ