Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվողի կյանքը վտանգված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թ. մայիսի 24-ին ՀՀ իրավապահ մարմինները հայտարարեցին քրեական հեղինակություն հանդիսացող Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) մահափորձը կանխելու մասին: Ավելի ուշ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորվեց Արկադի Քոչինյանը:

Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել այն մասին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող Արկադի Քոչինյանը ՔԿՀ-ի առավել ապահով մասից տեղափոխվել է այլ մաս, որտեղ նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին հայտնել է նաև ArmLur.am լրատվական կայքը՝ «Դոն Պիպոյի գործով կալանավորվածը տեղափոխվել է. որտեղ է նա գտնվում» հրապարակման մեջ: Դրանում նշվում է, որ Արկադի Քոչինյանին մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց:

Ավելի վաղ դա կանխելու համար կալանավորը նաև հացադուլի էր դիմել: Ստացված տեղեկատվության հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017թ. հոկտեմբերի 6-ին գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ՝ Արկադի Քոչինյանի կյանքի ու առողջության պաշտպանության համար անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և վերջինիս անվտանգությունն ապահովելու հարցով:

ArmLur.am-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացավ, որ ՀՀ Արդարադատության նախարարությունից դեռևս չեն արձագանքել, սակայն Արկադի Քոչինյանի ծնողները նույն խնդրի մասին արդեն երկրորդ անգամ են ահազանգում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:

Վերջիններս հայտնում են, որ նա գտնվում է վատ վիճակում, նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, որը կարող է տեղի ունենալ նույնիսկ ժամերի ընթացքում: Նշենք, որ օրեր առաջ ահազանգերի հետքերով կալանավայր այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին չեն թույլատրել հանդիպել Արկադի Քոչինյանի հետ՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից նրա հետ տեսակցությունների սահմանափակման մասին որոշում է կայացվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Եթե Արկադի Քոչինյանը սպանվի, կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության և Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությունը:




Լրահոս