Ինչպե՞ս է Սերգո Երիցյանի որդին հարստացել. «ոսկե երիտասարդի» ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 34-ամյա դատավոր Սարգիս Երիցյանն արագ տեմպերով հարստանում է: Տեղեկացնենք, որ նա լուծարվող Լեզվի պետական տեսչության պետ եւ Սերժ Սարգսյանի մտերիմ Սերգո Երիցյանի որդին է:

Այսպես, Սարգիս Երիցյանը 2011 թվականից մինչեւ 2016 թվականն աշխատել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Իսկ ահա անցած տարվա հունվարի 8-ին նշանակվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2011 թվականին Երիցյանն ունեցել է ընդամենը 1 մլն դրամ եւ 38 հազար 770 դոլար, իսկ որպես եկամուտ հայտարարագրել աշխատավարձ` տարեկան 1 մլն 840 հազար դրամի չափով: 2012 թվականին նրա դրամական միջոցները փոքր-ինչ ավելացել են. 38 հազար 768 դոլարը դարձել է 45 հազար 711 դոլար, իսկ 1 մլն 789 հազար դրամը`2 մլն 136 հազար դրամ: Եւ այսպես, երիտասարդ Երիցյանի դրամական միջոցները տարեց տարի սկսել են աճել: 2012 թվականին ունեցած ավելի քան 45 հազար դոլարը մեկ տարի անց վերածվել է 51 հազար դոլարի: Դրամական միջոցների ավելացում եղել է նաեւ 2013 թվականին:

Երիտասարդ դատավորի ունեցվածքն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ նա 2014 թվականին, երբ զբաղեցրել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, բավականին «նվերներ» է ստացել`10 մլն 378 հազար դրամի եւ 8000 եվրոյի չափով:

Եթե 2015 թվականին նա ունեցել է մոտ 41.5 մլն դրամ, ապա այն 2016 թվականին դարձել է 50 մլն 740 հազար դրամ, իսկ 146 հազար 81 դոլարը դարձել է 147 հազար 364 դոլար: Բացի այս, նա հայտարարգրել է 8000 եվրոն: Երիտասարդ դատավորը անցած տարեվերջին փոխառություն է ստացել 105 հազար դոլարի չափով: Ի դեպ, «ոսկե երիտասարդը» նոր պաշտոնին նշանակվելիս հայտարարագրել է երկու ավտոմեքենա` «Toyota Corolla» եւ «Toyota RAV»:

Անցած տարվա վերջին դատավորը որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը`8 մլն 281 հազար դրամ, որը ամսական կազմում է 690 հազար դրամ: Բացի այս, նա անցած տարվա ընթացքում որպես եկամուտ հայտարարագրել է ստացած ապահովագրական փոխհատուցումը`364 հազար դրամը եւ տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսը`640 հազար դրամը:

Ի դեպ, 34 տարեկան Երիցյանը մինչեւ դատավոր դառնալը հիմնականում պետական կառավարման համակարգում է աշխատել եւ ընդամենը 2 տարի` 2005-2007-ին, «Հայխնայբանկում» եղել է իրավախորհրդատու: Այսինքն` Երիցյան կրտսերը կամ երկու տարում հասցրել է բանկի միջոցներն իրենով անել, կամ էլ անհասկանալի է, թե որտեղից է այդքան գումար վաստակել:




Լրահոս