Առաջիկայում կստեղծվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն առաջիկայում կստեղծի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արայիկ Խզմալյանը: Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի բնականոն գործունեության ապահովման նպատակով կառավարությունը կհատկացնի 30 մլն դրամ:

Նշված գումարից 27.6 մլն դրամը կտրվի տնօրինության թվով իննը աշխատողների երկրորդ կիսամյակի աշխատավարձ, իսկ 2.4 մլն դրամը` կոմունալ, կապի, ներքին գործուղումների, գրասենյակային նյութերի, վարչական այլ ծախսերի համար: Ըստ զբոսաշրջության պետական կոմիտեի` նոր հիմնադրամը միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ կհամագործակցի եւ կլուծի նպատակային միջոցառումների իրականացման համար հավելյալ ֆինանսական եւ անհրաժեշտ այլ միջոցներ ներգրավելու խնդիրները: Նշենք, որ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 մլրդ դոլարին համարժեք տարեկան եկամուտ: Կստացվի սա արդյոք զբոսաշրջության պետական կոմիտեին, ցույց կտա ժամանակը:




Լրահոս