ՀՀԿ-ականների պայքարն ընդդեմ գլխավոր վերահսկիչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներպալատական հակասությունների արդյունքում ստացվել է այնպես, որ Սերժ Սարգսյանի հրամանագրերը պարզապես չեն կատարվում:

Ինչպե՞ս, բացատրենք: 2016թ. փետրվարի 10-ին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից հետո իրավական ապահովման գործընթացը կազմակերպելու մասին հրամանագիր էր ստորագրել՝ սահմանելով ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Ըստ այդ հրամանագրի՝ հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծը պետք է մշակեր ու մինչեւ 2017թ. հոկտեմբերի 1-ը ԱԺ ներկայացներ ՀՀ արդարադատության նախարարությունը վերահսկիչ պալատի հետ՝ վերջինիս համաձայնությամբ:

Բայց արի ու տես, որ չնայած Ս. Սարգսյանի հրամանագրին, այս օրինագիծը մշակելու գործառույթն իրենց ձեռքն էին վերցրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանն ու Գալուստ Սահակյանը` արդարադատության նախարարությանը պարզապես հեռացնելով այդ գործընթացից: Արդյունքում, ստացվել է այնպես, որ Սերժ Սարգսյանի հրամանագիրը չի կատարվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից այսպես են մեկնաբանել կատարվածը. ««Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար թեեւ որպես մշակող իրավասու մարմին սահմանված է ՀՀ արդարադատության նախարարությունը, այնուամենայնիվ, նշված օրենքի նախագիծը մշակվել էր ՀՀ ԱԺ-ում կազմավորված աշխատանքային խմբի կողմից եւ պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված է եղել 5-րդ գումարման ԱԺ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության ոչ նպատակահարմար էր նույն օրենքի մշակումը երկու մարմինների կողմից, ուստի ՀՀ արդարադատության նախարարությունը միայն հետեւել է նախագծի կարգավորումներին եւ տվել իրավական ակտի նախագծի պետական իրավական փորձագիտական եզրակացություն»:

Թե ինչո՞ւ է են ՀՀԿ-ական պատգամավորները ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ այսկերպ վարվել, դժվար չէ ենթադրել: Բանն այն է, որ դեռ 2012-2013 թվականից Գագիկ Մինասյան-Սամվել Նիկոյան պատգամավորական զույգն անուղղակի պատերազմի մեջ է վերահսկիչ պալատի հետ: Ու հարմար պահի, իրենց ձեռքը վերցնելով «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքը հեղինակելու նախաձեռնությունը /նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո ՎՊ-ն կվերանվանվի հաշվեքննիչ պալատի/, նրանք փորձել են հնարավորինս սահմանափակել այս կառույցի լիազորություններն ու անկախությունը:

ՎՊ-ի հետ նրանց հակամարտությունը խորը արմատներ ունի. 2012-2013թթ. ՎՊ-ն «համարձակվել էր» չարաշահումներ բացահայտել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա թիմի նախարարների գործունեության ոլորտում: Եւ այն ժամանակ վարչապետ Տ. Սարգսյանին մերձավոր համարվող պատգամավորներն էլ ԱԺ-ում գրոհ էին կազմակերպել ՎՊ-ի դեմ:

Թվում էր` ՀՀԿ-ական այս երկու պատգամավորները սեւեռված են ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի դեմ: Բայց այս տարի փոխվեց ՎՊ նախագահը. հիմա կառույցը ղեկավարում է Լեւոն Յոլյանը: Չնայած սրան, Մինասյան-Նիկոյան զույգն, այնուամենայնիվ, շարունակում է իր «պայքարը», ասել է, թե նրանց խնդիրը Պալատի հետ է, ոչ թե առանձին պաշտոնյաների: Թե ո՞ւմ դրդմամբ են հիմա նրանք սա անում, դժվար է միանշանակ պնդել:

