ՀՀ-ԵՄ պայմանագիրը կստորագրվի. ՀՀ-ում Լիտվայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը վստահ է, որ այս անգամ ՀՀ-ԵՄ պայմանագիրը կստորագրվի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեսպանը հիշեց 2013 թվականի վիլնուսյան գագաթնաժողովը եւ նշեց, թե դեռ այն ժամանակ էին բոլորը սպասում այդ պայմանագրի ստորագրմանը:

-Պարո՛ն Պետրիկաս, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ նշեց, թե ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրման համար ամեն ինչ պատրաստ է: Ի՞նչ եք կարծում՝ այն իսկապե՞ս կստորագրվի:

-Մենք ՀՀ-Եմ պայմանագրի մասին առաջին տարին չէ, որ խոսում ենք: Ես՝ որպես Լիտվայի դեսպան, իհարկե, հիշում եմ իմ ժամանումը Հայաստան` 2013 թվական եւ Վիլնուսյան գագաթնաժողով: Մենք, պետք է անկեղծ լինեմ, դեռ այն ժամանակ շատ սպասում էինք, ես ամբողջովին պատկերացնում եմ իրավիճակը:

Այդ պատճառով դա ինձ համար նորություն չէ, այլ շարունակություն: Իսկ շարունակությունն անդրադարձ կունենա մեր հարաբերությունների բոլոր ոլորտների վրա: Ես չեմ կարող աել, որ Լիտվան ավելի քան ուրախ է, եւ օրեր անց մենք Հայաստանի հետ մի քանի պայմանագիր կստորագրենք, որի մասին մի քանի տարի է, ինչ խոսվում է: Դա եւս մեկ անգամ փաստում է, թե որքան մոտ են եղել Հայաստանն ու Լիտվան եւ շարունակում են այդպիսին մնալ:

-Դուք նաեւ նշեցիք, որ առաջին անգամ չէ՝ խոսվում է այդ պայմանագրի մասին: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ տեղի ունեցավ մի քանի տարի առաջ:
-Ես կասկած չունեմ, որ այն կստորագրվի: Այդ մասին պաշտոնապես հրապարակվեց, ես միայն կարող եմ ասել, որ պայմանագիրը կստորագրվի: Ես լավատես եմ եւ չեմ կարծում, թե վերջին պահին ինչ-որ բան կարող է փոխվել:

-Հայտնի է, որ ՀՀ-ն հանդիսանում է ԵՏՄ անդամ, սակայն ԱԺ «Ելք» խմբակցությունն այս միությունից դուրս գալու գործընթաց է սկսել: Պե՞տք է այդպիսի քայլի դիմել, թե՞ կարող ենք համատեղել երկուսն էլ:

-ՀՀ-ԵՄ պայմանագիրն ուղղակի կամբողջացնի այն, ինչ ունենք: Այն չի խանգարում, միայն լրացնում է, իսկ դա լավ է Հայաստանի համար: Ես չեմ կարծում, թե պետք է դուրս գալ ԵՏՄ-ից:

-Խոսեցիք հայ-լիտվական հարաբերությունների զարգացման մասին: Զարգացման ինչ միտումներ եք տեսնում:

-Այն, որ միջկառավարական հանձնաժողովը հավաքվում է երկրորդ անգամ, դա արդեն շատ բանի մասին է խոսում: Ինձ համար շատ հաճելի է, որ տնտեսապես այդ ամենը նաեւ թվերի է վերածվում: Լիտվան միակ երկիրն է նախկին ԽՍՀՄ-ից, որից Հայաստան արտահանումը աճում է մշտապես: Հայաստանում դեսպանություն հիմնելուց տասը տարի անց այն աճել է 20 անգամ: Այս տարի եւս աճ ենք ակնկալում: Նույնը նաեւ հայկական ապրանքների մասին է, որոնք գալիս են լիտվական շուկա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս