Մեքսիկան վայելեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում` Մեքսիկայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ, սեպտմեբերի 2-ին Մեխիկոյում կայացավ դասական համերգ: ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը և «Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ դաշնակահարուհի Անի Աթայանը ելույթ ունեցան Մեքսիկայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (The Orquesta Filarmónica de la UNAM): Հանդիսատեսին ներկայացվեց բավականին հագեցված և հետաքրքիր համերգային ծրագիր: Հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:

Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը վայելեց յուրաքանչյուր կատարումը, ինչի վկայությունն արտահայտված հիացմունքն էր և բուռն ծափողջյունները: Ի դեպ` համերգին ներկա էին մեծ թվով դիվանագետներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին մասնակցելու նպատակով Մեխիկո էր ժամանել նաև Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը:

Լինելով մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների դափնեկիր` համերգին մասնակցած պատանի երաժիշտ Անի Աթայանն արդեն իսկ գրանցում է տպավորիչ հաջողություններ: Անին Հայաստանը ներկայացրել էր նաև «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում և ելույթ ունեցել Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում:

Ուրախալի է, որ Մեքսիկայում Հայաստանի դեսպանատունը, ի դեմս դեսպան Արա Այվազյանի, մեծ ուշադրություն է հատկացնում նաև մշակութային ոլորտում երկու երկների միջև համագործակցության ամրապնդմանը և Հայաստանն այս ոլորտում ևս ավելի տեսանելի դարձնելուն։ Սա մեծ աշխատանք պահանջող նախաձեռնություն էր, որը կատարվեց բարձր մակարդակի վրա և մենք ունեցանք հնարավորություն` մեկ անգամ ևս ներկայացնելու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները արտերկրում: Ցանկալի կլիներ, որ նման խոշոր մշակութային միջոցառումները պարբերական բնույթ կրեին, և մեր արտիստները հետագայումս ևս հնարավորություն ունենաին ելույթ ունենալու տարբեր բեմերում` նպաստելով հայ մաշկույթի տարածմանն ու ճանաչմանը:

ՀՀ և ԼՀՂ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տաղանդավոր և շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների /Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան Դուբլին/ դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը:




Լրահոս