Ինչեւէ, չնայած Սահմանադրության համաձայն՝ հաշվեքննիչ պալատը պետք է լինի անկախ մարմին, որպեսզի կարողանա վերահսկի բյուջետային միջոցների ծախսերը, բայց ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած նախագծում փորձ է արվել հնարավորինս այս կառույցին սեղմ լիազորություններ տալ: «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարություն, քննարկվել եւ հաստատվել վերջին նիստում: Ու պարզվում է` կառավարությունը բավական լուրջ վերապահումներ ու առաջարկներ է ներկայացրել ձեւակերպումների վերաբերյալ՝ վերհանելով պատգամավորների բացթողումները:

Մասնավորապես կառավարությունն առաջարկել է օրինագծի 3-րդ հոդվածը վերաշարադրել ՀՀ Սահմանադրությամբ հաշվեքննիչ պալատին տրված լիազորությունները հաշվի առնելիս: «Սահմանադրության 198-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը ոչ թե հոդվածում նշված գործընթացների օրինականության եւ արդյունավետության նկատմամբ տեղեկատվության ներկայացումն է, այլ այդ գործընթացների օրինականության եւ արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն իրականացնելը եւ դրա վերաբերյալ արժանահավատ ու անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելը»:

Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորները հաշվեքննիչ պալատին ցանկացել են ընդամենը տեղեկատվություն ներկայացնողի գործառույթ՝ «մոռանալով» խոսել հաշվեքննություն իրականացնելու լիազորությունների մասին: Այս «բացթողումը», թերեւս, պատահական չէ: Պատգամավորներն այնքան են ջանացել սահմանել ու սեղմել հաշվեքննիչ պալատի լիազորությունները, որ արդյունքում ստացվել է՝ նույն միտքը կրկնել են մի քանի անգամ. «Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում են հաշվեքննիչ պալատի գործունեության իրականացման սկզբունքները, մինչդեռ գործունեության սկզբունքներն արդեն իսկ նախատեսված են նախագծի 2-րդ գլխի դրույթներում: Այս առումով նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի խմբագրությունը քննարկման առարկա է: Կարծում ենք, որ նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը պետք է գնա հաշվեքննության իրականացման սկզբունքների մասին»,- ասված է կառավարության եզրակացության մեջ:

Սրանք բովանդակային հիմնական վերապահումներն են, որ ներկայացրել է կառավարությունը պատգամավորների օրինագծի վերաբերյալ: Անհասկանալի է, սակայն, մի բան, եթե այս ընթացքում ԱՆ-ն հետեւել է նախագծի կարգավորումներին, ինչպե՞ս է ստացվել, որ պատգամավորները նման տեքստ են պատրաստել: Չի բացառվում, որ ԱԺ-ում այս նախագծի քննարկումների ժամանակ այլ անհասկանալի դրույթներ էլ ի հայտ գան. համենայն դեպս, նախագիծն ընդգրկված է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում, եւ հեղինակները նաեւ պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն՝ ընդունում եւ կատարում են կառավարության ներկայացրած դիտողությունները, թե ոչ: Նաեւ այդ օրը հետաքրքիր է նախագծի շուրջ ՎՊ-ի դիրքորոշումը:

Հ.Գ. Ի դեպ, այս նախագիծը փորձաքննության է ենթարկվել ԱԺ իրավաբանական եւ տնտեսագիտական վարչություններում: Ու չնայած նախագծում առկա իրավաբանական կոպիտ սխալներին, «Իրավական ակտերի մասին» օրենքի հետ անհամապատասխանություններին, ԱԺ իրավաբանական վարչությունն այդպես էլ չի մատնանշել այդ ամենն ու չի առաջարկել ուղղել. միայն կառավարության եզրակացության մեջ են թվարկված խնդիրները՝ մոտ երեք էջի սահմաններում:

Հետաքրքիր է՝ ինչո՞վ է զբաղված ԱԺ համապատասխան վարչությունը, եթե նախագծի հեղինակներին չի առաջարկում նման սխալներն անգամ ուղղել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս