ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում բուռն կերպով քննարկվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» հայտնի օրենքը: Խորհրդարանական լսումները կազմակերպել էր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հենց բացման խոսքում կոչ արեց տարբեր տեսակետներ ունեցողներին կոռեկտ լինել եւ հարցերը չտեղափոխել վիրավորանքների դաշտ, ինչպես եղել էր նախորդ հանրային քննարկման ժամանակ:

Խորհրդարանում նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն էր, ով ելույթ ունենալիս նշեց, թե օրենքին դեմ անձինք ոչ հստակ ընկալում ունեն եւ վերացական հարցադրումներ են անում: «Իրականում որեւէ արտառոց, որեւէ սենսացիոն օրենսդրական կարգավորումներ այստեղ առաջարկված չեն, համապատասխան օրենսդրություն ունի աշխարհի 120 պետություն, այդ թվում այնպիսի պետություններ, որտեղ ընտանիքն արժեք է իսկապես»,-նշեց նա: Եվ չնայած այդ հանգամանքին՝ օրենքի նախագիծը խորհրդարանում եւս բուռն քննարկման արժանացավ:
Քննարկումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին:
-Պարո՛ն Քոչարյան, ի՞նչ փոփոխություններ են հնարավոր նախագծում՝ հաշվի առնելով այն կարծիքները, որ հնչեցին խորհրդարանում:
-Բազմաթիվ հարցադրումներ եղան, ես չէի առանձնացնի որեւէ մեկը: Ինձ թվում է՝ մարդիկ ստացան սպառիչ պատասխաններ: Ընդհանուր առմամբ գնահատելով քննարկումը՝ դրական կհամարեի, քանի որ հնարավորություն է ընձեռում եւ ինչ-որ առաջարկություններ առաջ քաշելու առումով: Օրենքի նախագծի հետ կապված աշխատանքները շարունակվում են, եւ քննարկումը ես գնահատում եմ որպես դրական քայլ: Փոփոխությունները պետք է պայմանավորված լինեն բովանդակային առաջարկություններով, եւ այս պահին էական եւ ոչ էական փոփոխությունների վերաբերյալ զրույցը ոչ առարկայական է: Ամեն դեպքում, եթե լինեն այնպիսի առաջարկություններ, որոնք ուղղված են օրենքի կարգավորմանը, իհարկե, դրանք կընդունվեն: Իհարկե, քննարկման իմաստը հենց կայանում է նրանում, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք գտնել օպտիմալ լուծումներ մեր առջեւ ծառացած խնդիրների համար:
-Քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նկատեց՝ կարծես թե կաշկանդված եւ պարտադրված եք այդ օրենքը զեկուցում: Իրականում այդպե՞ս է, Դուք ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր կողմից ներկայացված նախագծին:
-Ես կողքից իմ ելույթը չեմ նայում, գնահատականներ տալ՝ կաշկանդված եմ, թե չէ, չեմ կարող: Իսկ ինչ վերաբերում է իմ անձնական տեսակետին, ապա ես ասացի, որ եթե ես համոզված չլինեի օրենսդրական կարգավորումների արդյունավետության վերաբերյալ, ապա այս քննարկմանը չէի լինի:
-«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ իր խոսքում նշեց, թե նախագծի համաձայն՝ ոստիկանությունը, որպես կանխարգելիչ միջոցառում, իրավունք ունի արգելել ծնողի եւ երեխայի տեսակցությունը, եւ նշեց, թե չե՞ք կարծում, որ սա հակասում է ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածին: Հակասահմանադրական տարր չկա՞:
-Ես ուզում եմ հստակ ամրագրենք, որ Սահմանադրության որեւէ դրույթի խախտման վերաբերյալ խոսք լինել չի կարող: Սահմանադրությունը հստակ նախատեսում է այն հիմքերը, որոնց հիման վրա կարող են սահմանափակվել որոշակի իրավունքներ: Խոսքը գնում է հանցագործությունների կանխարգելման եւ այլ անձանց պաշտպանության մասին: Ինչպես տեսնում եք՝ հենց այս ձեւակերպումը համապատասխանում է վերնագրի հետ: Որեւէ խնդիր այդ դեպքում չի կարող լինել:
-Ի վերջո, այս օրենքն ավելի՞ն կարող է անել, քան անում է ոստիկանությունը: Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ առանձին կարգավորում ունենալ:
-Մեր ոստիկանությունը ներկայումս չի կարող գործուն քայլեր ձեռնարկել ընտանեկան բռնության ենթարկվածների պաշտպանության համար, քանի որ համապատասխան լիազորություններ նա չունի: Այս օրենքը նախատեսում է համապատասխան մեխանիզմներ, թե ինչպես է դա հնարավոր անել: Իսկ ինչ վերաբերում է կանխարգելիչ գործառույթներին, որի մասին եւս բարձրաձայնվեց, ապա երկու մակարդակով է դա նախատեսվում: Մեկը կանխարգելման խորհրդի գործունեության շնորհիվ է լինելու, որը կնախատեսի համապատասխան ծրագրերի ընդունում եւ իրականացում տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ գործնական աշխատանք եւ գործուն մեխանիզմներ՝ ընտանեկան բռնության կանխարգելման գործուն մեխանիզմներ, որպեսզի թույլ չտա, որ իրավիճակը բարդանա, եւ ունենանք հանցագործություն:
-Իսկ ինչո՞ւ է օրենքն անրաժեշտություն:
-Այո՛, եթե մենք համոզված չլինեինք անհրաժեշտության մասին, ապա մենք այս օրենքը չէինք բերի՝ ակնկալելով կամ հասկանալով այն արձագանքը, որը սպասվում էր: Եթե անհրաժեշտությունը չլիներ, շատ երկար կմտածեինք այն բերելուց առաջ:

 

 

 

 

ԻՆՉՈՒՄ ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Նախօրեին Ժնեւում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպման շուրջ քննարկումները չեն դադարում: Երեկ էլ պաշտոնական Բաքուն Սերժ Սարգսյանին մեղադրել է ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ, ինչին հետեւել է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը:

Նախ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը թվիթերի իր էջում գրել էր. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է» հայտարարությամբ Սերժ Սարգսյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները: «Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են, որ ամփոփիչ հայտարարությունից բացի՝ այլ հայտարարություններ չեն լինելու, Սերժ Սարգսյանը նման խոստում է տվել, որը, սակայն, չի պահել», – գրել է նա:
Նշենք, որ խոսքը Սերժ Սարգսյանի՝ Շվեյցարիայի հայերի հետ հանդիպման ժամանակ ասված հետեւյալ խոսքերն են եղել. «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:
Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքերին արձագանքել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ով իր միկրոբլոգում գրել է. «Բաքվեցի ժամկետանց չինովնիկը նորից բաց թողեց լռելու եւ այդպիսով իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը»:
Բայց հարցն այն է, որ Սարգսյանի այդ հայտարարության մեջ որեւէ նոր բան չկա: Առավել եւս այն վեց սկզբունքները, որոնց շուրջ ակնկալվում է հարցի լուծումը, վաղուց հայտնի է բոլորին, եւ այդ մասին քանի տարի է՝ արդեն խոսվում է: Ինչու է այդպես անհանգստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Սերժ Սարգսյանն ընդամենը խոսել է խաղաղության մասին: Միգուցե այնպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց բացահայտումը ձեռնտու չի լինի հենց ադրբեջանական կողմին, եւ նման հայտարարություններով փորձ է արվում թաքցնել այդ ամենը: Սակայն, իսկապես, վաղուց ժամանակն է ավելի բաց խոսել բանակցությունների ընթացքի մասին:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԴՐԱԾՈՆ, ԺԱՄԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՌՈՒԲԼԻՆԵՐԸ
Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Անդրանիկ Հարությունյանը, պարզվում է, բավական լուրջ ունեցվածքի տեր է. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա ունի մեկ բնակարան, ինքնակամ կառույցներ, երկու հողամաս, մեկ ավտոտնակ եւ երկու հատ ավտոմեքենաներ՝ «Mercedes-Benz 200», «Lexus LX 570» մակնիշի: Նա հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող մեկ ժամացույց: Իսկ դրամական միջոցները կազմում են 23 մլն դրամ, 265 հազար դոլար եւ 10.5 մլն ռուսական ռուբլի: Որպես եկամուտ Հարությունյանը հայտարարագրել է աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 22 մլն 380 հազար դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ 40-ամյա Հարությունյանը աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում եւ ԱԺ-ում համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի դրածոն: Ինչով էլ պայմանավորված է Կոտայքի մարզում ՀՀԿ-ականների շրջանում երկրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքը: Չէ՞ որ Անդրանիկ Հարությունյանը ստացած ձայներով առաջ էր անցել այնպիսի կարկառուն ՀՀԿ-ականներից, ինչպիսիք Արամ Հարությունյանն ու Վարդան Այվազյանն էին:

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԿԱԼԱՆԱՎՈՐՆ Է ՎԱԽԵՆՈՒՄ
Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվածները հերթով ահազանգում են, որ մտահոգված են իրենց կյանքի եւ անվտանգության համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով կալանավորված Զոհրապ Ղումաշյանի հարազատները եւս մտահոգություն են հայտնել նրա անվտանգության մասով: Երեկ անդրադարձել էինք, որ Արկադի Քոչինյանի հարազատներն էլ դիմել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ եւ խնդրել օգնել՝ նշելով, որ վախենում են նրա կյանքի համար: Նշենք, որ Արկադի Քոչինյանը եւ Զոհրաբ Ղումաշյանը Վանաձոր քաղաքի բնակիչներ են:

 

 

ՈՐՈՇԵԼ ԵՆ
Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո ձեւավորված աշխատանքային խումբը կարծես թե վերջնական համաձայնության է եկել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը նշեց, որ աշխատանքային խումբը որոշում է կայացրել տեղադրել խաչքարը, սակայն միայն երեք տարի հետո: Նրա խոսքով՝ դա կապված է եկեղեցու վերանորոգման աշխատանքների ավարտի հետ: Ինչպես հայտնի է՝ Գումբուրդո գյուղում բախում էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ բնակիչները ցանկացել էին եկեղեցու բակում խաչքար տեղադրել: Միջադեպից հետո ձեւավորված աշխատանքային խումբը երկար ժամանակ քննարկումներ էր անցկացնում, եւ ահա վերջնական որոշումը կարծես թե ընդունված է: Միայն թե դժվար է ասել՝ այն ինչպես կընդունվի գումբուրդցիների կողմից:

 




Լրահոս